ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Գ. Chapter 20

1 Ադերի որդին՝ ասորիների արքան հաւաքեց իր ամբողջ զօրքը եւ բոլոր երիվարներով ու մարտակառքերով ելաւ ու պաշարեց Սամարիան։ Պատերազմի ժամանակ նրան դաշնակցել էին երեսուներկու թագաւորներ։
2 Նա սուրհանդակներ ուղարկելով քաղաք, Իսրայէլի արքայ Աքաաբի մօտ՝
3 ասաց նրան. Այսպէս է ասում Ադերի որդին. Քո արծաթն ու ոսկին իմն են, քո կանայք ու գեղեցիկ որդիները իմն են։
4 Իսրայէլի արքան պատասխան տալով՝ ասաց. Քո ասածի պէս, տէ՛ր իմ արքայ, քոնն եմ ես, եւ քոնն է իմ ամէն ինչը։
5 Սուրհանդակները նորից եկան ու ասացին. Այսպէս է ասում Ադերի որդին. Ես լուր էի ուղարկել, որ քո արծաթն ու ոսկին, քո կանայք ու որդիներն ինձ տաս։
6 Արդ, վաղն այս ժամին կ՚ուղարկեմ իմ ծառաներին, որոնք խուզարկելու են քո եւ քո ծառաների տները եւ ինչ որ իրենց աչքերին ցանկալի թուայ, ինչի էլ որ իրենց ձեռքերը մեկնեն, պիտի առնեն։
7 Իսրայէլի արքան կանչեց երկրի բոլոր ծերերին եւ ասաց. Իմացէ՛ք ու տեսէ՛ք, որ նա չարիք է ուզում, քանզի ինձ մօտ մարդ էր ուղարկել՝ պահանջելով իմ տղաներին ու աղջիկներին, իմ արծաթն ու ոսկին, բայց ես չմերժեցի նրան։
8 Ծերերն ու ամբողջ ժողովուրդը նրան ասացին. Մի՛ լսիր նրան ու յանձնառու մի՛ լինիր։
9 Եւ նա Ադերի սուրհանդակներին ասաց. Ձեր տէր արքային ասացէ՛ք. Ինչի համար որ առաջին անգամ մարդ էիր ուղարկել քո ծառային, կ՚անեմ, իսկ այս բանը չեմ կարող անել։ Մարդիկ գնացին ու պատասխանը հաղորդեցին նրան։
10 Ադերի որդին նրա մօտ մարդ ուղարկելով՝ ասաց. Այսպէս եւ այսպէս թող անեն ինձ աստուածները եւ աւելին թող անեն, եթէ Սամարիան աւերելուց յետոյ թողնեմ այնքան կանգուն բան, որի փոշին լցնի իմ զինուորների ափերը։
11 Իսրայէլի արքան պատասխան տուեց ու ասաց. Շա՜տ եղաւ, թող կուզիկը չպարծենայ ուղիղ կանգնողի նման։
12 Նա այս պատասխան խօսքերը լսեց, երբ որ բոլոր թագաւորների հետ վրաններում գինարբուքի մէջ էր։ Նա ասաց իր ծառաներին. Պաշարեցէ՛ք։ Եւ պաշարեցին քաղաքը։
13 Եւ ահա մի մարգարէ մօտեցաւ Իսրայէլի Աքաաբ արքային ու ասաց. Այսպէս է ասում Տէրը. Տեսնո՞ւմ ես այս մեծ ամբոխը. ահա նրան այսօր քո ձեռքն եմ մատնելու, որ համոզուես, թէ ես եմ Տէրը։
14 Աքաաբը հարցրեց. Ո՞ւմ միջոցով։ Մարգարէն ասաց. Այսպէս է ասում Տէրը. Գաւառների իշխանների ծառաների միջոցով։ Աքաաբը հարցրեց. Ո՞վ պէտք է սկսի պատերազմը։ Մարգարէն ասաց. Դո՛ւ։
15 Աքաաբը հաշուեց գաւառների իշխանների ծառաներին ու տեսաւ, որ նրանք երկու հարիւր երեսուն հոգի են։ Ապա հաշուեց ամբողջ ժողովրդին, զօրքի բոլոր անդամներին եւ տեսաւ, որ եօթը հազար մարդ կար։ Կէսօրին նա յարձակման անցաւ։
16 Ադերի որդին եւ նրա երեսուներկու դաշնակից թագաւորները գինով հարբած էին Սոկքովում։
17 Նախ յարձակում գործեցին գաւառների իշխանների ծառաները։ Լուր ուղարկեցին Ադերի որդուն, պատմեցին նրան ու ասացին. Պաշարուած Սամարիայից մարդիկ են դուրս եկել։
18 Ադերի որդին ասաց նրանց. Եթէ խաղաղութեան համար են դուրս եկել, կենդանի՛ բռնեցէք նրանց, եթէ պատերազմի համար են եկել, դարձեա՛լ կենդանի բռնեցէք։
19 Քաղաքից դուրս եկան գաւառների իշխանների ծառաները, նրանց յետեւից՝ նաեւ զօրքը,
20 եւ ամէն մէկն սպանեց նրան, ով հանդիպեց իրեն։ Ասորիները փախան, եւ իսրայէլացիները հալածեցին նրանց։ Ասորիների արքան՝ Ադերի որդին, ձի հեծած, հազիւ փրկուեց երեք ձիաւորների հետ։
21 Իսրայէլի արքան առաջ շարժուեց, վերցրեց երիվարներն ու մարտակառքերը եւ ասորիներին մեծ հարուածներ հասցրեց։
22 Մարգարէն մօտեցաւ Իսրայէլի արքային ու ասաց նրան. Զօրացի՛ր ու իմացի՛ր, տե՛ս, թէ ինչ ես անելու, քանզի յաջորդ տարի Ադերի որդին՝ ասորիների արքան, յարձակուելու է քեզ վրայ։
23 Ասորիների արքայի ծառաներն ասացին նրան. Իսրայէլի Աստուածը լեռների Աստուած է եւ ոչ թէ դաշտերի Աստուած, այդ պատճառով էլ նրանք յաղթեցին մեզ։ Եթէ նրանց դէմ պատերազմենք հարթ վայրում, կը յաղթենք նրանց։
24 Այս բա՛նն արա. թագաւորներին գահընկե՛ց արա եւ նրանց փոխարէն նախարարնե՛ր նշանակիր։
25 Քո կորցրած զօրքերի փոխարէն զօրքեր կը տանք, երիվարների փոխարէն՝ երիվարներ, մարտակառքերի փոխարէն՝ մարտակառքեր. նրանց դէմ պատերազմենք հարթ վայրում ու յաղթենք։ Նա անսաց նրանց խօսքերին եւ այդպէս էլ արեց։
26 Հետեւեալ տարին Ադերի որդին աշխարհագիր անցկացրեց Ասորիքում, ելաւ գնաց Ափեկա, որ պատերազմի Իսրայէլի դէմ։
27 Իսրայէլացիները նոյնպէս աշխարհագիր անցկացրին եւ երկու գնդի բաժանուելով՝ եկան կանգնեցին նրանց առջեւ։ Իսրայէլացիները ասորիների դէմ ճակատ կազմեցին այծերի երկու հօտերի պէս, մինչդեռ ասորիները ծածկել էին երկիրը։
28 Աստծու մարդը մօտենալով Իսրայէլի արքային՝ ասաց. Այսպէս է ասում Տէրը. Քանի որ ասորիներն ասացին, թէ՝ Աստուած լեռների Տէր Աստուած է եւ ոչ թէ դաշտերի Աստուած, նա այդ մեծ զօրքը քո ձեռքն է յանձնելու, որ համոզուես, թէ ես եմ Տէրը։
29 Նրանք, ճակատ կազմած, եօթը օր իրար դէմ դիմաց էին, իսկ եօթներորդ օրը պատերազմը բորբոքուեց։ Իսրայէլացիները մէկ օրում հարիւր հազար ասորի հետեւակ կոտորեցին,
30 իսկ մնացածները փախան իրենց քաղաքը՝ Ափեկա, եւ պարիսպը փուլ եկաւ մնացած քսանեօթը հազար ասորիների վրայ։ Ադերի որդին փախաւ ու իր պալատում մի սենեակից միւս սենեակն էր վազում։
31 Նրա ծառաներն ասացին. Մենք լսել ենք, որ Իսրայէլի տան թագաւորները ողորմած են։ Մեր մէջքերին քուրձեր կապենք, մեր գլուխներին՝ չուաններ, գնանք Իսրայէլի թագաւորի մօտ, թերեւս մեր կեանքը խնայի։
32 Նրանք իրենց մէջքերին քուրձեր ու գլուխներին չուաններ կապեցին եւ ասացին Իսրայէլի թագաւորին. Քո ծառան՝ Ադերի որդին, ասում է. Խնայի՛ր կեանքս։ Իսկ նա ասաց. Եթէ նա դեռ կենդանի է, իմ եղբայրն է։
33 Նրա մարդիկ այս յաջող առիթից օգտուելով՝ նուէրներ տուեցին եւ այս խօսքերը նրա բերանից առնելով՝ ասացին. Քո եղբայրը՝ Ադերի որդին, այստեղ է։ Ասաց. Գնացէ՛ք ու բերէ՛ք նրան։ Ադերի որդին եկաւ Աքաաբի մօտ, եւ նրան մարտակառք նստեցրին թագաւորի կողքին։
34 Ադերի որդին ասաց. Այն քաղաքները, որ իմ հայրը գրաւել էր քո հօրից, քեզ եմ վերադարձնում։ Դու հարկեր կը վերցնես Դամասկոսից, ինչպէս իմ հայրը վերցնում էր Սամարիայից։ Աքաաբն ասաց. Ես էլ դաշինք կնքելով՝ քեզ կ՚արձակեմ։ Նա դաշինք կնքեց նրա հետ եւ արձակեց նրան։
35 Մարգարէների որդիներից մէկը Տիրոջ խօսքին անսալով՝ ասաց իր ընկերոջը. Հարուածի՛ր ինձ։ Մարդը, սակայն, չուզեց հարուածել նրան։
36 Նա ասաց նրան. Քանի որ Տիրոջ ձայնին չհնազանդուեցիր, հէնց որ ինձնից հեռանաս, մի առիւծ քեզ կը բզկտի։ Երբ սա հեռացաւ նրանից, մի առիւծ հանդիպեց նրան ու յօշոտեց։
37 Նա մի ուրիշ մարդու հանդիպելով՝ ասաց. Հարուածի՛ր ինձ։ Այս մարդը հարուածեց ու վիրաւորեց նրան։
38 Մարգարէն եկաւ եւ կանգնելով ճանապարհին՝ սպասեց թագաւորին ու չճանաչուելու համար շորով կապեց իր աչքը։
39 Երբ արքան անցնում էր այնտեղից, նա ասաց արքային. Երբ ես՝ քո ծառան, պատերազմ էի գնացել, մի մարդ ինձ մօտ բերելով մէկին՝ ասաց. Այս մարդուն պահի՛ր, իսկ եթէ ձեռքիցդ փախչի, քո կեանքը կը կորչի նրա կեանքի փոխարէն, կամ մի տաղանդ արծաթ կը տաս ինձ։
40 Եւ մինչ քո ծառան այս ու այն կողմ էր նայում, նա արդէն չկար։ Իսրայէլի արքան նրան ասաց. Իմ ըմբռնումով դա դաւ է, ուրեմն սպանե՞լ ես նրան։
41 Սա անմիջապէս շորը հեռացրեց աչքերից, եւ Իսրայէլի արքան ճանաչեց նրան. նա այնտեղի մարգարէներից էր։
42 Մարգարէն ասաց նրան. Այսպէս է ասում Տէրը. Քանի որ դու վտանգաւոր մարդուն ազատեցիր իմ ձեռքից, ուստի դու քո կեանքով կը հատուցես նրա կեանքի փոխարէն, իսկ քո ժողովուրդը՝ նրա ժողովրդի փոխարէն։
43 Իսրայէլի արքան գնաց իր տունը, Սամարիա, տխուր ու հուսահատ։