ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ա. Chapter 24

1 Դաւիթը գնաց ու բնակուեց Գադդայի կիրճերում։
2 Երբ Սաւուղը վերադարձաւ այլազգիներին հետապնդելուց, նրան լուր բերեցին՝ ասելով. Ահաւասիկ Դաւիթը Գադդայի անապատում է։
3 Իր հետ վերցնելով ամբողջ Իսրայէլից հաւաքուած երեք հազար ընտիր մարդկանց՝ Սաւուղը գնաց փնտռելու Դաւթին ու նրա մարդկանց եղջերուների որսատեղիի Ելիմ կոչուող վայրի դիմաց։
4 Նա ոչխարների փարախների հանդիպեց ճանապարհի վրայ, ուր մի քարայր կար։ Սաւուղը մտաւ այնտեղ հանգստանալու։ Դաւիթն ու նրա մարդիկ քարայրի ներքին մասում էին։
5 Նրանք Դաւթին ասացին. Ահա այս այն օրն է, որի համար Տէրը քեզ ասել է, թէ՝ Քո թշնամիներին քո ձեռքը պիտի մատնեմ։ Նրան արա՛ այնպէս, ինչպէս հաճելի է քո աչքին։ Դաւիթը ելաւ ու Սաւուղի թիկնոցի մի ծայրը զգուշութեամբ կտրեց։
6 Դրանից յետոյ Դաւիթը խղճի խայթ զգաց, որ նրա թիկնոցի մի ծայրը կտրել է։
7 Դաւիթն իր մարդկանց ասաց. Երդւում եմ Տիրոջ անունով, որ այդ բանը չեմ անի իմ տիրոջ՝ Տիրոջ կողմից օծեալ մարդու նկատմամբ, իմ ձեռքը չեմ բարձրացնի նրա վրայ, որովհետեւ նա Տիրոջ օծեալն է։
8 Դաւիթն այս խօսքերով համոզեց իր մարդկանց ու թոյլ չտուեց, որ Սաւուղի վրայ յարձակուեն ու սպանեն։ Սաւուղը դուրս եկաւ այդ քարայրից ու գնաց իր ճանապարհով։
9 Դաւիթը նրանից յետոյ վեր կացաւ, դուրս եկաւ քարայրից եւ աղաղակեց նրա յետեւից՝ ասելով. Իմ տէ՛ր արքայ։ Սաւուղը յետ նայեց. Դաւիթը երեսնիվայր գետին ընկաւ ու երկրպագեց։
10 Դաւիթն ասաց Սաւուղին. Ինչո՞ւ ես մարդկանց խօսքին հաւատում, որ ասում են, թէ՝ Դաւիթը քեզ սպանել է ուզում։
11 Ահա այսօր քո աչքերը տեսան, որ այս քարայրի մէջ Տէրը ինչպէս էր քեզ իմ ձեռքը մատնել, բայց ես չուզեցի քեզ սպանել, խնայեցի քեզ՝ ասելով, թէ՝ Իմ ձեռքը իմ տիրոջ վրայ չեմ բարձրացնի, որովհետեւ նա Տիրոջ օծեալն է։
12 Տե՛ս, հա՛յր իմ, ահա քո թիկնոցի մի ծայրն իմ ձեռքին է. ես կտրեցի քո հանդերձի ծայրը, բայց չսպանեցի քեզ։ Իմացի՛ր ու տե՛ս այսօր, որ իմ վարմունքի մէջ չկայ չարութիւն, անօրէնութիւն ու ամբարշտութիւն, քո դէմ ոչ մի յանցանք չեմ գործել, իսկ դու ուզում ես հետապնդելով իմ կեանքը խլել։
13 Թող Տէրը դատ անի իմ ու քո միջեւ եւ իմ վրէժը քեզնից առնի, բայց իմ ձեռքը քո վրայ չի բարձրանայ։
14 Ինչպէս հին առակն է ասում՝ Անօրէն ձեռքից է գալիս վնասը, իսկ իմ ձեռքը քո վրայ չի բարձրանայ։
15 Արդ, ո՞ւմ յետեւից ես ընկել, ո՜վ Իսրայէլի արքայ, եւ ո՞ւմ ես հալածում. սատկած շան կամ մի լուի յետեւի՞ց ես ընկել։
16 Թող Տէրը դատաւոր ու իրաւարար լինի իմ եւ քո միջեւ։ Թող Տէրը տեսնի ու դատի եւ ինձ արդարութիւն անի։
17 Երբ Դաւիթն աւարտեց Սաւուղին ուղղուած այս խօսքերը, Սաւուղն ասաց. Այդ քո՞ ձայնն է, որդեա՛կ իմ Դաւիթ։ Եւ Սաւուղն իր ձայնը բարձրացնելով՝ լաց եղաւ։
18 Սաւուղն ասաց Դաւթին. Դու աւելի արդար մարդ ես, քան ես, քանզի դու ինձ բարիք հատուցեցիր, իսկ ես քեզ չարիք հատուցեցի։
19 Դու այսօր ինձ պատմեցիր, որ բարիք ես արել. թէ ինչպէս Տէրն այսօր ինձ քո ձեռքն էր մատնել, իսկ դու ինձ չսպանեցիր։
20 Եթէ մէկն իր թշնամուն նեղութեան մէջ բռնելով՝ նրան ազատ է արձակում, որ բարով գնայ իր ճանապարհը, ինչպէս դու արեցիր այսօր իմ նկատմամբ, ապա Տէրը նրան բարութեամբ է հատուցում։
21 Արդ, ես գիտեմ, որ դու անպայման կը թագաւորես, եւ Իսրայէլի թագաւորութիւնը քո ձեռքում հաստատ կը մնայ։
22 Ուրեմն, երդուի՛ր ինձ Տիրոջ անունով, որ ինձնից յետոյ իմ սերունդը չես վերացնի եւ իմ անունը չես արատաւորի իմ հօր տանը։
23 Եւ Դաւիթը երդուեց Սաւուղին։ Սաւուղը գնաց իր տեղը, իսկ Դաւիթն ու իր մարդիկ եկան Մասարայի կիրճերը։