ԴԱՏԱՒՈՐՆԵՐ. Chapter 20

1 Բոլոր իսրայէլացիները դուրս եկան, եւ ժողովուրդը՝ Դանից մինչեւ Բերսաբէէ եւ Գաղաադի երկիրը մէկ մարդու պէս հաւաքուեց Տիրոջ առաջ Մասեփայում։
2 Ամբողջ ժողովրդի իշխանները եւ Իսրայէլի բոլոր ցեղերը՝ չորս հարիւր հազար սուսերամարտիկ, ներկայացան Աստծու ժողովրդի հաւաքին։
3 Բենիամինի ցեղի որդիները լսեցին, որ իսրայէլացիները եկել են Մասեփա։ Իսրայէլացիներն ասացին. Ասացէ՛ք, թէ ո՞րտեղ կատարուեց այս չարագործութիւնը։
4 Ղեւտացի մարդը՝ սպանուած կնոջ ամուսինը, պատասխան տուեց եւ ասաց. Ես եւ իմ հարճը եկանք Բենիամինի երկրի Գաբաա վայրը, որ գիշերենք։
5 Գաբաայի բնակիչները ելան իմ դէմ, գիշերով շրջապատեցին տունն իմ շուրջը եւ ուզում էին ինձ սպանել։ Իմ հարճին լլկեցին, խեղդեցին, եւ նա մեռաւ։
6 Ես էլ առայ իմ հարճին, կտրատեցի նրան եւ ուղարկեցի Իսրայէլի տէրութեան բոլոր սահմանները, որովհետեւ նրանք մեծ յանցանք եւ անզգամութիւն արեցին Իսրայէլի մէջ։
7 Ահա մենք ամէնքս իսրայէլացիներ ենք, մեզ խօ՛սք ասացէք ու խորհո՛ւրդ տուէք։
8 Ամբողջ ժողովուրդը վեր կացաւ մէկ մարդու նման եւ ասաց. Մեզնից ոչ մի մարդ իր յարկի տակ չի մտնելու, եւ ոչ մի մարդ ճանապարհը չի թեքելու դէպի իր տուն։
9 Ահա թէ ինչ պիտի անենք հիմա Գաբաային. նրա վրայ գնանք վիճակահանութեամբ.
10 Իսրայէլի բոլոր ցեղերից վերցնենք հարիւրից տասը, հազարից հարիւր, տասը հազարից հազար մարդ, որ օրուայ պաշար տանեն բոլոր նրանց համար, ովքեր կը գնան Բենիամինի երկրի Գաբաա վայրի դէմ, որ պատժեն նրան՝ Իսրայէլի մէջ նրա արած ամբողջ անզգամութեան համար։
11 Եւ բոլոր իսրայէլացիները մէկ մարդու նման հաւաքուեցին եկան քաղաքներից։
12 Իսրայէլի ցեղերը Բենիամինի ամբողջ ցեղի մօտ մարդիկ ուղարկեցին եւ ասացին. Այդ ի՞նչ չարագործութիւն է, որ եղաւ ձեր մէջ։
13 Հիմա տուէ՛ք Գաբաայի այդ ամբարիշտ մարդկանց՝ Բելիարի որդիներին, որ սպանենք նրանց եւ վերացնենք չարիքն Իսրայէլից։ Բայց Բենիամինի ցեղի որդիները չկամեցան լսել իրենց եղբայրների՝ իսրայէլացիների ձայնը։
14 Եւ Բենիամինի ցեղի որդիները հաւաքուեցին իրենց քաղաքներից Գաբաայի մէջ, որ իսրայէլացիների դէմ պատերազմի դուրս գան։
15 Այն օրը իրենց քաղաքներից եկած Բենիամինի ցեղի որդիները քսանհինգ հազար սուսերամարտիկ էին, չհաշուած Գաբաայի բնակիչներին,
16 որոնք եօթը հարիւր մարդ էին՝ ընտիր երիտասարդներ ամբողջ ժողովրդից՝ երկու ձեռքով էլ գործելու ընդունակ։ Նրանք բոլորն էլ պարսատիկաւորներ էին, որ քարեր էին նետում եւ մազաչափ չէին վրիպում։
17 Բոլոր իսրայէլացիները, բացի Բենիամինի ցեղի որդիներից, չորս հարիւր հազար սուսերամարտիկներ էին, բոլորն էլ պատերազմող մարդիկ։
18 Վեր կացան գնացին Բեթէլ, եւ իսրայէլացիները հարցրին Աստծուն ու ասացին. Բենիամինի ցեղի որդիների հետ պատերազմելու համար ո՞վ պիտի լինի մեր առաջնորդը։
19 Տէրն ասաց. Յուդան թող լինի առաջնորդը։ Եւ իսրայէլացիներն առաւօտեան վեր կացան, բանակեցին Գաբաայի մօտ։
20 Իսրայէլացիները ելան Բենիամինի ցեղի դէմ պատերազմելու եւ Գաբաայի մօտ նրանց դէմ պատերազմելու համար ճակատ կազմեցին։
21 Բենիամինի ցեղի որդիները դուրս եկան քաղաքից, եւ այն օրը իսրայէլացիներից քսաներկու հազար մարդ սպանեցին եւ գետին տապալեցին։
22 Բայց Իսրայէլի մարդիկ դարձեալ զօրացան եւ նորից ճակատ կազմեցին պատերազմելու համար այն տեղում, որտեղ ճակատել էին առաջին օրը։
23 Իսրայէլացիները վեր կացան եւ մինչեւ երեկոյ լաց եղան Տիրոջ առաջ եւ Տիրոջը հարցրին ու ասացին. Շարունակե՞նք պատերազմել մեր եղբօր՝ Բենիամինի ցեղի դէմ։ Տէրն ասաց. Դո՛ւրս եկէք նրանց դէմ։
24 Եւ երկրորդ օրը իսրայէլացիները պատերազմի ելան Բենիամինի ցեղի որդիների դէմ։
25 Բենիամինն էլ ելաւ նրանց դէմ պատերազմելու երկրորդ օրը եւ ժողովրդից նորից ութ հազար մարդ սպանեց եւ գետին տապալեց։ Սրանք բոլորն էլ սուսերակիրներ էին։
26 Բոլոր իսրայէլացիները, ամբողջ ժողովուրդը վեր կացան եկան Բեթէլ, նստեցին լաց եղան Տիրոջ առաջ, ծոմ պահեցին այդ օրը եւ փրկութեան ողջակէզներ մատուցեցին Տիրոջ առաջ։
27 Այդ օրերին այնտեղ էր Տէր Աստծու ուխտի տապանակը։
28 Նրա առաջ այդ օրերին Ահարոնի որդի Եղիազարի որդի Փենէէսն էր կանգնում։ Իսրայէլացիները հարցրին Տիրոջը եւ ասացին. Նորից մեր եղբայր Բենիամինի ցեղի որդիների դէմ պատերազմելու դուրս գա՞նք, թէ՞ դադարեցնենք։ Տէրն ասաց. Դո՛ւրս եկէք, վաղը նրանց կը մատնեմ ձեր ձեռքը։
29 Իսրայէլացիները դարանակալներ դրին Գաբաայի շուրջը։
30 Երրորդ օրը իսրայէլացիները դուրս եկան Բենիամինի ցեղի դէմ, ճակատ կազմեցին Գաբաայի մօտ, ինչպէս նախորդ անգամները։
31 Բենիամինի ցեղի որդիները դուրս եկան ժողովրդի դէմ, հեռացան քաղաքից եւ սկսեցին նախորդ անգամների պէս ջարդել-վիրաւորել ժողովրդին այն ճանապարհների վրայ, որոնցից մէկը դուրս էր գալիս Բեթէլ, իսկ միւսը՝ Գաբաա։ Նրանք այդ դաշտում իսրայէլացիներից մօտ երեսուն մարդ կոտորեցին։
32 Բենիամինի ցեղի որդիներն ասացին. Սրանք մեր առաջ կոտորուելու են, ինչպէս նախորդ անգամ։ Իսկ իսրայէլացիներն ասացին. Փախչենք եւ հեռացնենք նրանց քաղաքից ու ճանապարհից։
33 Եւ բոլոր իսրայէլացիները վեր կացան իրենց տեղից եւ վերադասաւորուեցին Բաալթամարում։ Իսրայէլացի դարանակալները կռւում էին իրենց տեղից, Գաբաայի արեւմտեան կողմից։
34 Ամբողջ Իսրայէլից տասը հազար ընտիր մարդիկ եկան Գաբաայի դիմաց։ Պատերազմը սաստկացաւ, բայց Բենիամինի ցեղի որդիները չգիտէին, որ իրենց վրայ չարիք է հասել։
35 Եւ Տէրը Բենիամինի ցեղին հարուածեց իսրայէլացիների առաջ, եւ իսրայէլացիներն այդ օրը Բենիամինի ցեղից քսանհինգ հազար հարիւր մարդ կոտորեցին։ Նրանք բոլորն էլ սուսերակիրներ էին։
36 Երբ Բենիամինի ցեղի որդիները տեսան, որ պարտութեան են մատնուած, տեղի տուին իսրայէլացիների առաջ։ Իսրայէլացիները յոյսները դրել էին Գաբաայի շրջակայքում եղած դարանամուտների վրայ։
37 Դարանամուտները յարձակուեցին եւ թափուեցին Գաբաայի վրայ, մտան եւ ամբողջ քաղաքը սրի քաշեցին։
38 Իսրայէլացիները պայմանաւորուել էին դարանակալների հետ, որ կրակ վառեն եւ ծուխ հանեն քաղաքի վրայ։
39 Այդ ազդանշանի վրայ իսրայէլացիները պէտք է ետ քաշուէին պատերազմից։ Բենիամինի ցեղի մարդիկ սկսեցին ջարդել իսրայէլացի դարանակալներին, կոտորեցին մօտ երեսուն վիրաւոր մարդ եւ ասացին, թէ՝ Կոտորւում են մեր առաջ այսօր, ինչպէս նախորդ պատերազմում։
40 Կրակէ ազդանշանը ծաւալուելով բարձրացաւ քաղաքի վրայ ինչպէս ծխի սիւն։ Բենիամինի ցեղի մարդիկ ետ նայեցին եւ տեսան, որ այրուող քաղաքը երկինք է բարձրանում։
41 Իսրայէլացիները նորից ետ դարձան, Բենիամինի ցեղի մարդիկ տագնապեցին, որովհետեւ տեսան, որ չարիքը հասել է իրենց վրայ։
42 Նրանք իսրայէլացիներից փախան անապատի ճանապարհով, բայց պատերազմը հասաւ նրանց, եւ քաղաքից դուրս եկող իսրայէլացիներն սպանում էին նրանց՝ իրենց մէջ առնելով։
43 Բենիամինի ցեղի մարդկանց նրանք ջարդեցին եւ հետապնդեցին Նուից մինչեւ Գաբաայի դիմացը՝ արեւելեան կողմից։
44 Բենիամինի ցեղից ընկան տասնութ հազար մարդ. նրանք բոլորն էլ զօրաւոր մարդիկ էին։
45 Մնացածները, տեսնելով այդ, փախան դէպի անապատ՝ ապաւինելով Ռեմոնի քարայրին։ Ճանապարհին Բենիամինի ցեղից հինգ հազար մարդ հնձեցին, հետապնդեցին նրանց մինչեւ Գաղաադ եւ նրանցից երկու հազար մարդ էլ կոտորեցին։
46 Այն օրը Բենիամինի ցեղից ընկածները քսանհինգ հազար սուսերամարտիկներ էին, բոլորն էլ զօրաւոր մարդիկ։
47 Մնացածները՝ վեց հարիւր մարդ, խոյս տալով փախան անապատ՝ ապաւինելով Ռեմոնի քարայրին եւ այնտեղ, Ռեմոնի քարայրում մնացին չորս ամիս։
48 Իսկ Իսրայէլի մարդիկ յետ դառնալով՝ յարձակուեցին Բենիամինի ցեղի որդիների վրայ, հերթով սրի քաշեցին քաղաքում նրանց, մինչեւ իսկ անասուններին եւ ամէն բան, որ գտան բոլոր քաղաքներում, իսկ կոտորածից զերծ մնացած քաղաքները մարդիկ ուղարկեցին եւ այրեցին հրով։