ԴԱՏԱՒՈՐՆԵՐ. Chapter 2

1 Տիրոջ հրեշտակը Գաղգաղայից դուրս եկաւ Լացատեղը, Բեթէլ եւ Իսրայէլի տուն ու ասաց նրանց. Այսպէս է ասում Տէրը. Տէրը ձեզ հանեց Եգիպտոսից եւ բերեց այն երկիրը, որի համար ձեր հայրերին երդուել էր, որ ձեզ կը տայ եւ ձեզ ասաց. ՛՛Ձեզ հետ դրած ուխտս յաւիտեան չեմ դրժի։
2 Դուք այս երկրի բնակիչների հետ դաշինք մի՛ կնքէք, ոչ էլ նրանց չաստուածների հետ, մի՛ երկրպագէք նրանց, այլ խորտակեցէ՛ք նրանց կուռքերը, կործանեցէ՛ք նրանց զոհասեղանները՛՛։ Բայց դուք իմ խօսքը չլսեցիք եւ այդ բանն արեցիք։
3 Եւ ես ասացի. ՛՛Այլեւս չեմ տեղաշարժի այս ժողովրդին, որին շարունակ կոտորեցի եւ նրան չեմ քշի ձեր առաջից։ Նրանք ձեզ համար փորձանք կը դառնան, եւ նրանց չաստուածները ձեզ համար գայթակղութիւն կը լինեն՛՛։
4 Երբ Տիրոջ հրեշտակն այս խօսքերն ասաց Իսրայէլի բոլոր որդիներին, ժողովուրդը ձայն բարձրացրեց ու լաց եղաւ։
5 Դրա համար էլ այն տեղի անունը Լալօնք դրին. եւ այնտեղ Տիրոջը զոհ մատուցեցին։
6 Յեսուն արձակեց ժողովրդին, եւ իսրայէլացիները գնացին ամէն մէկն իր տունը եւ ամէն մէկն իր կալուածքը՝ երկիրը ժառանգութիւն ստանալու համար։
7 Եւ ժողովուրդը Տիրոջը ծառայեց Յեսուի կենդանութեան բոլոր օրերում եւ այն ծերերի կենդանութեան բոլոր օրերում, որոնք երկար ապրեցին Յեսուից յետոյ եւ որոնք տեսել էին Տիրոջ բոլոր մեծամեծ գործերը, որ նա արեց Իսրայէլի համար։
8 Տիրոջ ծառայ Յեսուն՝ Նաւէի որդին, վախճանուեց հարիւր տասը տարեկան հասակում,
9 եւ նրան թաղեցին իր ժառանգութիւնը հանդիսացող երկրի լերան վրայ, Թամնաթարէսում, Եփրեմի լերան վրայ, Գայաս լերան հիւսիսային կողմում։
10 Վախճանուեց նաեւ այդ ամբողջ սերունդը։ Դրանից յետոյ եկաւ ուրիշ սերունդ, որ չէր ճանաչում ո՛չ Տիրոջը եւ ո՛չ էլ այն գործերը, որ նա արել էր Իսրայէլի մէջ։
11 Իսրայէլացիները Տիրոջ առաջ չարիք գործեցին եւ Բահաղիմին պաշտեցին.
12 թողին իրենց հայրերի Տէր Աստծուն, որ նրանց հանել էր Եգիպտացիների երկրից, գնացին օտար աստուածների՝ իրենց շուրջը եղած ազգերի աստուածների ետեւից, երկրպագեցին նրանց եւ բարկացրին Տիրոջը,
13 լքեցին նրան եւ պաշտեցին Բահաղին ու Աստարտներին։
14 Սաստիկ զայրացաւ Տէրն իսրայէլացիների վրայ եւ նրանց մատնեց կողոպտիչների ձեռքը, որոնք կողոպտեցին նրանց։ Տէրը մատնեց նրանց շրջակայ թշնամիների ձեռքը, եւ նրանք չկարողացան դէմ կանգնել իրենց բոլոր թշնամիներին, որոնց հետ կռապաշտութիւն էին արել։
15 Տիրոջ ձեռքը չարիք պատճառելու համար նրանց վրայ էր, ինչպէս որ ասել էր Տէրը եւ ինչպէս որ երդուել էր. եւ Տէրը խիստ նեղեց նրանց։
16 Տէրը նրանց համար դատաւորներ կարգեց եւ նրանց փրկեց կողոպտիչների ձեռքից։ Բայց նրանք դատաւորներին էլ չլսեցին,
17 որովհետեւ օտար աստուածների հետեւելով՝ կռապաշտութիւն արեցին, երկրպագեցին նրանց եւ բարկացրին Տիրոջը։ Շուտով խոտորուեցին այն ճանապարհից, որով ընթանում էին նրանց հայրերը՝ Տիրոջ պատուիրանները լսելով։ Նրանք այդպէս չարեցին։
18 Եւ երբ Տէրը նրանց համար դատաւորներ կարգեց, Տէրն այդ դատաւորների հետ էր եւ նրանց փրկում էր թշնամիների ձեռքից դատաւորների կենդանութեան բոլոր օրերին, որովհետեւ Տէրը նրանց կարեկցում էր պաշարողների եւ չարչարողների երեսից կրած նրանց հեծութեան համար։
19 Եւ երբ դատաւորը մեռնում էր, նրանք դառնում, նորից անօրէնութիւն էին անում իրենց հայրերից աւելի՝ գնալով օտար աստուածների ետեւից, նրանց պաշտելով ու նրանց երկրպագելով։ Նրանք դէն չէին նետում իրենց կուռքերը եւ ետ չէին դառնում իրենց վատ ճանապարհներից։
20 Եւ սաստիկ բարկացաւ Տէրն իսրայէլացիների վրայ եւ ասաց. Քանի որ այս ազգը զանց արեց իմ ուխտը, որը ես դրել եմ նրանց հայրերի հետ, եւ չլսեց իմ ձայնը,
21 ես էլ այլեւս չեմ քշի նրանց առաջից ոչ մի մարդու այն ազգերից, որ կենդանի թողեց Նաւէի որդի Յեսուն։
22 Նա թողեց, որ նրանցով փորձեմ իսրայէլացիներին, թէ արդեօք նրանք կը զգուշանա՞ն եւ Տիրոջ ճանապարհով կը գնա՞ն, թէ՞ ոչ, ինչպէս զգուշացան նրանց հայրերը։
23 Եւ Տէրը թողեց այդ ազգերին, շուտով չվերացրեց նրանց եւ չմատնեց նրանց Յեսուի ձեռքը։