ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Գ. Chapter 10

1 Սաբայի թագուհին, լսելով Սողոմոնի համբաւի, Տիրոջ անուան ու Սողոմոնի իմաստնութեան մասին, եկաւ նրան փորձելու հանելուկներով։
2 Նա եկաւ Երուսաղէմ շատ մեծ շքախմբով, խնկեր, շատ առատ ոսկի ու թանկարժէք ակնեղէն բարձած ուղտերով։ Նա մտաւ Սողոմոնի մօտ եւ խօսեց այն ամենի մասին, որ կար իր սրտում։
3 Սողոմոնը մեկնում էր նրա բոլոր խօսքերը. չկար այնպիսի մի բան, որ արքան սխալուէր կամ չմեկնէր։
4 Կինը, տեսնելով Սողոմոնի ամբողջ իմաստնութիւնը, կառուցած տները,
5 նրա խորտիկները, նրա ծառաների դասակարգութիւնը, պաշտօնեաների կարգապահութիւնն ու հանդերձանքը, նրա մատռուակներին ու Տիրոջը մատուցուող ողջակէզները, ապշեց։
6 Նա ասաց Սողոմոն արքային. Ինչ որ իմ երկրում լսել էի քո գործերի ու իմաստնութեան մասին, ճիշտ է։
7 Ես չէի հաւատում ինձ ասուած խօսքերին, մինչեւ որ անձամբ չեկայ եւ աչքերովս չտեսայ։ Քո իմաստնութեան եւ քո բարութեան համբաւի կէսն անգամ չեն պատմել ինձ իմ երկրում։
8 Երանելի են քո կանայք ու ծառաները, որ քո առջեւ կանգնած՝ ամէն օր լսում են քո ամբողջ իմաստնութիւնը։
9 Օրհնեալ լինի քո Աստուածը, որ բարեհաճել է քեզ տալ Իսրայէլի գահը։ Տէրն Իսրայէլը յաւիտեան սիրելու համար քեզ է հաստատել ու քեզ արքայ դարձրել նրա վրայ, որ արդարամտութեամբ դատաստան անես նրանց ատեաններում։
10 Նա Սողոմոնին նուիրեց հարիւր քսան տաղանդ ոսկի, շատ առատ խունկ եւ թանկագին քարեր։ Ոչ մի անգամ այդքան շատ եւ անուշահոտ խունկ չստացուեց, ինչքան որ Սաբայի թագուհին էր նուիրել Սողոմոն արքային։
11 Սոփերից ոսկով բարձուած Քիրամի նաւը բերեց նաեւ խիստ շատ անտառանիւթ եւ թանկագին քարեր։
12 Արքան անտառանիւթից Տիրոջ տան եւ արքունի տան համար մոյթեր պատրաստեց, իսկ երաժիշտների համար՝ քնարներ ու տաւիղներ։ Այդպիսի քանակութեամբ անտառանիւթ այդ երկիրն այլեւս չստացաւ, եւ մինչեւ օրս էլ այդպիսի փայտեր չեն երեւացել։
13 Սողոմոն արքան Սաբայի թագուհուն տուեց ամէն ինչ, որ նա ուզեց ու խնդրեց, չհաշուած այն ամէնը, որ Սողոմոն արքան իր կամքով էր նուիրել։ Սաբայի թագուհին եւ նրա բոլոր ծառաները վերադարձան իրենց երկիրը։
14 Մէկ տարուայ ընթացքում Սողոմոնի ստացած ոսկին կշռում էր վեց հարիւր վաթսունվեց տաղանդ,
15 չհաշուած հպատակներից, վաճառականների հասոյթից եւ գետի այն կողմում գտնուող բոլոր թագաւորներից ու երկրի կառավարիչներից ստացուած հարկերը։
16 Սողոմոն արքան երեք հարիւր նիզակ պատրաստել տուեց կռածոյ ոսկուց՝ երեք հարիւր դահեկան ծախսելով մէկ նիզակի վրայ,
17 եւ երեք հարիւր վահան կռածոյ ոսկուց՝ մէկ ու կէս կիլոգրամ կշռով ոսկի ծախսելով ամէն մի վահանի վրայ։
18 Արքան դրանք զետեղեց Լիբանանի փայտից կառուցուած տանը։ Արքան փղոսկրէ մեծ գահ պատրաստել տուեց եւ այն պատեց մաքուր ոսկով։
19 Գահը վեց աստիճան ունէր, գահի թիկունքին եզան գլուխներ էին քանդակուած։ Գահաթոռի երկու կողմերին երկու յենաթեւ կար, եւ յենաթեւերի այս ու այն կողմից երկու առիւծներ կային։
20 Վեց աստիճանների այս ու այն կողմերում տասներկու առիւծներ կային։ Այսպիսի գահ չէր եղել ոչ մի թագաւորութեան մէջ։
21 Սողոմոն արքայի ամբողջ սպասքը ոսկուց էր։ Ոսկի էին նաեւ լուացարանները, իսկ Լիբանանի փայտից կառուցուած տան ամբողջ ամանեղէնը ոսկեպատ էր։ Արծաթէ ոչինչ չկար, քանզի Սողոմոնի օրօք արծաթը յարգի չէր։
22 Սողոմոն արքան Թարսիսի ծովում նաւ ունէր Քիրամի նաւերի հետ, եւ երեք տարին մէկ Թարսիսից մի նաւ էր գալիս՝ բեռնուած ոսկով, արծաթով, փղոսկրներով, կապիկներով ու սիրամարգերով։
23 Սողոմոնն իր հարստութեամբ ու իմաստնութեամբ գերազանցեց աշխարհի բոլոր թագաւորներին,
24 եւ աշխարհի բոլոր թագաւորները փափագում էին տեսնել նրա երեսը, լսել նրա իմաստնութիւնը, որը Տէրն էր դրել նրա սրտում։
25 Նրանցից իւրաքանչիւրն ամէն տարի բերում էր իր ընծան՝ արծաթէ, ոսկէ անօթներ, հանդերձներ, զմուռս ու խնկեր, ձիեր ու ջորիներ։
26 Սողոմոնը հաւաքեց ռազմակառքեր ու հեծեալներ։ Նա ունէր քառասուն հազար մատակ ձիեր, տասներկու հազար երիվարներ, որոնց տեղաւորեց ռազմակառքերի համար սահմանուած քաղաքներում, իսկ նրանք, որ արքայի համար էին սահմանուած՝ Երուսաղէմում։ Նա գետից մինչեւ այլազգիների եւ եգիպտացիների սահմանները իշխում էր բոլոր թագաւորների վրայ։
27 Արքան արծաթն ու ոսկին Երուսաղէմում հասարակ քարի նման բան դարձրեց, իսկ եղեւնափայտը՝ դաշտի մոլաթզենիների նման առատ։
28 Սողոմոնի երիվարները բերւում էին Եգիպտոսից եւ Թեկուայից, որտեղից դրանք գնում էին նրա վաճառականները։
29 Արծաթ վճարելով ռազմակառքեր էին բերում Եգիպտոսից։ Ամէն մի ձի հարիւր յիսուն արծաթ արժէր։ Այդ ապրանքները վաճառւում էին նաեւ Քետտիմի երկրի բոլոր թագաւորներին եւ ասորիների թագաւորներին ծովային ճանապարհով։