ՆԷԵՄԻ. Chapter 9

1 Նոյն ամսի քսանչորսին իսրայէլացիները հաւաքուեցին ու սկսեցին ծոմ պահել, քուրձ հագան ու մոխիր լցրին իրենց գլուխներին։
2 Իսրայէլացիները զատուեցին բոլոր այլազգիներից ու քաւեցին իրենց եւ իրենց հայրերի մեղքերը։
3 Նրանք կանգնած էին իրենց տեղերում՝ ըստ սահմանուած կարգի։ Եզրասը կարդում էր Տէր Աստծու Օրէնքի գիրքը, եւ ամբողջ ժողովուրդը երկրպագում էր իր Տէր Աստծուն։
4 Նրանք կանգնած էին բարձրադիր մի տեղում։ Եզրասը, ղեւտացիները,Յոսեդեկի որդի Յեսուն, Կադմիէլի որդիները, Սարեբիայի որդի Սաքանիան եւ Անանիայի որդիները բարձրաձայն գոչեցին իրենց Տէր Աստծուն։
5 Ղեւտացի Յեսուն եւ Կադմիէլն ասացին. Եղբայրնե՛ր, օրհնեցէ՛ք մեր Տէր Աստծուն յաւիտեանս յաւիտենից. թո՛ղ օրհնեալ լինի Տիրոջ փառքը, թո՛ղ բարձրանայ նրա օրհնութիւնն ու գոհութիւնը։ Եզրասն սկսեց օրհնաբանել Տէր Աստծուն եւ ասաց.
6 Դու ես միակ նոյն Տէր Աստուածը, դու ես, որ ստեղծեցիր երկինքը, երկինքների երկինքները եւ նրա բոլոր զօրութիւնները, երկիրը եւ այն ամէնը, ինչ նրա վրայ է, ծովը եւ այն ամէնը, ինչ նրա մէջ է։ Դու ես, որ կենդանութիւն տուեցիր բոլորին, եւ քեզ են երկրպագում երկնքի զօրքերը, քեզ են փառաբանում երկինքների երկինքները,
7 որովհետեւ դու ես մեր միակ Տէր Աստուածը։ Դու ընտրեցիր Աբրամին, նրան հանեցիր քաղդէացիների երկրից ու նրա անունը դրիր Աբրահամ.
8 նրա սիրտը գտար հաւատարիմ քո առջեւ եւ նրա հետ ուխտ դրեցիր՝ յաւիտենապէս տալու նրան եւ նրա զաւակին քանանացիների, ամորհացիների, փերեզացիների, յեբուսացիների եւ գերգեսացիների երկիրը։ Դու հաստատեցիր քո խօսքը, որովհետեւ արդար ես։
9 Դու տեսար մեր հայրերի նեղութիւնները Եգիպտոսում, լսեցիր նրանց աղաղակը Կարմիր ծովի վրայ,
10 նրանց համար հրաշքներ գործեցիր Եգիպտոսում՝ Փարաւոնի, նրա բոլոր ծառաների ու նրա երկրի ամբողջ ժողովրդի վրայ, քանզի իմացար, որ նա յոխորտաց քո ժողովրդի վրայ, եւ դու քեզ համար մեծ անուն ստեղծեցիր մինչեւ այսօր։
11 Դու Կարմիր ծովը ճեղքեցիր նրանց առջեւ, եւ նրանք անցան ծովի միջով, ինչպէս ցամաքով. նրանց հալածիչներին քարերի նման ընկղմեցիր խոր ջրերի մէջ.
12 ցերեկը նրանց առաջնորդեցիր ամպի սիւնով, իսկ գիշերը՝ կրակի սիւնով, որպէսզի լուսաւորես նրանց ճանապարհը, որով գնում էին։
13 Դու իջար Սինայի լերան վրայ ու երկնքից խօսեցիր նրանց հետ, նրանց տուեցիր արդար դատաստաններ ու ճշմարիտ օրէնքներ, հրամաններ եւ բարի պատուիրաններ,
14 քո սուրբ շաբաթները ծանուցեցիր նրանց եւ քո ծառայ Մովսէսի միջոցով նրանց տուեցիր պատուիրաններ, հրամաններ եւ օրէնքներ։
15 Դու երկնքի հացը տուեցիր նրանց՝ կերակրուելու համար, ժայռից ջուր բխեցրիր ու խմեցրիր նրանց, ճանապարհ բացեցիր նրանց համար՝ մտնելու եւ ժառանգելու այն երկիրը, դէպի ուր բարձրացրիր քո ձեռքը, որպէսզի այն տաս նրանց։
16 Բայց իրենք իսկ՝ մեր հայրերը, գոռոզացան ու անօրինացան, խստացրին իրենց պարանոցները, չլսեցին քո պատուիրանները,
17 իրենց աչքերը շեղեցին քո օրէնքներից, չյիշեցին քո հրաշքները, որ դու արեցիր նրանց համար, այլ խստացրին իրենց պարանոցները, իրենց թիկունքները դարձրին դէպի քեզ եւ ուզեցին նորից ստրկութեան վերադառնալ Եգիպտոս։ Բայց դու, Տէ՛ր Աստուած մեր, որ գթած ես եւ ողորմած, համբերատար եւ բազումողորմ, իսպառ չլքեցիր նրանց։
18 Նրանք դարձեալ իրենց համար ձուլածոյ հորթ պատրաստեցին ու ասացին. Սրա՛նք են այն աստուածները, որ մեզ հանեցին Եգիպտացիների երկրից։ Նրանք մեծամեծ վիրաւորանքներ հասցրին քեզ,
19 բայց դու, ըստ քո բազում գթութեան ու ողորմութեան, նրանց չթողեցիր անապատում ու չցրեցիր, նրանցից չհեռացրիր ամպի սիւնը, որ նրանց առաջնորդում էր ցերեկը, նաեւ՝ կրակի սիւնը, որ գիշերը լուսաւորում էր նրանց ճանապարհը, որով գնում էին։
20 Դու քո բարերար Սուրբ Հոգին տուեցիր նրանց՝ իմանալու օրէնքները, մանանան չհեռացրիր նրանց բերանից, ժայռից ջուր տուեցիր նրանց՝ ծարաւը յագեցնելու,
21 քառասուն տարի նրանց թափառել տուեցիր անապատում, նրանց հագուստները չմաշուեցին, նրանց կօշիկները չհնացան։
22 Դու նրանց առջեւ հարուածեցիր թագաւորներ ու ժողովուրդներ, եւ նրանք բաժանեցին ու ժառանգութիւն առան նրանց երկիրը՝ Եսեբոն թագաւորի Սեհոն երկիրը եւ Բասանի թագաւոր Օգի երկիրը։
23 Դու նրանց որդիներին բազմացրիր ինչպէս երկնքի աստղերը եւ բերեցիր նրանց այն երկիրը, որ խոստացել էիր նրանց հայրերին. նրանք ժառանգեցին այն։
24 դու նրանց առջեւ կոտորեցիր քանանացիների երկրի բնակիչներին ու նրանց երկիրը տուեցիր սրանց ձեռքը, կոտորեցիր նրանց թագաւորներին ու երկրի ժողովրդին, ինչպէս որ նրանք էին ցանկացել։
25 Նրանք առան բարձրաբերձ քաղաքներ ու պարիսպներ, ժառանգեցին ամէն տեսակ բարիքներով լի տներ, փորուած եւ պատրաստուած ջրհորներ, այգիներ, ձիթենիներ եւ ամէն տեսակ պտղատու ծառեր՝ որպէս լիառատ կերակուր նրանց համար։ Նրանք կերան եւ յագեցան, գիրացան ու մեղկացան մեծամեծ բարիքների մէջ, որ դու տուեցիր նրանց։
26 Նրանք հեռացան ու հրաժարուեցին քեզանից, ետ դարձան քո օրէնքներից ու կոտորեցին քո մարգարէներին, որոնք քարոզում էին նրանց, որ դառնան դէպի քեզ, բայց նրանք մեծ չարիքներ գործեցին քո առջեւ։
27 Դրա համար էլ դու նրանց մատնեցիր իրենց թշնամիների ձեռքը, որոնք նեղեցին նրանց. նրանք իրենց նեղութեան ժամանակ աղաղակեցին դէպի քեզ, եւ դու երկնքից լսեցիր նրանց, բազում գթութեամբ եւ ողորմութեամբ փրկեցիր նրանց ու նրանց հանեցիր իրենց նեղողների ձեռքերից։
28 Բայց երբ նրանք հանգստացան, նորից սկսեցին քո առջեւ չարիքներ գործել։ Դու նրանց թողեցիր իրենց թշնամիների ձեռքը, որոնք չարչարեցին նրանց։ Նրանք կրկին աղաղակեցին դէպի քեզ, եւ դու երկնքից լսեցիր նրանց, քո բազում ողորմութեամբ փրկեցիր նրանց
29 եւ դարձեալ նրանց պատուիրեցիր դառնալ քո օրէնքներին։ Իսկ նրանք, յիմարացած, անմտութեամբ չհնազանդուեցին քո օրէնքներին եւ մեղանչեցին քո այն հրամանների ու պատուիրանների դէմ, որ դու ասել ու հրամայել էիր, թէ՝ մարդկանցից ով որ կատարի քո պատուիրանների պահանջները, կ՚ապրի նրանցով։ Բայց նրանք դարձրին իրենց թիկունքները դէպի քեզ, եղան խստապարանոց ու չլսեցին քո խօսքը։
30 Դու նորից համբերատար եղար նրանց նկատմամբ, եւ քո Սուրբ Հոգով ուղարկեցիր մարգարէներին՝ վկայութեան, սակայն նրանք այդպէս էլ չլսեցին։ Դու նրանց մատնեցիր օտար երկրների ժողովուրդների ձեռքը, որոնք շատ տառապանքներ պատճառեցին նրանց։
31 Դու, ըստ քո բազում գթութեան ու ողորմութեան, նրանց իսպառ չթողեցիր եւ մերժելով չհեռացրիր քեզանից, քանզի դու հզօր ես, գթած եւ ողորմած, համբերատար ու բազումողորմ։
32 Այժմ, Տէ՛ր Աստուած մեր, դու, որ զօրաւոր ես ու մեծ, ամենակալ եւ ահարկու, արդար եւ ճշմարիտ, պահի՛ր քո ուխտն ու ողորմութիւնը եւ նայի՛ր մեր եւ մեր թագաւորների, մեր իշխանների, մեր քահանաների, մարգարէների եւ մեր բոլոր հայրերի տառապանքներին ու նեղութիւններին, նայի՛ր քո ժողովրդին, որին տառապեցրին, եւ մինչեւ այսօր մեզ վրայ բռնանում են Ասորեստանի թագաւորները։
33 Դու արդար ես ամէն ինչում, որ մեզ վրայ բերեցիր մեր մեղքերի պատճառով, որովհետեւ ճշմարտութեամբ արեցիր այդ բոլորը,
34 քանի որ մեղանչեցինք թէ՛ մենք, թէ՛ մեր իշխանները, թէ՛ մեր քահանաներն ու մեր հայրերը, եւ քո պատուիրանները չկատարեցինք, չանսացինք քո օրէնքներին ու վկայութիւններին, որ յիշեցնում էիր մեզ։
35 Դու մեզ տուեցիր քո գթութիւնները եւ բազում բարութիւնները, տուեցիր մեզ այս լայն, ընդարձակ ու պարարտ երկիրը, բայց մենք քեզ ծառայել չիմացանք, մեր սիրտը շրջեցինք քո օրէնքներից եւ մեր մեղքերի պատճառով մատնուեցինք գերութեան։
36 Եւ ահա այսօր ստրկութեան մէջ ենք, մենք եւ այս երկիրը, որ տուեցիր մեր հայրերին՝ ազատօրէն ուտելու նրա բերքն ու բարիքները։
37 Արդ, այսօր օտար թագաւորներ են տիրում մեզ վրայ եւ ուտում են այս երկրի բարիքները մեր մեղքերի պատճառով, իսկ մենք, ստրկութեան մէջ ընկած, հարկ ենք տալիս. նրանք մեզ ու մեր անասունների հետ վարւում են այնպէս, ինչպէս որ կամենում են։ Այսօր մենք նեղութեան ու մեծ վշտերի մէջ ենք մեր մեղքերի պատճառով։
38 Արդ, այս ամենի համար մենք ուխտ ենք դնում եւ հաւատարիմ կը մնանք մեր ուխտին. հաւատում ենք քո օրէնքներին ու կատարում ենք դրանք։ Այս խօսքերը գրով հաստատում ու կնքում ենք մենք, մեր բոլոր իշխանները, մեր ղեւտացիները եւ մեր քահանաները։