ԴԱՏԱՒՈՐՆԵՐ. Chapter 10

1 Աբիմելէքից յետոյ Իսրայէլը փրկելու համար մէջտեղ ելաւ Փուայի որդի Թողան, նրա հօրեղբօր որդին՝ Իսաքարի ցեղից։ Նա բնակւում էր Սամարիայում, Եփրեմի լերան վրայ։
2 Նա Իսրայէլում դատաւորութիւն արեց քսաներեք տարի եւ մեռաւ ու թաղուեց Սամարիայում։
3 Նրանից յետոյ մէջտեղ ելաւ գաղաադացի Յայիրը եւ Իսրայէլում դատաւորութիւն արեց քսաներկու տարի։
4 Նա ունէր երեսուներկու որդի, որոնք հեծնում էին երեսուներկու աւանակի վրայ։ Նրանք ունէին երեսուներկու քաղաք։ Նա դրանք կոչեց Յայիրի աւաններ, եւ այդպէս են կոչւում մինչեւ այսօր։ Այդ քաղաքները գտնւում են Գաղաադում։
5 Յայիրը մեռաւ եւ թաղուեց Կամոնում։
6 Իսրայէլացիները շարունակեցին Տիրոջ առաջ չարիք գործել եւ պաշտեցին Բահաղիմներին, Աստարոթին, ասորեստանցիների աստուածներին, Սիդոնի աստուածներին, Մովաբի աստուածներին, ամոնացիների աստուածներին եւ այլազգիների աստուածներին։ Նրանք լքեցին Տիրոջը եւ չպաշտեցին նրան։
7 Տէրը բարկութեամբ բորբոքուեց իսրայէլացիների վրայ եւ նրանց մատնեց այլազգիների ձեռքը ու ամոնացիների ձեռքը։
8 Նրանք այն ժամանակ տասնութ տարի ճնշեցին եւ ճզմեցին իսրայէլացիներին, բոլոր իսրայէլացիներին, որոնք Յորդանան գետի այն կողմում, ամորհացիների երկրում, Գաղաադում էին։
9 Ամոնացիներն անցան Յորդանան գետը՝ պատերազմելու Յուդայի դէմ, Բենիամինի դէմ եւ Եփրեմի տան դէմ։ Իսրայէլացիները խիստ նեղութեան մէջ ընկան։
10 Նրանք աղաղակեցին Տիրոջը եւ ասացին. Մեղանչեցինք քո դէմ, որովհետեւ թողեցինք մեր Աստծուն եւ Բահաղիմներին պաշտեցինք։
11 Տէրն ասաց իսրայէլացիներին. Չէ՞ որ եգիպտացիները, ամորհացիները, ամոնացիները, մովաբացիները, այլազգիները,
12 սիդոնացիները, ամաղէկացիները, քանանացիները նեղում էին ձեզ, եւ դուք ինձ աղաղակեցիք, ու ես ազատեցի ձեզ նրանց ձեռքից։
13 Իսկ դուք թողեցիք ինձ եւ օտար աստուածներ պաշտեցիք։ Դրա համար այլեւս ձեզ չեմ փրկելու։
14 Գնացէ՛ք, աղաղակեցէ՛ք այն աստուածներին, որ ձեզ համար ընտրեցիք, թող նրանք փրկեն ձեզ ձեր նեղութեան ժամանակ։
15 Իսրայէլացիներն ասացին Տիրոջը. Մենք մեղանչեցիք, արա՛ դու մեզ այն, ինչ որ քեզ հաճելի է թւում, բայց միայն, Տէ՛ր, ազատի՛ր մեզ այսօր։
16 Եւ նրանք հեռացրին իրենց միջից օտար աստուածներին եւ միայն Տիրոջը պաշտեցին։ Նա չհաշտուեց ժողովրդի հետ, բայց նրա սիրտը ցաւեց Իսրայէլի տառապանքի համար։
17 Ամոնացիները վեր կացան եւ բանակատեղի դրին Գաղաադում. իսրայէլացիներն էլ վեր կացան եւ բանակատեղի դրին Դիտանոցում։
18 Գաղաադի ժողովրդի իշխաններն իրար ասացին. Այն մարդը, որ սկսի պատերազմել ամոնացիների դէմ, նա թող լինի Գաղաադի բոլոր բնակիչների գլխաւորը։