ՆԷԵՄԻ. Chapter 13

1 Այն օրերին Մովսէսի գիրքը կարդացին ի լուր ժողովրդի։ Նրա մէջ այսպէս էր գրուած. Թող ամոնացին եւ մովաբացին յաւիտեան չմտնեն Աստծու ժողովարան,
2 որովհետեւ նրանք հացով եւ ջրով ընդառաջ չելան իսրայէացիներին, այլ վարձեցին Բաղաամ գուշակին՝ նրանց անիծելու համար, իսկ մեր Աստուածն անէծքը դարձրեց օրհնութիւն։
3 Երբ լսեցին այս օրէնքը, հեռացրին իսրայէլացիներին խառնուած բոլոր այլազգիներին։
4 Սրանից առաջ Ելիասիբ քահանան էր նշանակուած մեր Աստծու Տան գանձատան վրայ։ Նա Տուբիային տեղ տուեց
5 եւ այնտեղ նրա համար մեծ գանձատուն շինեց։ Դա նախկինում այն տունն էր, ուր դնում էին ընծաները, կնդրուկն ու սրբարանի սպասքը եւ ղեւտացիների, երգիչների ու դռնապանների համար որոշուած ցորենի, գինու, ձէթի ու իւղի տասանորդները, ինչպէս նաեւ առաջին բերքի այն բաժինը, որ քահանաների համար էր։
6 Երբ այս ամէնն արուել էր, ես Երուսաղէմում չէի, քանի որ Բաբելոնի Արտաշէս թագաւորի երեսուներկուերորդ տարում գնացել էի թագաւորի մօտ։ Շատ օրեր անց ես թագաւորից խնդրեցի
7 ու վերադարձայ Երուսաղէմ։ Ես իմացայ այն բոլոր չարութիւնները, որ Ելիասիբն արել էր Տուբիայի պատճառով, որովհետեւ նրան թոյլ էր տուել, որ գանձատուն շինի Տիրոջ տաճարի գաւթում։
8 Այդ բանն ինձ խիստ վրդովեց։ Ես Տուբիայի ամբողջ գոյքը դուրս նետեցի գանձատնից
9 եւ հրամայեցի մաքրել Տիրոջ գանձատունը, այնտեղ վերադարձրի Տիրոջ Տան կայքն ու սպասքը, ընծաներն ու կնդրուկը։
10 Իմացայ նաեւ ու վերահասու եղայ, որ ղեւտացիների բաժինն իրենց չէր տրուել, եւ նրանք գնացել էին իրենց ագարակները։ Ղեւտացիներն ու երգիչները այնտեղ մշակութիւն էին անում։
11 Ես կռուեցի իշխանաւորների հետ ու ասացի. Ինչո՞ւ Տիրոջ Տնից պակասեցին ուտելիքները։ Ես հաւաքեցի տաճարի բոլոր սպասաւորներին ու նրանց կարգեցի իրենց տեղերում։
12 Դրանից յետոյ բոլոր հրեաները Տիրոջ տաճարի գանձատուն էին բերում ցորենի, գինու եւ ձէթի տասանորդները։
13 Ես հրամայեցի դրանք տալ Ելիմ քահանային, Սադոկ գրագրին եւ ղեւտացիներից մէկին՝ Փադայիային, եւ նրանց հետ՝ Զաքուրի որդի Անանին, Մաթանայի որդուն, որովհետեւ նրանք վստահելի էին մթերքներն իրենց եղբայրներին բաժանելու եւ տալու գործում։
14 Թող Աստուած ինձ յիշի այս ամենի համար եւ ինձնից չհեռացնի իր ողորմութիւնը, որովհետեւ ես այս բոլորն արեցի Իսրայէլի Տէր Աստծու Տան համար։
15 Այն օրերին տեսայ, որ Հրէաստանում շաբաթ օրով հնձաններ էին տրորում, հնձած խրձեր էին բերում Երուսաղէմի դռներով. գրաստներին բարձել էին գինու, խաղողի եւ թզի բեռներ եւ շաբաթ օրով բեռները բերում էին Երուսաղէմ։ Ես վկաներ բռնեցի, որ նրանք շաբաթ օրը վաճառք են անում։
16 Ովքեր ձուկ եւ ամէն տեսակ ապրանք էին բերում, նստում էին վաճառքի տեղերում, եւ հրեաները շաբաթ օրը Երուսաղէմի մէջ գնումներ էին կատարում։
17 Ես նախատեցի Երուսաղէմում եղած հրեաներին ու Յուդայի երկրի իշխանաւորներին եւ ասացի նրանց. Այս ի՞նչ անօրէնութիւն էք գործում դուք. պղծում էք սուրբ շաբաթի օրերը։
18 Մի՞թէ այսպէս չարեցին ձեր հայրերը, եւ Աստուած նրանց եւ այս քաղաքի վրայ բերեց այս բոլոր չարիքները։ Արդ, դուք ինչո՞ւ էք աւելացնում Տիրոջ բարկութիւնն Իսրայէլի վրայ եւ պղծում սուրբ շաբաթի օրը։
19 Երբ ես կանգնեցրի Երուսաղէմի դռները, շաբաթ օրից առաջ հրամայում էի փակել դռները եւ թոյլ չէի տալիս բացել, մինչեւ որ անցնէր շաբաթ օրը։ Նաեւ պահապան զինուորներ նշանակեցի, որպէսզի շաբաթ օրը որեւէ մէկը չկարողանայ բեռով մտնել Երուսաղէմի դռներով։
20 Մէկ-երկու անգամ բոլոր վաճառողները գիշերեցին Երուսաղէմից դուրս։
21 Ես ասացի նրանց. Ինչո՞ւ էք դուք քնում պարսպից դուրս. եթէ էլի տեսնեմ այդ անօրէնութիւնը, հրաման կը տամ, որ դուք չգաք մեր շաբաթներին եւ չմտնէք այս քաղաքը։
22 Ղեւտացիներին, որոնք մաքրուած էին, ասացի, որ գան ու պահպանեն դռները եւ սրբագործեն շաբաթ օրը։ Դրանից յետոյ շաբաթ օրերը չպղծեցին։ Այս բոլորի համար էլ թող Աստուած յիշի ինձ եւ խնայի ինձ ըստ իր մեծ ողորմութեան։
23 Այդ օրերին էր դարձեալ, որ ես տեսայ հրեաների, որոնք ազոտացի, ամոնացի եւ մովաբացի կանայք էին առել։
24 Նրանց որդիներն ու կանանցից ոմանք խօսում էին ազոտերէն, իսկ հրէերէն խօսել չգիտէին։
25 Ես նրանց նախատեցի, նզովեցի ու նրանցից շատերին ծեծեցի։ Աստծու անունով նրանց երդուեցրի, որ իրենց դուստրերին կնութեան չտան նրանց որդիներին եւ նրանց դուստրերին էլ չբերեն իրենց որդիների համար։ Նրանց ասացի.
26 Միթէ այդ պատճառով չէ՞ր, որ մեղանչեց Սողոմոն թագաւորը։ Մեր բոլոր թագաւորներից ո՞վ էր նրա նման իմաստուն. նա սիրելի էր Աստծուն, եւ Աստուած նրան դրեց թագաւոր ամբողջ Իսրայէլի վրայ։ Բայց Աստծուն սիրելի եւ իմաստուն այսպիսի մեծ թագաւորին այլազգի կանայք խոտորեցրին ու գցեցին մեղքի մէջ։
27 Արդ, չլսե՛մ, թէ ձեզանից մէկն այսպիսի մեծ չարիք գործի՝ Աստծու առջեւ մեղանչի եւ այլազգի կին առնի։
28 Յովիդիայի եւ Ելիասիբ մեծ քահանայի որդիների մասին լսեցի, թէ նրանցից մէկի կինը Սանաբալատի դուստրն է, եւ նրան հալածելով՝ հեռացրի ինձանից։
29 Թող Աստուած նրանց յիշի իրենց ժառանգութեան եւ քահանայական ուխտի մէջ։
30 Ես ղեւտացիներին մաքրեցի բոլոր այլազգիներից եւ, ըստ ծառայութեան օրերի ու կարգի, նշանակեցի նրանց՝ քահանաներին եւ ղեւտացիներին, իւրաքանչիւրին իր գործին։
31 Նաեւ կարգադրեցի, որ իր ժամանակին բերեն ողջակէզների համար պատրաստի ամբողջ փայտը եւ առաջին բերքի իրենց բաժինը։ Թող մեր Աստուածն ինձ յիշի արդարութեամբ արած իմ բոլոր բարի գործերի համար, Նա, որ օրհնուած է յաւիտեան. ամէն։