ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ա. Chapter 14

1 Մի օր Սաւուղի որդի Յովնաթանն իր կապարճակրին ասաց. Ե՛կ անցնենք այլազգիների կիրճից այն կողմ։
2 Այդ մասին նա իր հօրը իմաց չտուեց։ Սաւուղը նստած էր բլրի գլխին, Մագդողի նռնենու տակ։ Նրա հետ եղած ժողովուրդը մօտ վեց հարիւր հոգի էր։
3 Եւ Աքիա անունով մէկը կար, որը Ղեւիի որդու Փենեէսի որդու Քաբիէլի եղբայր Աքիտոբի որդին էր։ Ղեւին Սելովում Աստծու քահանան էր, որը եփուդ էր կրում։ Ժողովուրդը չգիտէր, որ Յովնաթանը կիրճ է գնացել։
4 Յովնաթանը ուզում էր անցնել այլազգիների ճամբարը, որ գտնւում էր կիրճի մէջ, բայց այդտեղ տանող ճանապարհի այս ու այն կողմում քարաժայռեր էին բարձրանում, որոնցից մէկը կոչւում էր Բազէս, իսկ միւսը՝ Սենարա։
5 Այս քարաժայռերից մէկը հիւսիսի կողմից Մաքմասի դիմաց էր ուղղուած, իսկ միւսը՝ հարաւային կողմից՝ դէպի Գաբայէ։
6 Յովնաթանն ասաց իր կապարճակիր ծառային. Ե՛կ անցնենք այս անթլփատների կիրճը, թերեւս Տէրը յօգուտ մեզ ինչ-որ բան անի, քանզի Տիրոջ համար խտրութիւն չկայ. նա կարող է շատ մարդկանցով էլ փրկութիւն պարգեւել, քչով էլ։
7 Զինակիրն ասաց նրան. Արա՛ այն, ինչ սիրտդ է ուզում։ Ահա ես քեզ հետ եմ, ինչ քո սիրտն է ուզում, նոյնն էլ՝ իմ սիրտը։
8 Յովնաթանն ասաց. Ահաւասիկ մենք ուղղւում ենք այդ մարդկանց կողմը. մագլցելով կը գնանք նրանց մօտ։
9 Եթէ մեզ ասեն. Այնտեղ կա՛նգ առէք, մինչեւ ձեզ կանչենք, ապա տեղում կը կանգնենք եւ նրանց չենք մօտենայ։
10 Բայց եթէ ասեն. Մօտեցէ՛ք մեզ, այն ժամանակ կ՚ելնենք կը գնանք, քանզի պարզ կը լինի, որՏէրը նրանց մեր ձեռքն է մատնել։ Դա մեզ համար թող նշան լինի։
11 Նրանք երկուսով մտան այլազգիների կիրճը։ Այլազգիներն ասացին. Ահա եբրայեցիները ելնում են իրենց ծակերից, ուր թաքնուել էին։
12 Կիրճերի պահապաններն ասացին Յովնաթանին ու կապարճակրին. Մօտեցէ՛ք մեզ, որ մենք ձեզ մի բան յայտնենք։ Յովնաթանն ասաց իր կապարճակրին. Ե՛կ իմ յետեւից, քանզի Տէրը նրանց Իսրայէլի ձեռքն է մատնել։
13 Յովնաթանը մագլցելով գնաց, կապարճակիրն էլ՝ նրա հետ։ Այլազգիները յարձակուեցին Յովնաթանի վրայ, իսկ Յովնաթանը սպանեց նրանց, կապարճակիրն էլ նրա յետեւից էր հարուածում նրանց։
14 Այս առաջին կոտորածի ժամանակ Յովնաթանն ու նրա կապարճակիրը մօտաւորապէս քսան հոգու սպանեցին նետերով ու ձեռքով նետուած դաշտերի քարերով։
15 Դաշտում, բանակում ու կիրճում եղած ամբողջ ժողովրդի մէջ սոսկում ընկաւ, հարուածող գունդը զարհուրեց եւ չէր ուզում շարժուել. երկիրը դղրդաց, եւ Տիրոջ ահն ընկաւ թշնամու սիրտը։
16 Սաւուղի դէտերը Բենիամինի երկրի Գաբաա քաղաքից տեսան, որ բանակը, իրեն կորցրած, այս ու այն կողմ է գնում։
17 Սաւուղն իր հետ եղած զօրքին ասաց. Ստուգեցէ՛ք ու տեսէ՛ք, մեզանից ո՞վ է հեռացել։ Ստուգեցին եւ տեսան, որ Յովնաթանն ու նրա կապարճակիրը չկան։
18 Սաւուղն ասաց Աքիային. Մօտեցրո՛ւ եփուդդ (քանզի նա եփուդ էր կրում, եւ Աստծու տապանակն այդ օրը իսրայէլացիների մօտ էր)։
19 Մինչ Սաւուղը քահանայի հետ էր խօսում, այլազգիների բանակում աղաղակը գնալով աւելանում էր։ Սաւուղը քահանային ասաց. Ձեռքդ յե՛տ քաշիր։
20 Սաւուղն ու նրա հետ նաեւ ամբողջ ժողովուրդը գնացին, հասան պատերազմի դաշտը։ Մարդիկ իրենց սրերն ուղղեցին իրար դէմ, եւ մեծ աղմուկ առաջացաւ։
21 Եւ այն ծառաները, որոնք առաջ իսրայէլացիների հետ էին, բայց այլազգիների հետ բանակ էին եկել, շուռ եկան եւ միացան իսրայէլացիներին՝ Սաւուղին եւ Յովնաթանին։
22 Բոլոր իսրայէլացիները, որոնք թաքնուած էին Եփրեմի լերան վրայ, լսելով այլազգիների փախուստի մասին, խմբուեցին ու իրենք եւս նրանց դէմ պատերազմի մէջ մտան։
23 Այդ օրը Տէրը փրկեց Իսրայէլին, եւ պատերազմը հասաւ մինչեւ Բեթաւան։
24 Սաւուղի հետ եղած ամբողջ ժողովուրդը մօտաւորապէս տասը հազար էր։ Պատերազմը տարածուել էր Եփրեմի լերան բոլոր քաղաքներում։ Այդ օրը Սաւուղը անգիտութեամբ նզովեց ժողովրդին՝ ասելով. Անիծեալ լինի այն մարդը, որ մինչեւ երեկոյ, նախքան որ ես իմ թշնամիներից վրէժ լուծեմ, հաց կ՚ուտի։
25 Եւ ժողովուրդը հաց չկերաւ, թէեւ ամբողջ երկիրը ճաշ էր ուտում։
26 Այնտեղ՝ դաշտի դիմաց, անտառ կար, ուր մեղու էին պահում։ Ժողովուրդը մտաւ մեղուանոցը։ Մարդիկ, անցնելով, քրթմնջում էին, բայց ոչ ոք ձեռքն իր բերանը չէր տանում, քանզի ժողովուրդը վախենում էր Տիրոջը տրուած երդումից։
27 Յովնաթանը չիմանալով, թէ իր հայրը երդուել էր տուել ժողովրդին, իր ձեռքի գաւազանի ծայրը երկարեց, խրեց մեղրի խորսխի մէջ, իր ձեռքով մեղրը տարաւ բերանը, եւ նրա աչքերը պայծառացան։
28 Զինուորներից մէկը նրան ասաց. Քո հայրը խստագոյնս երդուեցրեց ժողովրդին՝ ասելով. Անիծեալ լինի այն մարդը, որ մինչեւ երեկոյ հաց կ՚ուտի։
29 Դրա համար էլ ժողովուրդը թուլացած էր։ Երբ Յովնաթանն այդ իմացաւ, ասաց. Հայրս երկիրը կորստեան է մատնել. տեսէ՛ք, թէ ինչպէս իմ աչքերը լոյս ստացան, քանզի մի քիչ ճաշակեցի այդ մեղրից։
30 Եթէ ժողովուրդն այսօր կերած լինէր իր թշնամուց վերցրած աւարից, այլազգիներին մեծամեծ հարուածներ կը հասցնէր։
31 Այդ օրը նա Մաքմասում կոտորեց այլազգիներին, իսկ ժողովուրդը սաստիկ յոգնել էր։
32 Մարդիկ ընկան աւարի վրայ, առան ոչխարները, արջառներն ու հորթերը, գետնի վրայ մորթեցին ու կերան արնաշաղախ միսը։
33 Սաւուղին յայտնեցին՝ ասելով, թէ՝ Ժողովուրդը Տիրոջ դէմ մեղանչեց, քանզի արնաշաղախ միս կերաւ։ Սաւուղն ասաց. Գեթթամից սկսած արդէն անօրէն էիք դարձել։ Հիմա այստեղ մի մեծ քար բերէ՛ք գլորելով։
34 Սաւուղն աւելացրեց. Ժողովրդի մէջ ցրուեցէ՛ք եւ նրան ասացէ՛ք, որ ամէն մէկն իր արջառն ու ոչխարը այստեղ բերի, սրա վրայ մորթեցէ՛ք ու կերէ՛ք եւ արնաշաղախ միս ուտելով՝ Տիրոջ դէմ մեղանչած չէք լինի։ Մարդիկ այն գիշեր իրենց մօտ եղածը բերեցին եւ այնտեղ մորթեցին։
35 Սաւուղն այդտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց։ Սա առաջին զոհասեղանն էր, որ նա շինեց Տիրոջ համար։
36 Սաւուղն ասաց. Գիշերը հետապնդենք այլազգիներին, մինչեւ լոյսը բացուելը կողոպտենք նրանց եւ նրանցից ոչ մի մարդ կենդանի չթողնենք։ Նրան ասացին. Արա՛ այն, ինչ հաճելի է քեզ։ Քահանան ասաց. Այստեղ մօտենանք Աստծուն։
37 Սաւուղն Աստծուն հարցրեց. Այլազգիներին հետապնդե՞նք, նրանց իսրայէլացիների ձեռքը կը մատնե՞ս։
38 Տէրը այդ օրը պատասխան չտուեց նրան։ Սաւուղն ասաց. Հաւաքեցէ՛ք այստեղ բոլոր իսրայէլացիներին, որ իմանանք ու տեսնենք, թէ այսօր ո՛ւմ մեղքով է յանցանք կատարուել, քանզի Իսրայէլին փրկող Տէրը կենդանի է։
39 Եթէ մեղքը նոյնիսկ իմ որդի Յովնաթանինն էլ լինի, նա մահապատժի կ՚ենթարկուի։
40 Ամբողջ ժողովրդից ոչ ոք չպատասխանեց։ Այն ժամանակ նա ասաց բոլոր իսրայէլացիներին. Դուք ծառայութիւն կատարեցէ՛ք, իսկ ես ու իմ Յովնաթան որդին էլ ծառայութիւն կը կատարենք։ Ժողովուրդն ասաց Սաւուղին. Արա՛ այն, ինչ հաճելի է քեզ։
41 Սաւուղն ասաց. Իսրայէլի Տէ՛ր Աստուած, ինչո՞ւ այսօր քո ծառային պատասխան չտուեցիր. եթէ անօրէնութիւնն այսօր կատարել եմ ես կամ կատարել է իմ Յովնաթան որդին, յայտնի՛ր, իսկ եթէ անօրէնութիւնը կատարուել է Իսրայէլի քո ժողովրդի մէջ, նրան քաւութի՛ւն պարգեւիր։ Վիճակ գցեցին Յովնաթանի ու Սաւուղի վրայ, եւ ժողովուրդը անպարտ դուրս ելաւ։
42 Սաւուղն ասաց. Վիճա՛կ գցեցէք իմ ու իմ Յովնաթան որդու վրայ, եւ ում վրայ որ Տէրը վիճակ հանի, մահապատժի թող ենթարկուի։ Ժողովուրդն ասաց Սաւուղին. Մի՛ արա այդ բանը։ Սաւուղն ստիպեց ժողովրդին, եւ նրա ու նրա որդի Յովնաթանի վրայ վիճակ գցեցին։
43 Վիճակն ընկաւ Յովնաթանի վրայ։ Սաւուղն ասաց Յովնաթանին. Ասա՛ ինձ, ի՞նչ ես արել։ Յովնաթանը պատմեց նրան՝ ասելով. Իմ ձեռքի գաւազանի ծայրով մի քիչ մեղր կերայ եւ հիմա պիտի մեռնե՞մ։
44 Սաւուղն ասաց նրան. Աստուած այսպէս ու սրանից աւելին անի, եթէ դու այսօր մահապատժի չենթարկուես։
45 Ժողովուրդն ասաց Սաւուղին. Քաւ լիցի, այսօր մահապատժի թող չենթարկուի նա, ով Իսրայէլին այս մեծ փրկութիւնը պարգեւեց։ Կենդանի է Տէրը։ Նրա գլխի մէկ մազն անգամ գետին չի ընկնելու, քանի որ Աստծու ժողովուրդը գործեց այս մեղքերը։ Եւ այդ օրը ժողովուրդը Յովնաթանի համար աղօթքով դիմեց Տիրոջը, եւ նա մահապատժի չենթարկուեց։
46 Սաւուղը դադարեց այլազգիներին հետապնդելուց, եւ այլազգիներն իրենց տեղը գնացին։
47 Սաւուղն սկսեց թագաւորել, եւ նա որպէս ժառանգութիւն ստացաւ Իսրայէլը։ Պատերազմեց իր շուրջը գտնուող բոլոր թշնամիների դէմ, մովաբացիների, ամոնացիների, եդոմացիների, բեթորացիների, Սուբայի թագաւորի եւ այլազգիների դէմ։ Որ կողմը որ դարձաւ, յաղթանակ տարաւ։
48 Նա մեծ քաջագործութիւններ արեց, յաղթեց ամաղէկացիներին եւ Իսրայէլը փրկեց այն ոտնակոխ անողների ձեռքից։
49 Սաւուղի որդիներն էին Յովնաթանը, Յեսսուրը եւ Մեղքիսաւէն, իսկ նրա երկու դուստրերի անուններն էին. մեծինը՝ Մերոբ, իսկ երկրորդի անունը՝ Մեղքող։
50 Նրա կինը Աքիմասի դուստր Աքինոամն էր։ Նրա զօրավարը Ների որդի Աբեններն էր, որը Սաւուղի ազգականի որդին էր։
51 Կիսը՝ Սաւուղի հայրը, եւ Ները՝ Աբենների հայրը, Աբիէլի որդի Յամինի որդիներն էին։ Նրանք բոլորը երեսունութ հոգի էին։
52 Սաւուղի ամբողջ իշխանութեան ընթացքում սաստիկ պատերազմ տեղի ունեցաւ այլազգիների դէմ, եւ Սաւուղն իր տեսած բոլոր զօրաւոր ու քաջ մարդկանց իր մօտ էր հաւաքում։