ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ա. Chapter 22

1 Դաւիթն այնտեղից գնաց եւ ապաստանեց Օդողոմի քարայրում։ Նրա եղբայրներն ու նրա հօր ամբողջ տունը լսեցին այդ եւ եկան այնտեղ՝ նրա մօտ։
2 Նրա մօտ հաւաքուեցին բոլոր տառապեալները, բոլոր պարտապաններն ու դժգոհները, եւ նա նրանց առաջնորդը դարձաւ։ Նրա մօտ չորս հարիւրի չափ մարդ հաւաքուեց։
3 Այնտեղից Դաւիթը գնաց Մովաբի Մասեփաթ քաղաքը եւ ասաց Մովաբի արքային. Թող իմ հայրն ու մայրը քեզ մօտ մնան, մինչեւ որ իմանամ, թէ Աստուած ինձ ինչ պիտի անի։
4 Նա աղաչեց Մովաբի արքային, եւ նրանք նրա մօտ բնակուեցին այնքան ժամանակ, քանի դեռ Դաւիթը քարանձաւում էր։
5 Գադ մարգարէն ասաց Դաւթին. Մի՛ մնա քարանձաւում, այլ վեր կաց գնա՛ Յուդայի երկիրը։ Դաւիթը գնաց եւ հաստատուեց Սարիթ քաղաքում։
6 Սաւուղն իմացաւ, որ Դաւիթն իր մարդկանցով յայտնուել է։ Սաւուղը Ռամայի ներքին դաշտի բլրին էր նստել։ Գեղարդը նրա ձեռքին էր, եւ բոլոր ծառաները նրա շուրջն էին։
7 Սաւուղը խօսելով իրեն շրջապատող ծառաների հետ՝ ասաց. Լսեցէ՛ք, Բենիամինի՛ որդիներ, արդեօ՞ք Յեսսէի որդին ձեզ ամենքիդ արտեր, այգեստաններ կը տայ եւ կամ ձեզ ամենքիդ հազարապետներ ու հարիւրապետներ կը դարձնի։
8 Ինչո՞ւ ամէնքդ իմ դէմ միաբանել էք, եւ ինձ յայտնող չկայ, որ իմ որդին դաշինք է կնքել Յեսսէի որդու հետ։ Ձեր մէջ ինձ համար ցաւող չկայ, որ ինձ յայտնէր, թէ իմ որդին իմ դէմ է յարուցել իմ ծառային որպէս թշնամի, ինչպէս այսօր է։
9 Պատասխան տուեց Դովեկ Ասորին, որը Սաւուղի ջորիներն էր արածեցնում, եւ ասաց. Ես տեսայ Յեսսէի որդուն, որ եկել էր Նոմբա Աքիտոբի որդի Աքիմելէք քահանայի մօտ։
10 Նա նրա մասին հարցրեց Տիրոջը, նրան պաշար տուեց, ինչպէս նաեւ այլազգի Գողիաթի սուրը։
11 Արքան մարդ ուղարկեց ու կանչել տուեց Աքիտոբի որդի Աքիմելէք քահանային ու նրա հօր բոլոր որդիներին՝ Նոմբայում գտնուող քահանաներին։ Ամէնքն էլ եկան արքայի մօտ։
12 Սաւուղն ասաց. Լսի՛ր, Աքիտոբի՛ որդի։ Սա ասաց. Լսում եմ, խօսի՛ր, տէ՛ր։
13 Սաւուղն ասաց նրան. Ինչո՞ւ դու եւ Յեսսէի որդին միաբանել էք իմ դէմ, դու նրան հաց ու սուր ես տուել, նրա համար Աստծուն խնդրել, նրան ինձ հետ թշնամացրել, ինչպէս այսօր է։
14 Աքիմելէքը պատասխանեց արքային՝ ասելով. Քո ծառաների մէջ ո՞վ կայ Դաւթի պէս հաւատարիմ։ Նա քո՝ արքայիդ փեսան է եւ քո բոլոր հրամանները գործադրողը, քո տան մէջ փառաւորը։
15 Մի՞թէ ես այսօր եմ սկսել նրա համար Աստծուն խնդրել։ Քա՛ւ լիցի, որ արքան իր ծառայի վրայ կամ իմ հօր տան վրայ այդպիսի մեղք բարդի, քանզի քո ծառան այդ ամենից շատ կամ քիչ բան չգիտի։
16 Սաւուղ արքան ասաց. Դու մահապատժի կ՚ենթարկուես, Աքիմելէ՛ք, դու եւ քո հօր ամբողջ տունը։
17 Արքան ասաց իրեն շրջապատող թիկնապահներին. Գնացէ՛ք ու Տիրոջ քահանաներին սպանեցէ՛ք, քանզի նրանք հովանաւորում են Դաւթին։ Նրանք գիտէին, որ նա փախչում է, բայց ինձ չյայտնեցին։ Արքայի ծառաները, սակայն, չուզեցին իրենց ձեռքը բարձրացնել ու սպանել Տիրոջ քահանաներին։
18 Արքան ասաց Դովեկին. Դու գնա՛ ու սպանի՛ր Աստծու քահանաներին։ Դովեկ Ասորին գնաց ու կոտորեց Տիրոջ քահանաներին։ Այդ օրը երեք հարիւր հինգ մարդ սպանուեց։
19 Բոլորը կտաւից պարեգօտ կրողներ էին։ Քահանաների քաղաք Նոմբան սրի քաշուեց. սրախողխող եղան տղամարդ թէ կին, երեխայ թէ կաթնակեր մանուկ, արջառ թէ աւանակ եւ ոչխար։
20 Աքիտոբի որդի Աքիմելէքի մի որդին փրկուեց։ Նրա անունն էր Աբիաթար։ Նա փախաւ Դաւթի մօտ։
21 Աբիաթարը Դաւթին յայտնեց, որ Սաւուղը կոտորել է Տիրոջ բոլոր քահանաներին։
22 Դաւիթն ասաց Աբիաթարին. Այն օրը գիտէի, որ Դովեկ Ասորին անպայման կը յայտնի Սաւուղին։ Քո հօր տան բոլոր զոհուած մարդկանց համար ես եմ յանցաւոր։
23 Նստի՛ր ինձ մօտ եւ մի՛ վախեցիր, քանզի ուր որ ինձ համար տեղ փնտռեմ, քեզ համար էլ կը փնտռեմ, եւ դու ինձ մօտ ապահով կը լինես։