1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ. Chapter 14

1 Սիրոյ հետամո՛ւտ եղէք եւ առաւել եւս նախանձախնդի՛ր եղէք հոգեւոր շնորհներին, մանաւանդ մարգարէութիւն անելու.
2 որովհետեւ, ով որ լեզուներ է խօսում, մարդկանց հետ չի խօսում, այլ՝ Աստծու հետ. քանզի չկայ մէկը, որ հասկանայ իրեն, բայց նա Հոգով արտայայտում է խորհուրդներ։
3 Իսկ նա, ով մարգարէանում է, մարդկանց հետ է խօսում ի շինութիւն, ի մխիթարութիւն եւ ի սփոփանք։
4 Ով լեզուներ է խօսում, ինքն իրեն է հաստատում, իսկ ով մարգարէանում է, ամրացնում է եկեղեցի՛ն։
5 Կամենում եմ, որ դուք ամէնքդ էլ լեզուներ խօսէք. աւելին՝ որ մարգարէանաք. որովհետեւ նա, ով մարգարէանում է, աւելի լաւ է, քան նա, ով լեզուներ է խօսում. միայն թէ նա թող բացատրի, որպէսզի եկեղեցին ամրանայ։
6 Իսկ այժմ, եղբայրնե՛ր, թէ գամ ձեզ մօտ լեզուներ խօսելով, ինչո՞վ օգտակար կը լինեմ ձեզ, եթէ չխօսեմ կա՛մ յայտնութեամբ, կա՛մ գիտութեամբ, կա՛մ մարգարէութեամբ, կա՛մ վարդապետութեամբ։
7 Այնպէս, ինչպէս որ անշունչ գործիքները ձայն ածեն, լինի փող թէ քնար. որովհետեւ, եթէ տարբեր ձայներ չարձակեն, ինչպէ՞ս պիտի իմացուի, թէ փողն է զարկում, կամ քնարն է հնչում.
8 քանզի եթէ շեփորը անորոշ ձայն արձակի, ո՞վ կը պատրաստուի պատերազմի։
9 Նոյնպէս եւ դուք. եթէ լեզուներով յստակ չդարձնէք խօսքը, ինչպէ՞ս կը հասկացուի խօսուածը. որովհետեւ դրանով դուք նման կը լինէք մի մարդու, որ օդի մէջ է խօսում։
10 Այնչափ լեզուների տեսակներ կան աշխարհում, բայց չկայ ոչինչ աննշանակ։
11 Իսկ արդ, եթէ չգիտենամ լեզուի նշանակութիւնը, օտար կը լինեմ նրա համար, ով կը խօսի ինձ հետ. եւ նա, ով կը խօսի ինձ հետ, օտար կը լինի ինձ համար։
12 Այսպէս էլ՝ դուք, քանի որ նախանձախնդիր էք հոգեւոր շնորհների, ջանացէ՛ք առաւել եւս հարստանալ նոյն շնորհներով ի շինութիւն եկեղեցու։
13 Ուստի, նա, ով լեզուներ է խօսում, թող աղօթի, որ կարողանայ էլ մեկնել։
14 Եթէ աղօթում եմ օտար լեզուով, իմ հոգին է աղօթում, բայց իմ միտքը անպտուղ է։
15 Իսկ արդ, ի՞նչ. պիտի աղօթեմ հոգով, պիտի աղօթեմ նաեւ մտքով։ Սաղմոս պիտի ասեմ հոգով, սաղմոս պիտի ասեմ եւ մտքով։
16 Ապա թէ ոչ, եթէ հոգով օրհնաբանես, նա, ով անգէտ մարդու վիճակում է, քո գոհաբանութեան ժամանակ ինչպէ՞ս ասի. Ամէն. քանզի, ինչ որ դու ասում ես, նա չի հասկանում.
17 թէեւ դու լաւ ես գոհութիւն մատուցում, բայց ընկերդ հոգեպէս չի հաստատւում։
18 Գոհութիւն Աստծու. ձեր բոլորից աւելի շատ լեզուներ եմ խօսում.
19 բայց, որպէսզի ուրիշներին էլ սովորեցնեմ, եկեղեցու մէջ կամենում եմ հինգ խօսք խօսել խելքով, քան բազում խօսքեր՝ լեզուով։
20 Եղբայրնե՛ր, մտքով երեխայ մի՛ եղէք, այլ եղէ՛ք երեխայ չարութիւն գործելու մէջ, բայց մտքով եղէ՛ք չափահաս.
21 քանզի օրէնքի մէջ էլ գրուած է.
22 Ապա ուրեմն, լեզուները նշան են. բայց ոչ հաւատացեալների, այլ՝ անհաւատների համար. իսկ մարգարէութիւնը ոչ թէ անհաւատների համար է, այլ՝ հաւատացեալների։
23 Իսկ եթէ ամբողջ եկեղեցին ի մի վայր հաւաքուի, եւ բոլորն էլ լեզուներ խօսեն, եւ այնտեղ մտնեն անգէտներ ու անհաւատներ, չե՞ն ասի, թէ՝ դուք գժուել էք։
24 Իսկ եթէ բոլորն էլ մարգարէանան, եւ այնտեղ մի անհաւատ կամ անգէտ մտնի, կը յանդիմանուի բոլորից եւ բոլորից կը հարցապնդուի,
25 ու նրա սրտի գաղտնիքները յայտնի կը լինեն. եւ ապա երեսի վրայ ընկած՝ կ՚երկրպագի Աստծուն ու կը խոստովանի, թէ՝ արդարեւ ձեր մէջ է Աստուած։
26 Եւ արդ, ի՞նչ անել, եղբայրնե՛ր։ Երբ ի մի վայր հաւաքուէք, ձեզնից իւրաքանչիւրը՝ շնորհ ունենայ սաղմոս երգելու թէ ուսուցանելու, Աստծու յայտնութիւնը բերելու թէ լեզուներով խօսելու, կամ խօսուածը թարգմանելու, թող այդ բոլորը լինի ի շինութիւն եկեղեցու։
27 Թէ լեզուներ են խօսում, - երկու կամ ամենաշատը երեք հոգի, - թող մէկ-մէկ խօսեն, եւ թող մէկն էլ թարգմանի։
28 Իսկ եթէ չլինի մէկը, որ թարգմանի, թող լուռ մնան եկեղեցում. իրենց մտքում եւ Աստծու հետ թող խօսեն։
29 Բայց թող երկու կամ երեք մարգարէներ խօսեն մէկ-մէկ, իսկ միւսները թող քննեն։
30 Իսկ եթէ նստածներից մէկը մի յայտնութիւն ունի անելու, առաջինը թող լռի.
31 քանզի կարող էք բոլորդ էլ մէկ առ մէկ մարգարէանալ, որպէսզի բոլորն էլ սովորեն եւ բոլորն էլ մխիթարուեն.
32 քանի որ մարգարէութեան հոգին ենթարկւում է մարգարէացողին.
33 որովհետեւ Աստուած խռովութեան Աստուածը չէ, այլ՝ խաղաղութեան։
34 Ինչպէս որ է Աստծու բոլոր եկեղեցիներում, կանայք թող լուռ մնան եկեղեցու մէջ, որովհետեւ թոյլատրուած չէ նրանց խօսել, այլ՝ հնազանդ լինել, ինչպէս օրէնքն էլ ասում է։
35 Իսկ եթէ ուզենան մի բան սովորել, տանը թող իրենց մարդկանց հարցնեն. քանզի կին արարածի համար անպատեհ է խօսել եկեղեցում։
36 Միթէ ձեզնի՞ց ելաւ Աստծու խօսքը եւ կամ թէ միայն ձե՞զ հասաւ։
37 Իսկ եթէ մէկը ինքն իրեն կարծում է մարգարէ կամ տէր՝ հոգեւոր շնորհի, թող իմանայ, թէ ինչ որ գրեցի ձեզ, Տիրոջ պատուիրաններն են։
38 Իսկ եթէ մէկն անգիտանայ դրանք, նա թող անտեսուի եկեղեցուց։
39 Ուրեմն, եղբայրնե՛ր, նախանձախնդի՛ր եղէք մարգարէանալու եւ լեզուներ խօսելը մի՛ արգելէք.
40 եւ ձեր ամէն ինչը պարկեշտութեամբ եւ ըստ կարգի թող լինի։