1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ. Chapter 11

1 Նմանուեցէ՛ք ինձ, ինչպէս որ ես՝ Քրիստոսին։
2 Գովում եմ ձեզ, որ յիշում էք ինձ ամէն ինչում եւ պահում էք աւանդած բաները, ինչպէս որ աւանդեցի ձեզ։
3 Ուզում եմ, որ դուք իմանաք, թէ ամէն մարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ մարդը եւ Քրիստոսի գլուխը՝ Աստուած։
4 Ամէն տղամարդ, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ եւ գլուխը ծածկած պահի, անպատւում է իր գլուխը։
5 Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը. որովհետեւ այնպէս է համարւում, թէ իբր գլուխն ածիլուած լինի.
6 քանզի, եթէ կինը քօղով չի ծածկւում, թող կտրի իր մազերը։ Իսկ եթէ ամօթ է կնոջ համար մազը կտրել կամ ածիլել, թող քօղով ծածկուի։
7 Պէտք չէ, որ տղամարդը իր գլուխը ծածկի, որովհետեւ նա պատկերն ու փառքն է Աստծու. իսկ կինը ի՛ր մարդու փառքն է.
8 որովհետեւ ոչ թէ մարդն է կնոջից, այլ կինը՝ մարդուց.
9 քանզի մարդը չստեղծուեց կնոջ համար, այլ կինը՝ մարդու համար։
10 Դրա համար կինը պարտաւոր է քօղ դնել գլխին, հրեշտակների պատճառով։
11 Բայց կինն առանց մարդու եւ մարդն առանց կնոջ չկան ի Տէր.
12 որովհետեւ, ինչպէս որ կինը մարդուց է, այնպէս եւ մարդը՝ կնոջ միջոցով, եւ ամէն ինչ՝ Աստծուց։
13 Եւ դուք ինքնե՛րդ դատեցէք. վայե՞լ է կին արարածին գլխաբաց աղօթքի կանգնել Աստծու առաջ։
14 Եւ բնութիւնն իսկ չի՞ ուսուցանում ձեզ, որ, եթէ մարդը երկար մազերով է, այդ անարգանք է իրեն.
15 բայց կինը, եթէ երկար մազերով է, այդ պատիւ է իրեն. որովհետեւ մազերը քօղի փոխարէն են տրուած նրան։
16 Իսկ եթէ մէկն ուզում է առարկել, մենք չունենք այդպիսի սովորութիւն, ոչ էլ՝ Աստծու եկեղեցիները։
17 Բայց այս բանը պատուիրում եմ, ոչ որպէսզի ձեզ գովեմ. որովհետեւ ոչ թէ դէպի լաւը, այլ դէպի վատթարն են գնում ձեր հաւաքոյթները։
18 Նախ՝ երբ ի մի վայր էք ժողովւում եկեղեցում, լսում եմ, թէ բաժանումներ կան ձեր մէջ. եւ մասամբ հաւատացի։
19 Բայց պէտք է, որ հերձուածներ էլ լինեն ձեր մէջ, որպէսզի ձեր միջից նրանք, որ ընտիր մարդիկ են, երեւան։
20 Եւ արդ, երբ դուք միասին հաւաքւում էք, Տիրոջ տունը ձեզ համար հաց ուտելու տեղ չէ.
21 որովհետեւ իւրաքանչիւր ոք առաջ է ընկնում իր ընթրիքն ուտելու. մէկը՝ քաղցած է, իսկ միւսը՝ արդէն հարբած։
22 Միթէ տներ չունէ՞ք ուտելու եւ խմելու համար։ Կամ՝ Աստծու եկեղեցի՞ն էք արհամարհում եւ ամաչեցնում չքաւորներին։ Ի՞նչ ասեմ, գովե՞մ ձեզ դրա համար։ Չեմ գովում.
23 որովհետեւ ես ընդունեցի Տիրոջից, ինչ որ աւանդեցի ձեզ. այն՝ որ Տէր Յիսուս, այն գիշերը, երբ մատնուեց, հաց վերցրեց,
24 գոհութիւն մատուցեց, կտրեց եւ ասաց. Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է. արէ՛ք այս իմ յիշատակի համար։
25 Նոյն ձեւով էլ ընթրիքից յետոյ վերցրեց բաժակը եւ ասաց. Այս բաժակը նոր ուխտ է իմ արիւնով. արէ՛ք այս իմ յիշատակի համար, քանի անգամ էլ որ խմէք։
26 Քանի անգամ որ այս հացն ուտէք եւ այս բաժակը խմէք, պատմեցէ՛ք Տիրոջ մահը, մինչեւ որ նա գայ։
27 Ահա թէ ինչու, ով որ ուտի այս հացը կամ խմի Տիրոջ այս բաժակն անարժանօրէն, պարտական պիտի լինի Տիրոջ մարմնին եւ արեանը։
28 Թող մարդ նախ ինքն իրե՛ն փորձի եւ ապա ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից.
29 որովհետեւ, ով ուտում է եւ խմում անարժանօրէն, իր իսկ դատապարտութիւնն է ուտում եւ խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ մարմինը։
30 Դրա համար իսկ ձեր մէջ բազում հիւանդներ եւ ցաւագարներ կան, եւ շատերն էլ մեռած են.
31 որովհետեւ, եթէ մե՛նք մեզ քննէինք, ապա չէինք դատապարտուի։
32 Իսկ եթէ դատւում ենք, Տիրոջից խրատւում ենք, որպէսզի աշխարհի հետ չդատապարտուենք։
33 Եղբայրնե՛ր, ուրեմն, երբ ի մի հաւաքուէք ուտելու, սպասեցէ՛ք միմեանց։
34 Իսկ եթէ մէկը քաղցած լինի, իր տանը թող ուտի, որպէսզի դատապարտութեա՛ն համար հաւաքուած չլինէք։ Իսկ մնացած պատուէրները, երբ որ գամ, այն ժամանակ կը հաղորդեմ։