ՆԷԵՄԻ. Chapter 2

1 Արտաշէս արքայի քսաներորդ տարուայ Նիսան ամսին այնպէս եղաւ, որ արքան ինձնից գինի խնդրեց։ Ես գինին վերցրի եւ տուեցի թագաւորին. թագաւորը մենակ էր։
2 Երբ նա գինին խմեց, ասաց ինձ. Ինչո՞ւ է քո դէմքը տխուր եւ տրտում. դրա պատճառը այլ բան չէ, եթէ ոչ քո սրտի չարութիւնը։
3 Ես խիստ վախեցայ ու թագաւորին ասացի. Արքա՛յ, դու յաւիտեան ապրած կենաս, ինչո՞ւ իմ դէմքը տխուր եւ տրտում չլինի, որովհետեւ իմ հօր տունն ու քաղաքն անապատ է դարձել, եւ նրա դռներն այրուել են կրակից։
4 Թագաւորն ինձ ասաց. Դրա համար ի՞նչ ես ուզում խնդրել ինձնից։ Ես աղօթքի կանգնեցի ու միտքս ուղղելով երկնքի Տէր Աստծուն՝ ասացի թագաւորին.
5 Թո՛ղ քո թագաւորութեան վրայ բարութիւն լինի. եթէ քո ծառան քո առջեւ շնորհ գտաւ, եւ եթէ դու կամենում ես, ուղարկի՛ր ինձ Հրէաստան՝ իմ հայրերի յիշատակների քաղաքը, եւ ես, ըստ քո հրամանի խօսքի, կը վերաշինեմ այն։
6 Թագաւորը, որի հարճը նստած էր նրա մօտ, ասաց ինձ. Դու ե՞րբ տեղ կը հասնես եւ կամ ե՞րբ կը վերադառնաս։ Թագաւորը բարի գտնուեց եւ ինձ արձակեց։
7 Ես նրանից ժամկէտ խնդրեցի եւ ասացի թագաւորին. Եթէ քո առջեւ շնորհ գտայ, տո՛ւր ինձ գետի կողմերի իշխաններին ուղղուած մի թուղթ, եւ թող ինձ տանեն՝ մինչեւ հասնեմ Հրէաստան։
8 Մի թուղթ էլ տո՛ւր Ասափին, որ արքունի անտառի պահապանն է, որպէսզի ինձ շինափայտ տայ քաղաքի դռների, պարիսպների եւ տան պատրաստման համար, որի մէջ ես պէտք է մտնեմ։ Թագաւորն այդ թղթերը տուեց ինձ, որովհետեւ իմ Աստծու ձեռքն իմ նկատմամբ բարի էր։
9 Ես եկայ գետի կողմերի իշխանների մօտ ու նրանց տուեցի թագաւորի թղթերը։ Թագաւորն ինձ հետ ուղարկել էր զօրաւոր առաջնորդներ ու ձիեր։
10 Երբ Սանաբալատ իշխանն ու Ամոնի ծառայ Տուբիան լսեցին այս, նրանք իրենց վատ զգացին, որ Իսրայէլի բարօրութեան եւ կարիքների համար ես մարդիկ եմ փնտռել։
11 Եկայ Երուսաղէմ ու այնտեղ մնացի երեք օր։
12 Գիշերը ես վեր կացայ, ինձ հետ նաեւ՝ սակաւաթիւ մարդիկ։ Ես մարդկանց չպատմեցի, թէ Աստուած ինչ դրեց իմ սրտում, որ անեմ Իսրայէլի համար։ Ինձ հետ չկար ուրիշ գրաստ, բացի այն գրաստից, որի վրայ նստած էի։
13 Ես դուրս եկայ Հեղեղատի դռնով, անցայ Թզենու հողամասի եզրով եւ գնացի մինչեւ Աղբանոցի դուռը։ Ես ճնշւում էի, որ Երուսաղէմի պարսպի մէջ կային ճեղքեր, որ նրանք մաքրել էին, եւ որ նրա դռներն այրուած էին կրակից։
14 Ես անցայ Աղբիւրի դռնով՝ Թագաւորի ջրաւազանի մօտով։ Այնտեղ տեղ չկար, որ ես իմ գրաստին հեծած՝ կարողանայի անցնել։
15 Հեղեղատի մօտով, գիշերը ելայ դէպի վեր՝ պարսպի կողմը՝ ճնշուելով պարսպի ճեղքերից, հասայ Ձորի դռան մօտ, ապա վերադարձայ։
16 Պահապանները չիմացան, թէ ինչու էի գնացել կամ ինչ էի անում. ես ոչինչ չէի ասել նաեւ հրեաներին, քահանաներին, անուանի մարդկանց, զօրապետներին եւ ուրիշներին, որոնք այդ ժամանակ գլխաւորում էին գործերը։
17 Նրանց ասացի. Տեսէ՛ք այն չարիքները, որոնց մէջ ենք այժմ, տեսէ՛ք, ինչպէ՜ս Երուսաղէմն անապատ է դարձել, եւ հրկիզուել են նրա դռները։ Եկէ՛ք շինենք Երուսաղէմի պարիսպները, եւ այլեւս նախատինքի մէջ չլինենք։
18 Ես նրանց պատմեցի, որ Տիրոջ ձեռքն իմ նկատմամբ բարի էր, ասացի նաեւ թագաւորի խօսքերը, որ նա ասել էր ինձ։ Նրանց ասացի. Այժմ եկէ՛ք ելնենք եւ վերաշինենք պարիսպը։
19 Եւ նրանց ձեռքերը զօրացան այդ բարի գործերի համար։ Լսելով այդ մասին՝ Սանաբալատը, Ամոնի ծառայ Տուբիան եւ Գեսամ Արաբացին ծաղրում էին մեզ. նրանք եկան մեզ մօտ ու մեզ ասացին. Ի՞նչ են այդ բաները, որ դուք անում էք։ Ի՞նչ է, դուք ուզում էք թագաւորի դէմ ապստամբե՞լ։
20 Ես նրանց պատասխանեցի ու ասացի. Երկնքի եւ երկրի Աստուածը յաջողութիւն տուեց մեզ, մենք նրա սուրբ ծառաներն ենք ու վերաշինում ենք այս քաղաքը, բայց ձեզ համար Երուսաղէմում չկայ բաժին, յիշատակ ու արդարութիւն։