ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ա. Chapter 23

1 Դաւթին յայտնեցին՝ ասելով. Այլազգիները պատերազմում են Կէիլայի դէմ եւ կողոպտում են կալերը։
2 Դաւիթը Տիրոջը հարցրեց՝ ասելով. Գնա՞մ ջարդեմ այդ այլազգիներին։ Տէրն ասաց Դաւթին. Գնա՛, ջարդի՛ր այլազգիներին ու փրկի՛ր Կէիլան։
3 Դաւթի մարդիկ ասացին նրան. Մենք այստեղ՝ Հրէաստանի մէջ, վախենում ենք։ Ի՞նչ կը լինի մեր վիճակը, եթէ գնանք Կէիլա ու այլազգիներին գերի դառնանք։
4 Դաւիթը երկրորդ անգամ հարցրեց Տիրոջը, եւ Տէրը նրան պատասխան տուեց՝ ասելով. Վեր կաց գնա՛ Կէիլա, քանզի ես այլազգիներին քո ձեռքն եմ մատնելու։
5 Դաւիթն իր մարդկանցով գնաց Կէիլա եւ մարտնչեց այլազգիների դէմ, որոնք նրա առջեւից փախան։ Նա նրանց մեծ հարուածներ հասցրեց, վերցրեց նրանց անասունը եւ փրկեց Կէիլայի բնակիչներին։
6 Երբ Աքիմելէքի որդի Աբիաթարը Դաւթի մօտ էր փախել եւ Դաւթի հետ էլ գալիս էր Կէիլա, իր ձեռքին ունէր պարեգօտը։
7 Երբ Սաւուղին յայտնեցին, թէ Դաւիթը եկել է Կէիլա, Սաւուղն ասաց. Աստուած նրան իմ ձեռքն է մատնել, քանզի մտել ու փակուել է դռներ ու նիգեր ունեցող քաղաքում։
8 Սաւուղն ամբողջ ժողովրդին հրամայեց գնալ Կէիլա, գտնել Դաւթին ու նրա մարդկանց։
9 Դաւիթը Սաւուղի մասին իմացաւ, որ նա չարութիւնից չի հրաժարուել։
10 Դաւիթն ասաց Աբիաթար քահանային. Բե՛ր Տիրոջ պարեգօտը։ Դաւիթն ասաց. Ո՛վ Իսրայէլի Տէր Աստուած, քո ծառան լսեց, որ Սաւուղն ուզում է յարձակուել Կէիլայի վրայ եւ կործանել քաղաքն իմ պատճառով։
11 Արդեօք, ինչպէս քո ծառան լսել է, Սաւուղը հիմա կ՚իջնի այստեղ, կը պաշարի՞։ Յայտնի՛ր քո ծառային, Իսրայէլի Տէ՛ր Աստուած։
12 Տէրն ասաց. Կը պաշարի։ Դաւիթն ասաց. Արդեօք կէիլացիներն ինձ եւ իմ մարդկանց Սաւուղի ձեռքը կը մատնե՞ն։ Տէրն ասաց. Կը մատնեն։
13 Վեր կացան Դաւիթն ու նրա հետ եղող մարդիկ, մօտաւորապէս չորս հարիւր մարդ, ելան Կէիլայից ու գնացին ուր որ կարող էին գնալ։ Երբ Սաւուղին յայտնեցին, թէ Դաւիթը փախել է Կէիլայից, նա հրաժարուեց քաղաքի վրայ յարձակուելուց։
14 Դաւիթը բնակւում էր անապատի մէջ, Մասերեթի կիրճերում եւ մնում էր Զիփ անապատի միգապատ լերան վրայ, մթին երկրում։ Սաւուղն անընդհատ նրան էր որոնում, սակայն Տէրը նրա ձեռքը չմատնեց Դաւթին։
15 Երբ Դաւիթը տեսաւ, որ Սաւուղը դուրս է եկել իրեն որոնելու, մնաց անապատում, Նոր Զիփի միգապատ լերան վրայ։
16 Սաւուղի որդի Յովնաթանը վեր կացաւ ու գնաց Նոր Զիփ՝ Դաւթի մօտ, եւ նրա ձեռքերը Տիրոջ կողմից զօրացան։
17 Յովնաթանն ասաց նրան. Մի՛ վախեցիր, որովհետեւ իմ հայր Սաւուղի ձեռքը քեզ չի գտնի, եւ դու կը թագաւորես Իսրայէլի վրայ, իսկ ես քո երկրո՛րդը կը լինեմ։
18 Իմ հայր Սաւուղն էլ գիտի, որ դա այդպէս է։ Նրանք երկուսով ուխտ դրեցին Տիրոջ առջեւ։ Դաւիթը մնաց Նորում, իսկ Յովնաթանը գնաց իր տունը։
19 Զիփացիներն իրենց մռայլ երկրից ելան գնացին բլուրը, Սաւուղի մօտ եւ ասացին. Չէ՞ որ Դաւիթն ահա մեզ մօտ է թաքնուած, Մասերայում, Նորի կիրճերում, Եքեղատի բլրի վրայ, Հեսեմոնի աջ կողմը։
20 Արդ, ո՛վ արքայ, քանի որ դա շատ ես ցանկանում, անպայման արի՛ մեզ մօտ, որ նրան շրջափակենք ու քո՝ արքայիդ ձեռքը յանձնենք։
21 Սաւուղն ասաց նրանց. Օրհնեալ էք դուք Տիրոջից, քանզի ինձ ցաւակից էք։
22 Արդ, գնացէ՛ք, աւելի լա՛ւ պատրաստուեցէք, դիտեցէ՛ք ու յայտնաբերեցէ՛ք, թէ նա ուր ոտք կը դնի։ Շո՛ւտ հասէք այն տեղը, որտեղ ասում էք, թէ նա գտնւում է։ Չլինի, թէ նա խորամանկութիւն անի։
23 Քննեցէ՛ք ու տեսէ՛ք ամէն տեղ, ուր թաքնուած է, եւ վերադարձէ՛ք ինձ մօտ ստոյգ տեղեկութիւններով, որ ձեզ հետ գնանք։ Եթէ նա այդ երկրում է, հազարաւոր յուդացիների մէջ էլ կը գտնեմ նրան։
24 Եւ զիփացիները վեր կացան ու գնացին Սաւուղի մօտից։Դաւիթը եւ նրա մարդիկ Մաոնի անապատում էին, Հեսեմոնի աջ կողմում, դէպի արեւմուտք։
25 Սաւուղն ու նրա մարդիկ գնացին Դաւթին փնտռելու։ Երբ Դաւթին իմաց տուեցին, նա իջաւ ու նստեց Մաոնի անապատում, քարի վրայ։ Սաւուղն այդ լսելով՝ հետապնդեց Դաւթին Մաոնի անապատում։
26 Սաւուղն ու իր մարդիկ գնում էին լերան այս կողմով, իսկ Դաւիթն իր մարդկանցով՝ լերան այն կողմով։ Դաւիթը Սաւուղից թաքուն էր գնում, սակայն Սաւուղն ու իր մարդիկ Դաւթին ու նրա մարդկանց շրջապատեցին, որ բռնեն։
27 Եւ ահա մի լրաբեր եկաւ Սաւուղի մօտ եւ ասաց. Շտապ արի՛ այստեղ, որովհետեւ այլազգիները արշաւել են երկրի վրայ։
28 Սաւուղը Դաւթին հետապնդելուց դադարեց, որ գնայ այլազգիների դէմ։ Այդ պատճառով այս վայրը կոչուեց Բաժանուած վէմ։