ԴԱՏԱՒՈՐՆԵՐ. Chapter 3

1 Սրանք են այն ազգերը, որոնց թողեց Յեսուն, որպէսզի Աստուած նրանցով փորձի իսրայէլացիներին, ամենքին, որոնք չգիտէին քանանացիների բոլոր պատերազմների մասին.
2 (միայն նրա համար, որ պատերազմել սովորեցնեն իսրայէլացիների սերունդներին, նրանց, որոնք առաջուց չգիտէին պատերազմել).
3 նա թողեց այլազգիների հինգ նախարարութիւնները, բոլոր քանանացիներին, սիդոնացիներին եւ Լիբանանում Բաղհերմոն սարից մինչեւ Լաբոեմաթ բնակուող խեւացիներին։
4 Նրանցով պիտի փորձէր իսրայէլացիներին եւ իմանար, թէ կը լսե՞ն արդեօք Տիրոջ պատուիրանները, որ նա տուել էր նրանց հայրերին Մովսէսի միջոցով։
5 Եւ իսրայէլացիները բնակուեցին քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խեւացիների, յեբուսացիների եւ գերգեսացիների մէջ։
6 Նրանց աղջիկներին իրենց համար կին առան եւ իրենց աղջիկներին տուին նրանց տղաներին, պաշտեցին նրանց չաստուածներին։
7 Իսրայէլացիները չարիք գործեցին Տիրոջ առաջ, մոռացան իրենց Տէր Աստծուն եւ պաշտեցին Բահաղին եւ անտառները։
8 Տէրը սաստիկ բարկացաւ իսրայէլացիների վրայ եւ նրանց մատնեց Միջագետքի ասորեստանցիների արքայ Քուսարսաթեմի ձեռքը, եւ իսրայէլացիները նրան ծառայեցին ութ տարի։
9 Իսրայէլացիները աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, Տէրը Իսրայէլի համար մի փրկիչ մէջտեղ հանեց. նրանց տուեց Գոդոնիէլին՝ Կենեզի որդուն, Քաղէբի կրտսեր եղբօրը։ Տէրը լսեց նրանց։
10 Գոդոնիէլի մէջ Տիրոջ հոգին բնակուեց, եւ նա Իսրայէլում դատաւորութիւն արեց։ Նա պատերազմի դուրս եկաւ Քուսարսաթեմի դէմ, Տէրը նրա ձեռքը մատնեց ասորեստանցիների Քուսարսաթեմ արքային. Գոդոնիէլը յաղթեց Քուսարսաթեմին։
11 Երկիրը քառասուն տարի հանգստացաւ։ Ապա Կենեզի որդի Գոդոնիէլը մեռաւ։
12 Իսրայէլացիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ. եւ Տիրոջ առաջ չարիք գործելու պատճառով Տէրը Իսրայէլի դէմ զօրացրեց Մովաբի արքայ Եգղոմին։
13 Նա հաւաքեց նրանց դէմ Ամոնի եւ Ամաղէկի բոլոր որդիներին, գնաց հարուածեց Իսրայէլին եւ տիրեց Արմաւենիների քաղաքին։
14 Տասնութ տարի իսրայէլացիները ծառայեցին Մովաբի արքայ Եգղոմին։
15 Իսրայէլացիները աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, եւ Տէրը նրանց համար մի փրկիչ մէջտեղ հանեց՝ յիմենեցի մի մարդու՝ Գերայի որդի Աւոդին, որը երկու ձեռքով էլ յաջող էր գործում։ Իսրայէլացիները նրա ձեռքով Մովաբի Եգղոմ արքային ընծաներ ուղարկեցին։
16 Աւոդն իր համար մէկ կանգուն երկարութեամբ երկսայրի սուր շինեց, կապեց այն իր աջ ազդրին թիկնոցի տակից եւ գնաց
17 ու ընծաները մատուցեց Մովաբի արքայ Եգղոմին։ Եգղոմը շատ գէր մարդ էր։
18 Երբ Աւոդն իր ընծաները տուեց վերջացրեց եւ արձակեց ընծաները բերողներին, Եգղոմը վերադարձաւ Գաղգաղայում եղած կուռքերի մօտից։
19 Աւոդն ասաց. Ո՛վ արքայ, քեզ ծածուկ ասելու խօսք ունեմ։ Եգղոմն ասաց. Լռի՛ր։ Եւ ամենքին ասաց. Հեռո՛ւ գնացէք։ Եւ նրա մօտ եղողները դուրս եկան։
20 Նա միայնակ նստած էր իր ամարանոցի վերնատանը։ Աւոդն ասաց. Ո՛վ արքայ, ես քեզ համար Աստծու պատգամ ունեմ հաղորդելու։ Եգղոմն աթոռից վեր կացաւ գնաց նրա մօտ։
21 Երբ նա վեր կացաւ, Աւոդն իր ձախ ձեռքը մեկնեց, քաշեց սուրն իր աջ ազդրից եւ Եգղոմի կողը խրեց,
22 սրի կոթն էլ խրեց վէրքի մէջ։ Ճարպը ծածկեց վէրքի բերանը, որովհետեւ նա սուրը նրա կողից չհանեց։
23 Նա դուրս եկաւ պատշգամբ, անցաւ սրահը, նրա դէմ փակեց վերնատան դռները, կողպեց, եւ ինքը դուրս ելաւ գնաց։
24 Նրա ծառաները ներս մտան, տեսան, որ վերնատան դռները փակուած են, եւ ասացին. Գուցէ սենեակում նստել է բնական կարիքի համար։
25 Կանգնեցին ու մնացին ամօթից, եւ ոչ ոք բաց չէր անում վերնատան դռները։ Առան բանալին, բաց արին եւ տեսան, որ ահա իրենց տէրը ընկած մեռած է գետնին։
26 Մինչ նրանք իրարանցման մէջ էին, Աւոդը փախաւ Սիրոթա, եւ ոչ ոք ուշ չդարձրեց նրա վրայ։ Նա անցաւ կուռքերի մօտով եւ փախաւ ընկաւ Սիրոթա։
27 Երբ Աւոդը եկաւ Իսրայէլ, փող փչեց Եփրեմի լերան վրայ։ Իսրայէլացիները նրա հետ իջան լեռից, եւ ինքը նրանց առջեւում էր։
28 Նա ասաց նրանց. Իջէ՛ք իմ ետեւից, որովհետեւ մեր Տէր Աստուածը մեր թշնամի մովաբացիներին մեր ձեռքը մատնեց։ Նրանք իջան նրա ետեւից ու նախ գրաւեցին Մովաբի եւ Յորդանան գետի միջեւ եղած անցումները եւ ոչ մի մարդու թոյլ չտուին անցնել։
29 Այդ օրը մովաբացիներից կոտորեցին մօտ տասը հազար մարդ՝ նրանց բոլոր պատերազմողներին ու բոլոր զօրաւոր մարդկանց, եւ նրանցից ոչ մի մարդ չազատուեց։
30 Այդ օրը մովաբացիներն ընկճուեցին Իսրայէլի ձեռքի տակ, եւ երկիրն ութսուն տարի հանգստացաւ։ Աւոդը նրանց դատաւորը եղաւ մինչեւ իր մահը։
31 Աւոդից յետոյ մէջտեղ ելաւ Անաթի որդի Սամեգարը, որն արօրի մաճով այլազգիներից վեց հարիւր մարդ կոտորեց, աւար առաւ չափազանց շատ արջառ եւ ոչխար՝ չհաշուած կովերի հորթերը։ Եւ նա՛ էլ փրկեց Իսրայէլը։