ԴԱՏԱՒՈՐՆԵՐ. Chapter 9

1 Յերոբոաղի որդի Աբիմելէքը գնաց Սիկիմ իր մօր եղբայրների մօտ, խօսեց նրանց հետ եւ իր մօր հօրական ամբողջ ազգատոհմի հետ ու ասաց.
2 Բոլոր սիկիմացիներին ի լուր ասացէ՛ք. Ո՞րն է լաւ ձեզ համար՝ Յերոբոաղի բոլոր եօթանասո՞ւն որդիների իշխելը ձեզ վրայ, թէ՞ մէկ մարդու իշխելը. եւ յիշեցէ՛ք, որ ես ձեր ոսկորից ու ձեր մարմնից եմ։
3 Նրա մօր եղբայրները նրա այս բոլոր խօսքերը հասցրին Սիկիմի բոլոր բնակիչների ականջին, եւ նրանց սիրտը հակուեց Աբիմելէքի կողմը, որովհետեւ ասացին, թէ՝ Նա մեր եղբայրն է,
4 եւ նրան տուին Բահաղ Բերիթի ուխտի տնից եօթանասուն արծաթ։ Դրանցով Աբիմելէքը դատարկապորտ եւ ահարկու մարդիկ վարձեց, որոնք եւ գնացին նրա ետեւից։
5 Նա գնաց Եփրա, իր հօր տունը եւ մի քարի վրայ կոտորեց իր եղբայրներին՝ Յերոբոաղի որդիներին՝ եօթանասուն մարդ։ Ողջ մնաց միայն Յովաթամը՝ Յերոբոաղի կրտսեր որդին, որովհետեւ թաքնուել էր։
6 Սիկիմի բոլոր մարդիկ եւ Մաաղոնի ամբողջ տունը գնացին թագաւոր կարգեցին Աբիմելէքին Կռուի կաղնու մօտ, որ Սիկիմում է։
7 Երբ լուրը հասաւ Յովաթամին, նա գնաց կանգնեց Գարիզին լերան գլխին, ձայնը բարձրացրեց, լաց եղաւ եւ ասաց նրանց. Լսեցէ՛ք ինձ, Սիկիմի՛ մարդիկ, եւ Աստուած ձեզ կը լսի։
8 Ծառերը գնացին իրենց համար թագաւոր օծելու եւ ասացին ձիթենուն. Թագաւորի՛ր մեզ վրայ։
9 Ձիթենին նրանց ասաց. Թողնեմ իմ պարարտութիւնը, որով փառաւորում են ինձ Աստուած եւ մարդիկ, եւ գնամ ծառերի՞ վրայ իշխեմ։
10 Ծառերն ասացին թզենուն. Եկ թագաւորի՛ր մեզ վրայ։
11 Թզենին նրանց ասաց. Իմ քաղցրութիւնն ու իմ լաւ պտուղները թողած՝ գնամ ծառերի՞ վրայ իշխան լինեմ։
12 Ծառերն ասացին որթատունկին. Եկ թագաւորի՛ր մեզ վրայ։
13 Որթատունկը նրանց ասաց. Իմ գինին եւ Աստծու ու մարդկանց ուրախութիւնը թողած՝ գնամ ծառերի՞ իշխան լինեմ։
14 Ծառերն ասացին փշին. Եկ թագաւորի՛ր մեզ վրայ։
15 Փուշն ասաց ծառերին. Եթէ իսկապէս դուք ինձ ձեզ վրայ թագաւոր էք օծում, եկէք ծածկուեցէ՛ք իմ հովանու տակ, եթէ ոչ՝ փշից կրակ դուրս կը գայ եւ կ՚այրի Լիբանանի մայրիները։
16 Արդ, եթէ ճշմարտութեամբ եւ արդարութեամբ վարուեցիք Աբիմելէքին թագաւոր դարձնելով, եթէ լաւ վարուեցիք Յերոբոաղի եւ նրա տան հետ, եթէ նրա ձեռքի գործերի համեմատ հատուցեցիք նրան...
17 Իմ հայրը ձեր փոխարէն պատերազմեց, իր կեանքը չխնայեց եւ ձեզ ազատեց մադիամացիների ձեռքից։
18 Իսկ դուք այսօր ելաք իմ հօր տան դէմ եւ կոտորեցիք նրա որդիներին՝ եօթանասուն մարդ մի քարի վրայ եւ նրա աղախնի որդի Աբիմելէքին, - քանի որ նա ձեր եղբայրն է, - սիկիմացիների թագաւոր կարգեցիք։
19 Եթէ այսօր Յերոբոաղի եւ նրա տան հետ ճշմարտութեամբ եւ արդարութեամբ վարուեցիք, օրհնուած լինէք դուք եւ ուրախացէ՛ք Աբիմելէքով, եւ նա էլ ձեզնով թող ուրախանայ։
20 Իսկ եթէ ոչ, թող Աբիմելէքից կրակ դուրս գայ եւ այրի Սիկիմի բնակիչներին ու Մաաղոնի տունը, կամ էլ թող կրակ դուրս գայ Սիկիմի բնակիչներից ու Մաաղոնի տնից եւ այրի Աբիմելէքին։
21 Յովաթամը փախաւ ու ազատուեց, գնաց Բերայի ճանապարհով եւ բնակուեց այնտեղ՝ թաքնուելով իր եղբայր Աբիմելէքից։
22 Աբիմելէքն իշխեց Իսրայէլի վրայ երեք տարի։
23 Աստուած չար ոգի ուղարկեց Աբիմելէքի եւ Սիկիմի բնակիչների մէջ, եւ Սիկիմի բնակիչներն արհամարհեցին Աբիմելէքի տունը,
24 որպէսզի Յերոբոաղի եօթանասուն որդիներին հասած անիրաւութիւնը նրա վրայ գայ, եւ նրանց արիւնը հասնի իրենց եղբայր Աբիմելէքի վրայ, որ նրանց կոտորեց, նաեւ Սիկիմի բնակիչների վրայ, որոնք զօրացրել էին նրա ձեռքը, որ կոտորի իր եղբայրներին։
25 Սիկիմի բնակիչները նրա համար դարան պատրաստեցին լեռների կատարներին եւ կողոպտում էին բոլորին, ովքեր անցնում էին նրանց մօտի ճանապարհով։ Լուրը հասաւ Աբիմելէքին։
26 Իսկ Աբեդդի որդի Գաաղը եւ նրա եղբայրները եկան մտան Սիկիմ, եւ Սիկիմի բնակիչներն ապաւինեցին նրան։
27 Նրանք դուրս եկան դաշտերը, քաղեցին իրենց այգիների խաղողը, տրորեցին հնձաններում, պար բռնեցին, մտան իրենց աստծու տունը, կերան, խմեցին եւ անիծեցին Աբիմելէքին։
28 Աբեդդի որդի Գաաղն ասաց. Աբիմելէքն ո՞վ է, եւ Սիքէմի որդին ո՞վ է, որ մենք նրան ծառայենք. նա Յերոբոաղի որդին չէ՞, եւ իր ծառայ Զեբուղը նրա վերակացուն չէ՞։ Սիքէմի հօր՝ Եմորի մարդկանց հետ, ինչո՞ւ համար նրան ծառայենք։
29 Երանի թէ այս ժողովրդին իմ ձեռքը տային, եւ ես հեռացնէի Աբիմելէքին եւ ասէի նրան. Զօրքերդ շատացրո՛ւ եւ դո՛ւրս եկ իմ դէմ։
30 Քաղաքի իշխան Զեբուղը լսեց Աբեդդի որդի Գաաղի խօսքերը եւ բարկութեամբ լցուեց։
31 Նա Աբիմելէքի մօտ պատգամաւորներ ուղարկեց նուէրներով եւ ասաց. Ահա Աբեդդի որդի Գաաղն ու նրա եղբայրները եկել են Սիկիմ եւ քաղաքը պաշարում են, որ հանեն քո դէմ։
32 Հիմա դու եւ քեզ հետ եղող զօրքը գիշերը վե՛ր կացէք եւ դարանամո՛ւտ եղէք դաշտում։
33 Առաւօտեան, հէնց որ արեգակը ծագի, կանուխ վե՛ր կացէք եւ քաղաքի վրայ յարձակուեցէ՛ք։ Երբ նա եւ նրա հետ եղող զօրքը դուրս գան քո դէմ, նրա հետ արա՛ այն, ինչ որ ձեռքիցդ կը գայ։
34 Աբիմելէքը եւ նրա հետ եղող զօրքը գիշերով վեր կացան եւ չորս գնդով դարան մտան Սիկիմի մօտ։
35 Առաւօտեան Աբեդդի որդի Գաաղը դուրս եկաւ եւ կանգնեց քաղաքի դարպասի առաջ։ Աբիմելէքը եւ նրա հետ եղող ամբողջ զօրքը դուրս եկան դարաններից։
36 Աբեդդի որդի Գաաղը տեսնելով զօրքը՝ Զեբուղին ասաց. Ահա լեռների գագաթից զօրք է իջնում։ Զեբուղը նրան ասաց. Լեռների ստուերն ես տեսնում դու եւ մարդկանց տեղ ես դնում։
37 Գաաղը նորից խօսեց եւ ասաց. Ահա զօրք է իջնում երկրի պորտից դէպի ծովի կողմը, եւ մի գունդ էլ գալիս է Դիտանոցների կաղնու ճանապարհով։
38 Զեբուղը նրան ասաց. Հիմա ո՞ւր է քո բերանը, որն ասում էր, թէ ո՞վ է Աբեմելէքը, որ մենք ծառայենք նրան։ Չէ՞ որ սա այն զօրքն է, որը դու արհամարհում էիր։ Հիմա վե՛ր կաց եւ նրա հետ պատերազմի՛ր։
39 Գաաղը դուրս եկաւ Սիկիմի բնակիչների առաջ եւ կռուեց Աբիմելէքի դէմ։
40 Աբիմելէքը նրան հալածեց, նա փախաւ նրա առաջից, եւ շատ վիրաւորներ ընկան մինչեւ քաղաքի դարպասները։
41 Աբիմելէքը մնաց Արիմում, իսկ Զեբուղը Գաաղին եւ նրա եղբայրներին քշեց, որ Սիկիմում չբնակուեն։
42 Յաջորդ օրը ժողովուրդը դաշտ դուրս եկաւ. դա իմացաւ Աբիմելէքը։
43 Նա առաւ զօրքը, երեք գնդի բաժանեց եւ նրանց հետ դարան մտաւ։ Նա տեսաւ, որ զօրքը դուրս է գալիս քաղաքից, յարձակուեց նրանց վրայ եւ ջարդեց նրանց։
44 Աբիմելէքը եւ նրա հետ եղող գնդերը կռուեցին եւ կանգնեցին քաղաքի դարպասի մօտ, իսկ երկու գնդերը յարձակուեցին դաշտում գտնուողների վրայ եւ ջարդեցին նրանց։
45 Աբիմելէքն այդ ամբողջ օրը պատերազմեց քաղաքի դէմ. նրանք գրաւեցին քաղաքը եւ նրա մէջ եղած ժողովրդին կոտորեցին, քաղաքը կործանեցին եւ այնտեղ աղ ցանեցին։
46 Այս լսեցին Սիկիմի աշտարակի բոլոր մարդիկ, եկան Բեթէլ Բերիթի տան ամրոցը։
47 Աբիմելէքին լուր հասաւ, որ Սիկիմի աշտարակի բոլոր մարդիկ հաւաքուել են։
48 Աբիմելէքը եւ նրա հետ եղող ամբողջ զօրքը բարձրացան Սելմոն լեռը, Աբիմելէքը կացինն իր ձեռքն առաւ, մի բեռ փայտ կտրեց, վերցրեց այն, դրեց իր ուսերի վրայ եւ ասաց իր զօրքին. Տեսաք, թէ ես ինչ արեցի, դուք էլ անմիջապէս նոյնը արէք։
49 Նրանցից իւրաքանչիւրը մի բեռ փայտ կտրեց, վերցրեց ու գնաց Աբիմելէքի ետեւից. փայտը դրին ամրոցի վրայ եւ ամրոցը հրով այրեցին։ Սիկիմի աշտարակի բոլոր մարդիկ, մօտ հազար մարդ՝ տղամարդ եւ կին, մեռան։
50 Աբիմելէքը գնաց Թեբէս, պաշարեց եւ գրաւեց այն։
51 Քաղաքի մէջ մի ամուր աշտարակ կար, բոլոր տղամարդիկ եւ կանայք ու քաղաքի բոլոր գլխաւորները փախան այնտեղ, փակեցին դուռը ներսից եւ բարձրացան աշտարակի կտուրը։
52 Աբիմելէքը եկաւ մինչեւ աշտարակը, կռուեց դրա դէմ եւ մօտեցաւ աշտարակի դռներին։
53 Մի կին երկանաքարի մի կտոր գցեց նրա գլխին եւ ջարդեց Աբիմելէքի գանգը։
54 Աբիմելէքն իսկոյն ձայն տուեց իր կապարճակիր պատանուն եւ նրան ասաց. Մերկացրո՛ւ քո սուրը եւ սպանի՛ր ինձ. չլինի, թէ ասեն, որ մի կին է սպանել նրան։ Նրա պատանին խոցեց նրան, եւ Աբիմելէքը մեռաւ։
55 Իսրայէլացիները տեսան, որ Աբիմելէքը մեռաւ. նրանցից ամէն մէկը գնաց իր տեղը։
56 Այսպէս Աստուած Աբիմելէքի գլխին թափեց նրա չարիքը, որ նա գործել էր իր հօր դէմ՝ կոտորելով իր եօթանասուն եղբայրներին։
57 Սիկիմի մարդկանց բոլոր չարագործութիւններն Աստուած նրանց գլխին թափեց, եւ Յերոբոաղի որդի Յովաթամի անէծքը նրանց գլխին եկաւ։