ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ա. Chapter 11

1 Մէկ ամիս անց Նաաս Ամոնացին եկաւ Գաղաադի Յաբիս քաղաքի շուրջը բանակ դրեց։ Յաբիսի բոլոր բնակիչներն ասացին Նաաս Ամոնացուն. Մեզ հետ դաշինք կնքի՛ր, եւ մենք կը ծառայենք քեզ։
2 Նաաս Ամոնացին նրանց ասաց. Ձեզ հետ դաշինք կը կնքեմ այն պայմանով, որ բոլորդ հանէք ձեր աջ աչքը։ Եւ ես դրանով ամբողջ Իսրայէլի վրայ նախատինք դրած կը լինեմ։
3 Յաբիսի բնակիչները ասացին Նաասին. Մեզ եօթը օր ժամանակ տո՛ւր, որ պատգամաւորներ ուղարկենք Իսրայէլի բոլոր սահմանները, եւ եթէ մեզ փրկող չլինի, քեզ անձնատուր կը լինենք։
4 Պատգամաւորները եկան Գաբաա, Սաւուղի մօտ եւ այդ խօսքերը հաղորդեցին ժողովրդին։
5 Ժողովուրդն իր ձայնը բարձրացրեց ու լաց եղաւ։ Սաւուղն առաւօտեան գալով դաշտից՝ հարցրեց. Ի՞նչ է պատահել, որ ժողովուրդը լաց է լինում։ Նրան յայտնեցին յաբիսեցիների խօսքերը։
6 Երբ Սաւուղը լսեց այս բանը, Տիրոջ հոգին շարժուեց նրա վրայ, եւ նրա բարկութիւնը սաստիկ բորբոքուեց։
7 Նա մի զոյգ եզ առաւ, կտոր-կտոր արեց դրանք ու պատգամաւորների միջոցով Իսրայէլի բոլոր սահմաններն ուղարկեց՝ ասելով. Ով Սաւուղի եւ Սամուէլի յետեւից չգայ, այսպէս կը դառնան նրա եզները։ Տիրոջ ահն ընկաւ Իսրայէլի ամբողջ ժողովրդի սիրտը, եւ նրանք մէկ մարդու պէս անվախ վրայ վազեցին։
8 Սաւուղը Բեզեկում զօրահաւաք արեց. Իսրայէլի բոլոր մարդիկ վեց հարիւր հազար հոգի էին, իսկ Յուդայի ցեղի մարդիկ՝ եօթանասուն հազար։
9 Նա ասաց եկած պատգամաւորներին. Այսպէս կ՚ասէք Գաղաադի Յաբիս քաղաքի բնակիչներին. Վաղը, երբ արեգակը տաքացնի երկիրը, դուք կը փրկուէք։ Պատգամաւորները եկան քաղաք ու դա հաղորդեցին Յաբիսի բնակիչներին, որոնք ուրախացան։
10 Յաբիսի բնակիչներն ասացին Նաաս Ամոնացուն. Վաղը ձեզ անձնատուր կը լինենք, եւ մեզ հետ վարուեցէք այնպէս, ինչպէս հաճելի է ձեզ։
11 Հետեւեալ օրը Սաւուղը ժողովրդին բաժանեց երեք գնդի։ Առաւօտեան նրանք մտան նրանց բանակի մէջ եւ ամոնացիներին կոտորեցին մինչեւ արեւի ջերմացնելը։ Կենդանի մնացածները փախուստի դիմեցին այնպէս, որ նրանցից երկու հոգու իրար մօտ չէիր գտնի։
12 Ժողովուրդն ասաց Սամուէլին. Այդ ո՞վ էր ասում, թէ Սաւուղը չի կարող թագաւորել մեզ վրայ, մեզ յանձնի՛ր այդ մարդկանց, որ սպանենք նրանց։
13 Սամուէլն ասաց. Այսօր ոչ ոք չի սպանուելու, որովհետեւ Տէրն այսօր փրկութիւն պարգեւեց Իսրայէլին։
14 Սամուէլը խօսելով ժողովրդի հետ՝ ասաց. Գնանք Գաղգաղա եւ թագադրութեան տօնակատարութիւն անենք։
15 Ամբողջ ժողովուրդը գնաց Գաղգաղա եւ այնտեղ, Գաղգաղայում, Տիրոջ առջեւ Սամուէլը Սաւուղին թագաւոր օծեց։ Խաղաղութեան զոհեր մատուցեցին Տիրոջ առաջ, եւ Սամուէլն ու ամբողջ ժողովուրդը շատ ուրախացան։