ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Գ. Chapter 14

1 Այն ժամանակ հիւանդացաւ Յերոբովամի որդի Աբիան,
2 եւ Յերոբովամն ասաց իր կնոջը. Վե՛ր կաց, կերպարանափոխուի՛ր, որ չիմանան, թէ դու Յերոբովամի կինն ես, եւ գնա՛ Սելով։ Այնտեղ է ապրում Աքիա մարգարէն։ Նա գուշակել է, թէ ես պիտի թագաւորեմ այս ժողովրդի վրայ։
3 Հա՛ց վերցրու Աստծու մարդու համար, նրա որդիների համար՝ բլիթներ, չամիչ ու մի սափոր մեղր, գնա՛ նրա մօտ, եւ նա քեզ պիտի յայտնի, թէ ինչ կը պատահի մանկանը։
4 Յերոբովամի կինն այդպէս էլ արեց. նա վեր կացաւ գնաց Սելով, մտաւ Աքիայի տունը, սակայն Աքիայի տեսողութիւնը վատացել էր, ծերութեան պատճառով աչքերը չէին տեսնում։
5 Տէրն ասաց Աքիային. Յերոբովամի կինը եկել է քեզնից բան հարցնելու իր հիւանդ որդու մասին, իսկ դու այսպէս եւ այսպէս կ՚ասես նրան։
6 Երբ կինը ներս մտաւ, արդէն կերպարանափոխուած էր։ Երբ Աքիան դռան բացուելուց եւ ներս մտնելուց յետոյ լսեց նրա ոտնաձայնը, ասաց. Մտի՛ր, Յերոբովամի՛ կին, ինչո՞ւ ես կերպարանափոխուել։ Ես ուղարկուած եմ, որ քեզ դաժան բան ասեմ։
7 Գնա՛ եւ ասա՛ Յերոբովամին. այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Ես քեզ բարձրացրի ժողովրդի միջից, քեզ Իսրայէլի իմ ժողովրդի վրայ առաջնորդ դրեցի,
8 ես թագաւորութիւնը խլեցի Դաւթի տնից ու քեզ յանձնեցի, սակայն դու չեղար իմ ծառայ Դաւթի նման, որը պահում էր իմ պատուիրանները եւ իր ամբողջ սրտով հետեւում էր ինձ, որպէսզի իմ աչքին հաճելի երեւացածն անի։
9 Դու աւելի շատ չարութիւն գործեցիր, քան քո բոլոր նախորդները. դու օտար աստուածներ ու ձուլածոյ կուռքեր պատրաստել տուեցիր, որպէսզի ինձ բարկացնես, իսկ ինձ մոռացութեան տուեցիր։
10 Դրա համար Յերոբովամի տան վրայ չարիք պիտի բերեմ, Յերոբովամի տնից մինչեւ վերջ պիտի բնաջնջեմ բոլոր նրանց, ովքեր միզում են պատին, Իսրայէլի մէջ ապրող ստրուկ ու ազատ մարդկանց, Յերոբովամի տունը պիտի աւլեմ այնպէս, ինչպէս աղբն են աւլում, մինչեւ որ իսպառ ոչնչացնեմ այն։
11 Յերոբովամի տնից ով քաղաքում մեռնի, շները պիտի ուտեն նրան, իսկ ով դաշտում մեռնի, երկնքի թռչունները պիտի կտցեն։ Ահա Տէրն է այսպէս ասել։
12 Իսկ դու վեր կաց գնա՛ քո տունը, եւ երբ քո ոտքերը քաղաք մտնեն, երեխան կը մեռնի,
13 եւ ամբողջ Իսրայէլը կ՚ողբայ ու կը թաղի նրան։ Յերոբովամի մարդկանցից միայն նրա որդին կը մտնի գերեզման, քանի որ Իսրայէլի Տէր Աստուածը Յերոբովամի տանը միայն նրա՛ մէջ տեսաւ մի բարի բան։
14 Տէրը իր համար մի թագաւոր պիտի հանի Իսրայէլի դէմ, որը այսօր իսկ բնաջինջ պիտի անի Յերոբովամի տունը։
15 Եւ արդ, ի՞նչ մնաց։ Տէրը պիտի հարուածի Իսրայէլին, եւ նա պիտի նմանուի ջրի մէջ շարժուող եղէգի։ Նա իսրայէլացիներին պիտի հեռացնի այս լաւ երկրից, որ տուել էր նրանց հայրերին։ Նրանց գետի միւս կողմը պիտի քշի ի դիմաց այն բանի, որ նրանք իրենց համար կուռքեր շինեցին, որպէսզի բարկացնեն Տիրոջը։
16 Տէրը կորստեան պիտի մատնի Իսրայէլին Յերոբովամի մեղքերի համար, որը մեղանչեց եւ Իսրայէլին էլ մեղանչել տուեց։
17 Յերոբովամի կինը վեր կացաւ ու գնաց Սարիրա։ Նա հազիւ էր տան դռնից ներս մտել, որ երեխան մեռաւ,
18 եւ ամբողջ Իսրայէլը ողբաց նրան ու թաղեց, ինչպէս որ Տէրն էր նախօրօք յայտնել իր ծառայ Աքիա մարգարէի միջոցով։
19 Յերոբովամի մնացած գործերի մասին, թէ նա ինչ պատերազմներ մղեց, որքան ժամանակ թագաւորեց, գրուած է Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։
20 Յերոբովամը թագաւորեց քսաներկու տարի եւ գնաց իր նախնիների գիրկը։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Նաբադը։
21 Սողոմոնի որդի Ռոբովամը թագաւորեց Յուդայի երկրի վրայ։ Քառասունմէկ տարեկան էր Ռոբովամը, երբ թագաւոր օծուեց, եւ տասնեօթը տարի թագաւորեց Երուսաղէմ քաղաքում, որը Տէրն ընտրել էր Իսրայէլի բոլոր ցեղերին պատկանող վայրերի միջից, որպէսզի իր անունն այնտեղ յայտնի դարձնի։ Նրա ամոնացի մօր անունն էր Նաամա։
22 Ռոբովամը չար գործեր արեց Տիրոջ առաջ. նա նմանուեց իր նախնիներին՝ ընթացաւ նրանց գործած մեղքերի ճանապարհով։
23 Նրանք իրենց համար մեհեաններ ու կուռքեր շինեցին ամէն բարձր բլրի վրայ եւ ամէն տերեւաշատ ծառի տակ։
24 Նրանք խոտորուեցին այդ երկրի այն ազգերի նման, որոնք գարշելի բաներ էին անում, եւ որոնց քշել էր Տէրը իսրայէլացիների առջեւից։
25 Այն տարում, երբ Ռոբովամը թագաւոր օծուեց, Եգիպտոսի արքայ Սաւսակիմը յարձակուեց Երուսաղէմի վրայ,
26 վերցրեց Տիրոջ տան, ինչպէս նաեւ արքայի տան բոլոր գանձերը, ոսկէ նիզակները, որոնք Դաւիթը աւար էր վերցրել Սուբայի արքայ Ադրաազարի ձեռքից։ Նա տարաւ ամէն ինչ, որ Դաւիթը վերցրել էր որպէս աւար ու տարել Երուսաղէմ։ Աւար վերցրեց նաեւ ոսկէ վահանները, որ պատրաստել էր Սողոմոնը։
27 Ռոբովամ արքան դրանց փոխարէն պղնձէ վահաններ շինեց եւ դրանք յանձնեց պահակազօրքի զօրագլուխներին, որոնք պահպանում էին արքայի տունը։
28 Երբ արքան մտնում էր Տիրոջ տունը, պահակազօրքը օգտագործում էր դրանք ու յետոյ կախում զինարանում։
29 Ռոբովամի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ արել է նա, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։
30 Ռոբովամն ու Յերոբովամը միշտ պատերազմի մէջ էին։
31 Ռոբովամը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց իր նախնիների մօտ, Դաւթի քաղաքում։ Նրա ամոնացի մօր անունը Նաամա էր։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Աբիուն։