ՆԷԵՄԻ. Chapter 12

1 Սրանք են այն քահանաներն ու ղեւտացիները, որոնք եկան Սաղաթիէլի որդի Զորոբաբէլի եւ Յովսեդեկի որդի Յեսուի հետ. Սարայիան, Երեմիան, Եզրան
2 Ամարիան, Մալուքը, Ատտուսը եւ Սեքենիան։
3 Սրանք էին քահանաների եւ նրանց եղբայրների առաջնորդները Յեսուի օրերին։
4 Իսկ Յեսուի օրերի ղեւտացիները սրանք էին. Յեսուն, Բանուին, Կադմիէլը, Սարաբիան, Յուդան, Մաթանիան եւ նրանց եղբայրները, որոնք սպասաւորում էին տաճարում՝ ըստ նշանակուած օրերի։Յովակիմի որդին էր Ելիասիբը,
5 Ելիասիբի որդին՝ Յովադէն, Յովադէի որդին՝ Յովնաթանը, եւ Յովնաթանի որդին՝ Յատդուսը։ Յովակիմի օրերին իր եղբայրները տոհմերի իշխաններ եւ քահանաներ էին. դրանք էին՝ Սարիան, Եմարիան, Երեմիան, Անանիան, Ազարիան, Եզրան, Մեսուլամը, Ամարիան, Յովնանը եւ Մալուքը։
6 Ելիասիբի օրերի ղեւտացիներն էին՝ Յոդան, Յովան, Յովնանը եւ Իդուան, որոնք գրուած էին որպէս տոհմերի իշխաններ։ Այս բոլորը քահանաներ էին Դարեհի թագաւորութեան ժամանակ։
7 Ղեւիի որդիները տոհմերի իշխաններ էին՝ գրուած ազգահամարի մատեանում մինչեւ Ելիասիբի որդի Յովնանը։
8 Ղեւտացիների իշխաններն էին՝ Ասաբիան, Արաբիան եւ Յեսուն։ Կադմիէլի որդիները եւ նրա եղբայրները նշանակուած էին նրա մօտ, օրհնելու եւ սաղմոս ասելու,
9 ըստ հերթական օրերի, ամբողջ օրը, իրենց ժողովների ժամանակ՝ դռնապանների հետ միասին, ինչպէս հրամայել էր Աստծու մարդ Դաւիթը։
10 Սրանք սպասաւորում էին Յոսեդեկի որդի Յեսուի որդի Յովակիմի օրերին եւ Նէեմիի ու Եզրաս քահանայի՝ Տիրոջ օրէնքների մեկնիչի օրերին։
11 Երուսաղէմի պարսպի նաւակատիքի ժամանակ ղեւտացիներին փնտռեցին իրենց բնակութեան տեղերում, որպէսզի նրանց բերեն Երուսաղէմ եւ նաւակատիքն անեն ուրախութեամբ ու գոհութեամբ, երգերով ու նուագարաններով, ծնծղաներով ու թմբուկներով, սաղմոսարաններով ու եղջերափողի ձայնով։
12 Բոլոր նրանք, ովքեր պիտի երգէին եւ սաղմոս ասէին, Երուսաղէմի շրջակայ բոլոր կողմերից՝
13 քաղաքներից, գիւղերից եւ իրենց բնակութեան վայրերից հաւաքուեցին՝ Երուսաղէմ գալու եւ պաշտամունքին սպասաւորելու համար։
14 Բոլոր քահանաներն ու ղեւտացիները մաքրուեցին եւ մաքրեցին ժողովրդին ու մեծ պարսպի դռների դռնապաններին։
15 Պարսպի վրայ բարձրացրին Յուդայի երկրի իշխաններին։ Նրանց յետեւից երգերով ու նուագարաններով երկշարք գնում էին
16 Յոսիան եւ Օզիան, Յուդայի երկրի իշխանների կէսը,
17 Ազարիասը, Եզրան, Մոսոլամը, Յուդան, Բենիամինը, Սամէասը եւ Երեմիասը։
18 Քահանաների որդիներից փող էին փչում Յովնանի որդի Զաքարիասը,
19 Սամայի որդին, Մաթանիայի որդին, Միքայի որդին, Զաքուրի որդին եւ Ասափի որդին։
20 Իսկ նրանց եղբայրներ Սամէիան եւ Եզրիէլը երգում էին Աստծու մարդ Դաւթի նուագած երգերն ու սաղմոսները։ Եզրասը՝ մեկնիչը, գնում էր նրանց առջեւից՝ պարսպի դռների մօտից։
21 Ովքեր երգում էին՝ գնում էին նրա դիմացից։ Նրանք բարձրացան Դաւթի քաղաքի աստիճաններով, այն սանդուղքով, որը տանում էր Դաւթի ապարանքից վեր, դէպի պարիսպը՝ մինչեւ Եփրեմի Ջրի դուռը, որը արեւելեան կողմն էր։
22 Նրանք գնում էին դէպի Եքթիերան դուռը, դէպի Անամայէլի աշտարակը, մինչեւ Ջրաւազանի դուռը։ Երգերի ձայնը լսւում էր ամենուր՝ մինչեւ հեռաւոր վայրերը, որովհետեւ Եզրասը հրամայել էր կանգնել պարսպի բոլոր դռների վրայ եւ երգել։
23 Այն օրը մեծամեծ զոհեր մատուցեցին եւ շատ ուրախ եղան, որովհետեւ Աստուած նրանց մեծ ուրախաութիւն էր տուել։ Ուրախ էին նաեւ նրանց կանայք ու նրանց որդիները։ Նրանց ուրախութիւնը լսելի եղաւ Երուսաղէմից մինչեւ հեռաւոր տեղեր։
24 Այդ օրը գանձատան վրայ մարդիկ նշանակուեցին, որպէսզի վերցնեն առաջին բերքի բաժինն ու տասանորդները եւ այն ընծաները, որ հաւաքել էին քաղաքի իշխանաւորներն այնտեղ քահանաների եւ ղեւտացիների համար, ինչպէս հրամայուած էր Մովսէսի օրէնքով։ Արդարեւ, մեծ ուրախութիւն էր Յուդայի երկրում եւ քահանաների ու ղեւտացիների մէջ, որոնք հոգ էին տանում Աստծու ծառայութեան եւ նրա սրբութիւնների պահպանման համար։ Երգիչները, սաղմոսասացները եւ դռնապանները եւս անում էին այնպէս, ինչպէս սահմանել էին Դաւիթն ու նրա որդի Սողոմոնը,
25 որովհետեւ այս մարդիկ էին սաղմոսներ երգում, նուագում եւ Աստծուն փառաբանում Դաւթի օրերից, երբ երգիչների իշխանն ու առաջնորդն էր Ասափը։
26 Զորոբաբէլի ու Նէեմիի օրերին ամբողջ Իսրայէլը, ըստ սահմանուած կարգի, մաս եւ բաժին էր տալիս երգիչներին եւ դռնապաններին, իսկ սուրբ ընծաները՝ ղեւտացիներին. ղեւտացիներն էլ Ահարոնի որդիներին էին տալիս իրենց բաժինը։