ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Գ. Chapter 3

1 Երբ Սողոմոնի թագաւորութիւնն ամրապնդուեց, նախքան իր տան, Տիրոջ տան ու Երուսաղէմի շուրջանակի պարսպի շինարարութեան աւարտը նա խնամիութիւն հաստատեց Եգիպտոսի արքայ փարաւոնի հետ, կին առաւ նրա դստերն ու բերեց Դաւթի քաղաքը։
2 Ժողովուրդը խունկ էր ծխում բարձունքների վրայ, քանզի մինչ այդ դեռ չէր շինուել Տիրոջ անուան տունը։
3 Սողոմոնը, հնազանդուելով իր հայր Դաւթի յորդորներին, սիրեց Տիրոջը, բայց ինքն էլ էր բարձունքներում զոհեր մատուցում ու խունկ ծխում։
4 Արքան ելաւ գնաց Գաբաւոն՝ այնտեղ զոհ մատուցելու, քանզի այդտեղ աւելի բարձր էր ու մեծ։ Սողոմոնը Գաբաւոնում գտնուող այդ զոհասեղանի վրայ հազար ողջակէզ մատուցեց։
5 Տէրը Սողոմոնին երեւաց գիշերուայ քնի մէջ։ Տէրն ասաց Սողոմոնին. Որեւէ բան խնդրի՛ր քեզ համար։
6 Սողոմոնն ասաց. Դու մեծ ողորմածութիւն արեցիր իմ հայր Դաւթին, եւ նա էլ քեզ հետ, քո առջեւից ընթացաւ ճշմարտութեամբ, արդարութեամբ ու սրտի մաքրութեամբ, եւ դրա համար ցոյց տուեցիր այս մեծ ողորմածութիւնը՝ նրա որդուն նստեցրիր նրա գահին, ինչպէս որ է այսօր։
7 Արդ, իմ Տէ՛ր Աստուած, դու քո ծառային դրել ես իմ հայր Դաւթի փոխարէն, իսկ ես դեռ պատանի եմ եւ չգիտեմ իմ անելիքը։
8 Քո ծառան քո ընտրած ժողովրդի մէջ է, մի ժողովուրդ, որը բազմամարդ է, անթիւ ու անհամար։
9 Իմաստնութի՛ւն տուր քո ծառային, որ նա կարողանայ արդարութեամբ լսել ու դատել քո ժողովրդին, խելամտութիւն ունենայ տարբերելու բարին ու չարը, որովհետեւ ո՞վ կարող է ղեկավարել քո այս բազմամարդ ժողովրդին։
10 Տիրոջը հաճելի եղաւ Սողոմոնի այս խնդրանքը,
11 եւ Տէրն ասաց նրան. Քանի որ դու այդ բանը խնդրեցիր ինձնից, խնդրեցիր ոչ թէ կեանքի երկար օրեր, հարստութիւն կամ քո թշնամիների մահ, այլ խնդրեցիր խելամտութիւն՝ դատ անելու,
12 ուստի քո ասածի համաձայն եմ վարուելու. քեզ տալիս եմ իմաստուն ու հանճարեղ միտք, այնպէս որ ո՛չ քեզնից առաջ է քո նմանը եղել, եւ ո՛չ էլ քեզնից յետոյ քո նմանը կը յայտնուի։
13 Քեզ տալիս եմ նաեւ այն, ինչ դու չխնդրեցիր՝ հարստութիւն ու փառք, այնպէս որ քո ապրած կեանքի օրերին թագաւորներից ոչ ոք չի լինելու քեզ նման։
14 Եւ եթէ ընթանաս իմ ճանապարհով, կատարես իմ հրամաններն ու պատուիրանները, ինչպէս ընթացել էր քո հայր Դաւիթը, ապա քո կեանքի օրերը կ՚երկարեցնեմ։
15 Սողոմոնը զարթնեց եւ տեսաւ, որ դա երազ էր։ Նա եկաւ Երուսաղէմ, կանգնեց Սիոնում գտնուող Տիրոջ ուխտի տապանակի դէմ յանդիման, զոհասեղանի առջեւ, ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցեց եւ մեծ խրախճանք սարքեց իր եւ իր բոլոր ծառաների համար։
16 Այդ ժամանակ երկու անառակ կանայք եկան ու կանգնեցին արքայի առջեւ։
17 Կանանցից մէկն ասաց. Լսի՛ր ինձ, տէ՛ր իմ, ես եւ այս կինը մի տան մէջ էինք։ Ես երեխայ ունեցայ այդ տանը։
18 Այնպէս պատահեց, որ երրորդ օրն այս կինն էլ ծնեց։ Մենք էինք միայն տանը, մեր երկուսից բացի ուրիշ ոչ ոք չկար տանը։
19 Գիշերը սրա որդին մեռաւ, որովհետեւ նա իր երեխայի վրայ էր պառկել։
20 Սա գիշերուայ կէսին զարթնել է, վերցրել իմ մանկանն իմ գրկից, երբ ես՝ քո աղախինը, քնած եմ եղել, պառկեցրել է իր ծոցում, իսկ իր մեռած որդուն դրել է իմ ծոցը։
21 Առաւօտեան վեր կացայ, որ կուրծք տամ իմ որդուն, բայց տեսայ, որ մեռած է։ Ցերեկը մի լաւ դիտեցի նրան եւ տեսայ, որ դա իմ ծնած երեխան չէ։
22 Միւս կինն ասաց. Ո՛չ, մեռածը քո որդին է, իմ որդին կենդանին է։ Առաջին կինն ասում էր. Ո՛չ, կենդանին իմ որդին է, իսկ քո որդին մեռածն է։
23 Այսպէս վիճեցին արքայի առջեւ։ Արքան ասաց նրանց. Դու ասում ես, թէ՝ Այս կենդանին է իմ որդին, մեռածը նրա որդին է, իսկ դու էլ ասում ես՝ Ո՛չ, մեռածը քո որդին է, կենդանին իմ որդին է։
24 Արքան ասաց. Սուրն ի՛նձ բերէք։ Սուրը բերեցին թագաւորի մօտ։
25 Արքան ասաց. Կտրեցէ՛ք, երկու կէս արէ՛ք այս կենդանի ծծկեր մանկանը, նրա մի կէսը տուէ՛ք սրան ու միւս կէսը՝ նրան։
26 Այն կինը, որի որդին կենդանի էր, ցաւից գալարուեց իր որդու համար։ Նա ասաց արքային. Լսի՛ր ինձ, տէ՛ր, կենդանի մանկանը տուէ՛ք նրան, միայն թէ մի՛ սպանէք մանկանը։ Միւս կինն ասաց. Ո՛չ իմը թող լինի, ո՛չ նրանը, մէջտեղից կիսէ՛ք նրան։
27 Պատասխան տուեց արքան՝ ասելով. Նրա՛ն տուէք կենդանի մանկանը, ով ասաց, թէ՝ Դրա՛ն տուէք, միայն թէ մի՛ սպանէք երեխային։ Նա է դրա մայրը։
28 Եւ ամբողջ Իսրայէլը լսելով արքայի վճռած դատաստանը՝ երկնչեց արքայից, քանզի տեսաւ, որ նրա մէջ դատաստան վարելու Աստծու իմաստնութիւնը կար։