ՆԷԵՄԻ. Chapter 4

1 Երբ Սանաբալաթը լսեց, թէ շինում են պարիսպը եւ կանգնեցնում նրա աշտարակները, վատ զգաց իրեն, զայրացաւ եւ սաստիկ ծաղրում էր հրեաներին։
2 Նա ասում իր եղբայրների առաջ. Ա՞յս է ձեր զօրութիւնը, ո՛վ սամարացիներ, այդ ինչպէ՞ս են հրեաները շինում ու ամրացնում իրենց քաղաքը։
3 Նրանց տեսութեան եկած Տուբիա Ամանացին ասում էր. Ո՛չ, չեն կարող շինել, զոհեր մատուցել կամ ուտել զոհաբերուած ընծաներն իրենց տեղում. միթէ այժմ աղուէսները չե՞ն ելնի ու քանդի նրանց պարսպի քարերը։
4 Այն ժամանակ մենք ասացինք. Լսի՛ր մեզ, Տէ՛ր Աստուած մեր, քանզի մենք արժանացանք արհամարհանքի ու թշնամանքի. նրանց նախատինքները շո՛ւռ տուր իրենց գլխին, մատնի՛ր նրանց իրենց գերեվարողների թշնամանքին,
5 եւ թող չծածկուեն նրանց անօրէնութիւնները։
6 Երբ Սանաբալաթն ու Տուբիան, արաբացիներն ու ամոնացիները լսեցին, թէ յաջողուեց Երուսաղէմի պարսպի շինարարութիւնը, եւ թէ մենք սկսեցինք ամէն տեղ գործը երեւացնել, դա վատ թուաց նրանց,
7 եւ բոլորը հաւաքուեցին՝ միասին գալու եւ պատերազմելու Երուսաղէմի դէմ։
8 Մենք աղօթքի կանգնեցինք մեր Տէր Աստծու առջեւ եւ, թշնամիների պատճառով, մեզ վրայ պահակներ նշանակեցինք ցերեկն ու գիշերը։
9 Հրէաստանի մարդիկ ասացին. Այսպէս չենք կարողանայ պատերազմել եւ միաժամանակ կառուցել. թող ոմանք զինուած կանգնեն պատրաստ, իսկ ոմանք՝ կառուցեն։
10 Իսկ մեզ նեղողներն ասում էին. Չենք թողնի, որ նրանք իմանան, ոչ էլ՝ տեսնեն, թէ ինչպէս ամէն տեղից ելնելով կը մտնենք նրանց մէջ, կը կոտորենք նրանց ու կը խափանենք նրանց գործը։
11 Երբ տարբեր տեղերում բնակուող հրեաներն եկան եւ մեզ ասացին, թէ ամէն տեղից յարձակուելու են մեզ վրայ,
12 ես ցածր տեղերում, պարսպի ետեւում, յարկերի ներքոյ կանգնեցրի մարդկանց՝ իրենց զէնքով, գեղարդով ու աղեղով հանդերձ։
13 Ես վեր կենալով՝ ասացի կազմ ու պատրաստ կանգնած մարդկանց, նրանց զօրապետներին եւ նրանց, որ տարբեր տեղերի պահապաններն էին. Նրանցից մի՛ վախեցէք, յիշեցէ՛ք մեր մեծազօր եւ ահարկու Աստծուն եւ պատերազմեցէ՛ք ձեր եղբայրների, կանանց ու որդիների, դուստրերի եւ ձեր տների համար։
14 Երբ մեր թշնամիները լսեցին, թէ մենք իմացել եւ զինուել ու պատրաստուել ենք, Աստուած ցրեց նրանց մտադրութիւնը, եւ մենք բոլորս վերադարձանք պարսպի նորոգման աշխատանքին, եւ ամէն մարդ անցաւ իր գործին։
15 Եւ այդ օրից սկսած մարդկանց կէսը աշխատանք էր կատարում, իսկ միւս կէսը զինուած էր թշնամու դէմ. ամէն մարդ գեղարդը, վահանն ու աղեղն իր ձեռքին՝ պատրաստ կանգնած էր իր եղբօր թիկունքին, որը շինում էր պարիսպը։
16 Լինում էր ժամանակ, երբ, զէնքը մի ձեռքին, օգնում էր իր եղբօրը, իսկ միւս ձեռքով եղբօրը տալիս էր խիճը կամ շաղախը։
17 Ամէն շինարար իր մէջքին ունէր սուսեր եւ իր ազդրի վրայ՝ միասայրի սուր. եւ այդպէս շինում էին Երուսաղէմի պարիսպը։ Եղջերափող փչողը կանգնած էր նրանց մօտ։
18 Ես ասացի զինուած ու պատրաստ կանգնած մարդկանց եւ նրանց իշխաններին. Այս գործը մեծ եւ ընդարձակ է, իսկ մենք ցրուած ենք պարսպի երկարութեամբ,
19 հեռու ենք իրարից՝ ամէն մէկն իր եղբօրից։ Արդ, տարբեր տեղերում փողհարներ նշանակենք, եւ երբ մէկը որեւէ տեղից լսի եղջերափողի ձայնը, թող բոլորն այնտեղ հաւաքուեն, եւ մեր Աստուածը մեր թշնամիների դէմ կը պատերազմի մեզ համար։
20 Եւ այդպէս մարդկանց կէսն աշխատում էր, իսկ միւս կէսը զէնքերը պատրաստ բռնած՝ հսկում էր առաւօտը բացուելուց մինչեւ աստղերի երեւալը։
21 Ես ասացի ժողովրդին. Եկէ՛ք բնակուենք այս Երուսաղէմ քաղաքի մէջ եւ գիշերը պահակներ դնենք մեր շուրջը, իսկ ցերեկը աշխատենք։
22 Ես կանգնեցի, եւ ինձ պահպանող մարդիկ կանգնեցին իմ շուրջը։ Մեզանից որեւէ մէկը չէր հանում իր զգեստները եւ ոչ էլ ձեռքից ցած դնում իր զէնքը։