ԴԱՏԱՒՈՐՆԵՐ. Chapter 16

1 Սամփսոնն այնտեղից գնաց Գազա, այնտեղ մի պոռնիկ կին տեսաւ եւ մտաւ նրա մօտ։
2 Լուրը հասաւ գազացիներին, եւ նրանք ասացին. Սամփսոնը եկել է այստեղ։ Շրջապատեցին, ամբողջ գիշերը դարանակալեցին նրան քաղաքի դարպասի մօտ եւ ամբողջ գիշերը լուռ մնացին ու ասացին. Այստեղ մնանք մինչեւ առաւօտ եւ սպանենք նրան։
3 Սամփսոնը քնեց մինչեւ կէսգիշեր. կէսգիշերին վեր կացաւ, պոկեց քաղաքի դարպասների փեղկերը եւ դրանք նիգերով մէկտեղ բարձրացրեց, դրեց իր ուսերի վրայ, տարաւ այն լերան գլուխը, որը Քեբրոնի դիմացն է, եւ դրանք դրեց այնտեղ։
4 Դրանից յետոյ նա սիրեց մի կնոջ, որ ապրում էր Սորեկ հեղեղատի եզերքին. նրա անունը Դալիլա էր։
5 Այդ կնոջ մօտ եկան այլազգիների նախարարները եւ ասացին. Խաբի՛ր նրան եւ տե՛ս, թէ ինչում է նրա մեծ զօրութիւնը, եւ կամ ինչպէս կարող ենք հնար գտնել եւ կապել նրան, որ տկարացնենք նրան։ Իսկ մենք ամէն մէկս քեզ կը տանք հազար հարիւր արծաթ։
6 Եւ Դալիլան ասաց Սամփսոնին. Ասա՛ ինձ, թէ ինչում է քո մեծ զօրութիւնը, եւ քեզ տկարացնելու համար ինչով պէտք է կապել քեզ։
7 Սամփսոնը նրան ասաց. Եթէ ինձ կապեն եօթը դալար ճիւղերով, կը տկարանամ եւ կը դառնամ սովորական մարդկանց նման։
8 Եւ այլազգիների նախարարները բերին եօթը դալար ճիւղեր, եւ Դալիլան նրան կապեց դրանցով
9 ու շտեմարանում դարանակալ նստեց։ Կինը նրան ասաց. Այլազգիները յարձակուել են քեզ վրայ, Սամփսո՛ն։ Եւ նա կտրտեց ճիւղերն այնպէս, ինչպէս կը կտրտուի կրակից այրուած բարակ թելը թափ տալուց։ Եւ այդպէս չհասկացուեց նրա զօրութիւնը։
10 Դալիլան ասաց Սամփսոնին. Ահա խաբեցիր ինձ եւ սուտ խօսեցիր, գոնէ հիմա ասա՛, թէ ինչով կը կապուես։
11 Եւ նա ասաց նրան. Եթէ ինձ կապեն եօթը նոր չուաններով, որոնք գործածուած չլինեն, կը տկարանամ եւ կը լինեմ սովորական մարդկանց նման։
12 Դալիլան առաւ նոր չուաններ, դրանցով կապեց նրան եւ ասաց. Այլազգիները յարձակուել են քեզ վրայ, Սամփսո՛ն։ Եւ Դալիլան շտեմարանում դարանակալ նստել էր։ Իսկ Սամփսոնը ասեղի թելի նման կտրտեց թափեց այն իր բազուկներից։
13 Դալիլան ասաց Սամփսոնին. Մինչեւ ե՞րբ պիտի խաբես ինձ եւ սուտ ասես ինձ։ Հիմա ասա՛ ինձ, թէ ինչո՞վ կը կապուես։ Նա ասաց նրան. Եթէ իմ գլխի եօթը գիսակները հիւսես շղթայաձեւ հիւսքերով եւ ցցերով ամրացնես պատին, կը տկարանամ սովորական մարդկանց նման։
14 Եւ Դալիլան քնեցրեց նրան, առաւ նրա գլխի եօթը գիսակները շղթայաձեւ հիւսքերով, ցցերով ամրացրեց պատին եւ ասաց նրան. Այլազգիները յարձակուել են քեզ վրայ, Սամփսո՛ն։ Նա զարթնեց քնից, պատից պոկեց ցցերը ոստայնի եւ հիւսքերի հետ միասին, եւ չիմացուեց նրա զօրութիւնը։
15 Դալիլան նրան ասաց. Ինչպէ՞ս ես ասում, թէ քեզ սիրում եմ, մինչ քո սիրտը շիտակ չէ ինձ հետ. այս երեք անգամ խաբեցիր ինձ եւ չասացիր, թէ ինչո՞ւմ է քո մեծ զօրութիւնը։
16 Եւ երբ ամբողջ գիշերը նեղեց նրան խօսքերով, թախանձեց եւ հոգին հանեց սպանելու չափ,
17 նա սրտանց պատմեց նրան ամէն ինչ եւ ասաց նրան. Ածելի չպիտի դիպչի իմ գլխին, որովհետեւ Աստծու ուխտաւոր եմ ես իմ մօր արգանդից, իսկ եթէ ածիլուեմ, իմ զօրութիւնը կը գնայ ինձնից, ես կը տկարանամ եւ կը դառնամ բոլոր մարդկանց պէս։
18 Երբ Դալիլան տեսաւ, որ նա սրտանց պատմեց իրեն ամէն ինչ, մարդ ուղարկեց, կանչեց այլազգիների նախարարներին եւ ասաց. Բոլորդ եկէ՛ք, որովհետեւ սրտանց պատմեց ինձ ամէն ինչ։ Եւ այլազգիների բոլոր նախարարները եկան նրա մօտ արծաթն իրենց ձեռքին։
19 Դալիլան քնեցրեց նրան իր ծնկների մէջ, վարսաւիր կանչեց, որն ածիլեց նրա գլխի եօթը գիսակները։ Նա սկսեց թօշնել, եւ նրանից գնաց նրա զօրութիւնը։
20 Դալիլան ասաց. Այլազգիները յարձակուել են քեզ վրայ, Սամփսո՛ն։ Նա զարթնեց քնից եւ ասաց. Վեր կենամ եւ անեմ այնպէս, ինչպէս միշտ եւ թափ տամ։ Նա չգիտէր, թէ Տէրը մեկնել էր իրենից։
21 Այլազգիները նրան բռնեցին, հանեցին նրա աչքերը, իջեցրին նրան Գազա, կապեցին երկաթէ կապանքներով, եւ նա բանտում աղօրիք էր պտտեցնում։
22 Նրա գլխի մազերն սկսեցին աճել ածիլելուց յետոյ։
23 Այլազգիների նախարարները հաւաքուեցին, որ մեծ զոհ մատուցեն իրենց աստծուն՝ Դագոնին եւ ուրախանան։ Նրանք ասացին. Մեր աստուածը մեր թշնամի Սամփսոնին մեր ձեռքը մատնեց։
24 Երբ մարդիկ տեսան նրան, օրհնեցին իրենց աստուածներին՝ ասելով. Մեր աստուածը մեր ձեռքն է մատնել մեր թշնամուն՝ մեր երկիրն աւերողին, որը շատացրեց մեր վիրաւորներին։
25 Երբ նրանց սրտերը զուարթացան, ասացին. Կանչեցէ՛ք Սամփսոնին բանտից, թող մեր առաջ պար գայ։ Սամփսոնին կանչեցին բանտից եւ զուարճանում էին նրանով։ Նրան կանգնեցրին երկու սիւների մէջտեղում։
26 Սամփսոնն ասաց իր ձեռքից բռնած պատանուն. Թո՛յլ տուր ինձ շօշափեմ սիւները, որոնց վրայ հաստատուած է այս տունը, եւ յենուեմ նրանց վրայ։
27 Տունը լի էր տղամարդկանցով եւ կանանցով, այնտեղ էին այլազգիների բոլոր նախարարները, տանիքի վրայ կային մօտ երեք հազար կանայք եւ տղամարդիկ, որոնք դիտում էին Սամփսոնի պարը։
28 Սամփսոնն աղաղակեց Տիրոջը եւ ասաց. Տէ՛ր, զօրութիւնների՛ Տէր, յիշի՛ր ինձ եւ զօրացրո՛ւ ինձ այս մի անգամ էլ, Աստուա՛ծ, որ իմ երկու աչքերի համար վրէժս լուծեմ այս այլազգիներից։
29 Եւ Սամփսոնը բռնեց մէջտեղի երկու սիւներից, որոնց վրայ հաստատուած էր տունը, եւ յենուեց նրանց վրայ՝ մէկին աջ ձեռքով, միւսին՝ ձախ։
30 Եւ Սամփսոնն ասաց. Թող մեռնեմ ես այս այլազգիների հետ։ Եւ ուժեղ շարժեց։ Տունը փուլ եկաւ բոլոր նախարարների եւ նրա մէջ եղած ամբողջ ժողովրդի վրայ։ Եւ մեռածները, որոնց Սամփսոնն սպանեց իր մահուան պահին, աւելի էին, քան նրանք, որոնց սպանել էր իր կենդանութեան ժամանակ։
31 Նրա եղբայրներն ու նրա հօր ամբողջ տունն իջան, վերցրին հանեցին եւ թաղեցին նրան իր հօր Մանովէի գերեզմանում, Սարաայի եւ Եսթաւուլի միջեւ։ Նա Իսրայէլում դատաւոր էր եղել քսան տարի։