ԴԱՏԱՒՈՐՆԵՐ. Chapter 1

1 Յեսուի վախճանուելուց յետոյ իսրայէլացիները հարցնում էին Տիրոջը եւ ասում. Մեզնից ո՞վ առաջինը դուրս կը գայ պատերազմի քանանացիների դէմ։
2 Տէրն ասաց. Յուդայի՛ ցեղը պէտք է դուրս գայ, քանի որ երկիրը նրա ձեռքն եմ յանձնել։
3 Եւ Յուդան իր եղբայր Շմաւոնին ասաց. Վե՛ր կաց գնանք ինձ հետ իմ կալուածքը եւ քանանացիների դէմ պատերազմենք, ես էլ քեզ հետ կը գամ քո կալուածքը։ Շմաւոնը գնաց նրա հետ։
4 Յուդան գնաց, եւ Տէրը քանանացիներին ու փերեզացիներին յանձնեց նրա ձեռքը, եւ նա Բեզեկում նրանցից տասը հազար մարդ կոտորեց։
5 Բեզեկում գտան Ադոնիբեզեկին, նրա դէմ պատերազմեցին եւ ջարդեցին քանանացիներին ու փերեզացիներին։
6 Ադոնիբեզեկը փախաւ, բայց նրան հետապնդեցին, հասան նրան եւ կտրեցին նրա ձեռքերի ու ոտքերի մատները։
7 Ադոնիբեզեկն ասաց. Եօթանասուն թագաւորներ, որոնց ձեռքերի ու ոտքերի մատները կտրուած էին, հաւաքում էին իմ սեղանի տակի փշրանքները։ Արդ, ինչպէս ես էի արել, այդպէս էլ Աստուած ինձ հատուցեց։ Նրան բերին Երուսաղէմ, եւ նա այնտեղ մեռաւ։
8 Յուդայի որդիները պատերազմեցին Երուսաղէմի դէմ, գրաւեցին այն, սրի քաշեցին եւ քաղաքը հրով այրեցին։
9 Դրանից յետոյ Յուդայի որդիներն իջան պատերազմելու լերան կողմում, հարաւում եւ դաշտավայրում բնակուող քանանացիների դէմ։
10 Յուդան գնաց Քեբրոնում բնակուող քանանացիների վրայ, եւ Քեբրոնը դուրս եկաւ նրա դէմ։ Քեբրոնի անունն առաջ Կարիաթարբոկ Սեփեր էր։ Ջարդեցին Սէսիին, Աքիմանին եւ Թոլմիին՝ Ենակի զաւակներին։
11 Այնտեղից յարձակուեցին Դաբիրի բնակիչների վրայ։ Դաբիրի անունն առաջ Նամակաց քաղաք էր։
12 Քաղէբն ասաց. Ով որ հարուածի Նամակաց քաղաքին եւ գրաւի այն, իմ դուստր Ասքային նրան կնութեան կը տամ։
13 Եւ գրաւեց այն Քաղէբի կրտսեր եղբօր՝ Կենեզի որդի Գոդոնիէլը, եւ Քաղէբն իր դուստր Ասքային նրան կնութեան տուեց։
14 Երբ աղջիկը գնում էր, Գոդոնիէլը յորդորեց նրան, որ իր հօրից ագարակ խնդրի։ Աղջիկը տրտնջաց, աղաղակեց էշի վրայից եւ ասաց. Հարաւային երկիր տուիր ինձ։ Քաղէբը նրան ասաց. Ի՞նչ եղաւ քեզ։
15 Ասքան նրան ասաց. Ինձ օրհնութիւն տո՛ւր. որովհետեւ ինձ հարաւային երկիր տուիր, տո՛ւր ինձ նաեւ ջրի աղբիւրներ։ Եւ Քաղէբը նրա ցանկութեամբ նրան տուեց վերին աղբիւրներն ու հովիտների աղբիւրները։
16 Մովսէսի աներոջ՝ Կինեցի Յոբաբայի որդիները, Արմաւենիների քաղաքից գնացին Յուդայի որդիների մօտ, Յուդայի անապատը, որը Յուդայի երկրի հարաւում է, Արադի զառիվայրի մօտ, եւ գնացին բնակուեցին ժողովրդի հետ։
17 Յուդան գնաց իր եղբայր Շմաւոնի հետ, եւ նրանք հարուածեցին, նզովեցին ու կոտորեցին Սեփաթում բնակուող քանանացիներին եւ այդ քաղաքի անունը կոչեցին Սատակում։
18 Յուդան չառաւ Գազան ու նրա սահմանները, Ասկաղոնն ու նրա սահմանները, Ակկարոնն ու նրա սահմանները, Ազոտոսն ու նրա արտերը։
19 Տէրը Յուդայի հետ էր։ Յուդան գրաւեց լեռը, բայց հովիտների բնակիչներին չկարողացաւ տիրել, որովհետեւ Ռեքաբը զատեց նրանց, եւ նրանք երկաթէ կառքեր ունէին։
20 Քեբրոնը տուին Քաղէբին, ինչպէս ասել էր Մովսէսը։ Քաղէբը այնտեղից ժառանգութիւն ստացաւ Ենակի որդիների երեք քաղաքները եւ քշեց այնտեղից Ենակի երեք որդիներին։
21 Բենիամինի որդիները Երուսաղէմում բնակուող յեբուսացիներին չնուաճեցին, եւ յեբուսացիները բնակւում են այնտեղ Բենիամինի որդիների հետ մինչեւ այսօր։
22 Յովսէփի որդիներն իրենք էլ գնացին Բեթէլի դէմ, եւ Տէրը նրանց հետ էր։
23 Իսրայէլի տոհմը բանակատեղի դրեց Բեթէլում. այդ քաղաքի անունն առաջ Լուզա էր։
24 Պահապանները մի մարդ տեսան, որ դուրս էր գալիս այդ քաղաքից, բռնեցին նրան եւ ասացին. Ցո՛յց տուր մեզ քաղաքի մուտքը, եւ մենք կը խնայենք քեզ։
25 Նա նրանց ցոյց տուեց քաղաքի մուտքը, եւ նրանք քաղաքը սրի քաշեցին, իսկ այն մարդուն եւ նրա ազգատոհմը ազատ արձակեցին։
26 Այդ մարդը գնաց Քետիմ երկիրը, այնտեղ քաղաք շինեց եւ նրա անունը Լուզա դրեց, եւ այդ է նրա անունը մինչեւ այսօր։
27 Մանասէն որպէս ժառանգութիւն չստացաւ Բեթսանը, այսինքն՝ Սկիւթուպոլիսը, նրա աւանները եւ նրա արտերը, Թանաքը եւ նրա աւանները, Դորի բնակիչներին, նրա շուրջը բնակուողներին եւ նրա աւանները, Բաղակի բնակիչներին, նրա շուրջը բնակուողներին եւ նրա աւանները, Յեբղամի բնակիչներին, նրա շուրջը բնակուողներին եւ նրա աւանները. եւ քանանացիները շարունակեցին բնակուել այդ երկրում։
28 Երբ Իսրայէլը հզօրացաւ, քանանացիներին հարկի տակ գցեց, բայց նրանց իսպառ չվերացրեց։
29 Եփրեմն էլ չվերացրեց Գազերում բնակուող քանանացիներին, եւ քանանացիները բնակուեցին նրանց մէջ Գազերում ու Եփրեմին հարկատու եղան։
30 Զաբուղոնն էլ չվերացրեց Կեդրոնի բնակիչներին ու Ամանի բնակիչներին, եւ քանանացիները բնակուեցին նրանց մէջ եւ նրանց հարկատու եղան։
31 Ասերը չվերացրեց Ակքովի բնակիչներին, որոնք նրան հարկատու եղան, նաեւ Դորի, Սիդոնի, Դալափի, Աքազիփի, Ելփայի, Ափէկի, Ռոբի բնակիչներին։
32 Ասերացիները բնակուեցին այդ երկրում ապրող քանանացիների մէջ, որովհետեւ չկարողացան վերացնել նրանց։
33 Նեփթաղիմը չվերացրեց Բեթսամիւսի բնակիչներին, ոչ էլ Բեթանաթի բնակիչներին։ Նեփթաղիմը բնակուեց այդ երկրում ապրող քանանացիների մէջ, իսկ Բեթսամիւսի եւ Բեթանաթի բնակիչները նրան հարկատու եղան։
34 Ամորհացիները Դանի որդիներին նեղեցին լերան վրայ, որովհետեւ նրանց թոյլ չէին տալիս իջնել հովիտները։
35 Եւ ամորհացիները շարունակեցին բնակուել Մրտենիների լերան վրայ։ Այնտեղ, Մրտաստանում եւ Սաղապինում արջեր եւ աղուէսներ կային։ Յովսէփի տոհմի ձեռքը ծանրացաւ ամորհացիների վրայ, եւ ամորհացիները հարկատու եղան նրանց։
36 Ամորհացիները Ակրաբիմի զառիվայրի վրայ, Վէմից վեր սահմանակից էին եդոմայեցիներին։