ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ա. Chapter 26

1 Զիփացիները Մռայլ լեռից գնացին դէպի բլուրը, Սաւուղի մօտ, եւ նրան ասացին. Դաւիթը թաքնուել է մեզ մօտ, Եքեղատի բլրի վրայ, Հեսեմոնի դիմաց։
2 Սաւուղը վեր կացաւ եւ իսրայէլացի երեք հազար ընտիր մարդկանցով իջաւ Դաւթին որոնելու Զիփ անապատում։
3 Սաւուղը բանակատեղի դրեց Եքեղատի բլրի վրայ, Հեսեմոնի դիմաց, ճանապարհի վրայ։
4 Դաւիթը նստել էր անապատում եւ երբ տեսաւ, որ Սաւուղն իր յետեւից անապատ է գալիս, լրտեսներ ուղարկեց եւ իմացաւ, որ Սաւուղը կազմ ու պատրաստ եկել է Կէիլա։
5 Դաւիթը վեր կացաւ, գաղտագողի եկաւ այն տեղը, ուր մնում էր Սաւուղը, եւ գտաւ նրա քնած տեղը։ Այնտեղ էր Ների որդի Աբենները՝ նրա զօրապետը։ Սաւուղը ննջում էր գահաւորակի վրայ, իսկ նրա շուրջբոլորը նրա զօրքն էր։
6 Դաւիթը խօսելով Աքիմելէք քետացու եւ Յովաբի եղբայր Շարուհու որդի Աբեսսայի հետ՝ ասաց. Ո՞վ ինձ հետ բանակատեղի կը մտնի Սաւուղի մօտ։
7 Աբեսսան ասաց. Ե՛ս քեզ հետ կը մտնեմ։ Եւ Դաւիթն ու Աբեսսան գիշերը մտան զօրքի մէջ։ Սաւուղը ննջում էր գահաւորակի վրայ, գեղարդը սնարի մօտ գետինն էր ցցուած, իսկ Աբեններն ու զինուորները նրա շուրջը ննջել էին։
8 Աբեսսան ասաց Դաւթին. Տէրն այսօր քո թշնամուն ձեռքդ մատնեց. արդ, գեղարդով մէկ անգամից գետին գամեմ սրան եւ էլ հարուածս չկրկնեմ։
9 Դաւիթն ասաց Աբեսսային. Մի՛ սպանիր նրան, քանզի ո՞վ կարող է ձեռք բարձրացնել Տիրոջ օծեալի վրայ եւ թողութիւն ստանալ։
10 Դաւիթն ասաց. Կենդանի է Տէրը։ Միայն Տէրը կարող է պատժել նրան. կա՛մ նրա օրհասը կը գայ, ու ինքը կը մեռնի, կա՛մ թէ պատերազմի մէջ կը մտնի ու կը սպանուի։
11 Քա՛ւ լիցի, որ ես իմ ձեռքը բարձրացնեմ Տիրոջ օծեալի վրայ։ Միայն թէ վերցրո՛ւ նրա սնարի մօտ դրուած այդ գեղարդն ու այդ ջրի կուժը, եւ գնանք մեզ մօտ։
12 Դաւիթն առաւ նրա սնարի մօտ դրուած գեղարդն ու ջրի կուժը, եւ գնացին։ Ոչ ոք ոչինչ չտեսաւ կամ չիմացաւ կամ չզարթնեց, քանզի թմրութիւնը Տիրոջ կողմից իջած լինելով նրանց վրայ՝ բոլորը քնի մէջ էին։
13 Դաւիթն այն կողմ անցաւ, բարձրացաւ լերան գագաթը եւ կանգնեց հեռւում. իր ու Սաւուղի զօրքի միջեւ երկար տարածութիւն կար։
14 Դաւիթը դիմեց զօրքին ու Աբեններին ասաց. Պատասխան չե՞ս տալիս, Աբեննե՛ր։ Սա ասաց. Ո՞վ ես դու, որ արքայի մօտ ինձ վրայ բղաւում ես։
15 Դաւիթն ասաց Աբեններին. Չէ՞ որ դու քաջ մարդ ես։ Իսրայէլում ո՞վ կայ քեզ նման։ Ինչո՞ւ քո տէր արքային չես պահպանում։ Չէ՞ որ մարդ էր մտել քո տէր արքայի մօտ, որ նրան սպանէր։
16 Լաւ բան չես անում։ Կենդանի է Տէրը։ Դուք՝ Տիրոջ օծեալ ձեր արքային պահպանողներդ, մահուան էք արժանի։ Արդ, ո՞ւր են արքայի մօտ դրուած գեղարդն ու ջրի կուժը։
17 Սաւուղը ճանաչեց Դաւթի ձայնը եւ ասաց. Այդ քո՞ ձայնն է, որդեա՛կ իմ Դաւիթ։ Դաւիթն ասաց. Քո ծառան եմ, տէ՛ր իմ արքայ։
18 Եւ աւելացրեց. Ինչո՞ւ է իմ տէրն ընկել իր ծառայի յետեւից։
19 Ինչո՞վ եմ մեղանչել եւ ի՞նչ վնաս եմ հասցրել։ Արդ, իմ տէր արքան թող լսի իր ծառայի խօսքերը. Եթէ Աստուած է քեզ շարժել իմ դէմ, թող քո ճենճերացող զոհը լինեմ, իսկ եթէ մարդկանց որդիներն են արել, անիծեալ լինեն նրանք Տիրոջ առջեւ, քանզի նրանք ինձ այսօր մեկուսացրել են, որ բաժին չստանամ Տիրոջ ժառանգութիւնից։
20 Նրանք ինձ ասացին. Գնա ծառայի՛ր օտար աստուածների։ Արդ, իմ արիւնը Տիրոջ առջեւ գետին թող չթափուի, քանի որ Իսրայէլի թագաւորը ելել է իմ կեանքը խլելու, ինչպէս որ ագռաւն է թեւածում լեռների վրայ։
21 Սաւուղն ասաց. Մեղք եմ գործել։ Վերադարձի՛ր, որդեա՛կ իմ Դաւիթ։ Քեզ չար բան չեմ անի այն բանի համար, որ իմ անձը քո աչքին պատուական է։ Ես ամբողջ ժամանակ յիմարութիւն եմ գործել եւ շատ յանցաւոր եմ։
22 Պատասխան տուեց Դաւիթն՝ ասելով. Ահաւասիկ արքայի գեղարդը։ Թող ծառաներից մէկը գայ եւ վերցնի սա։
23 Թող Տէրն ամէն մէկին ըստ իր արդարութեան եւ հաւատարմութեան հատուցի։ Տէրն այսօր քեզ իմ ձեռքը մատնեց, բայց ես չկամեցայ իմ ձեռքը բարձրացնել Տիրոջ օծեալի վրայ։
24 Եւ ահա, ինչպէս քո անձը այսօր իմ աչքին պատուական երեւաց, իմ անձն էլ Տիրոջ առջեւ այնպէս պատուական թող երեւայ, ինձ զօրացնի ու փրկի ամէն տեսակ նեղութիւնից։
25 Սաւուղն ասաց Դաւթին. Օրհնեալ ես դու, որդեա՛կ իմ Դաւիթ, դու յաջողութիւն ես գտնելու եւ զօրանալով զօրանալու ես։
26 Դաւիթը գնաց իր ճանապարհով, իսկ Սաւուղը վերադարձաւ իր տեղը։