ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Գ. Chapter 6

1 Իսրայէլացիների՝ Եգիպտոսից դուրս գալու չորս հարիւր քառասուներորդ տարում եւ Սողոմոն արքայի՝ Իսրայէլի վրայ թագաւորելու չորրորդ տարուայ երկրորդ ամսում Սողոմոնն սկսեց կառուցել Տիրոջ տունը։
2 Սողոմոն արքայի՝ Տիրոջ համար շինած տան երկարութիւնն էր վաթսուն կանգուն, լայնութիւնը՝ քսան կանգուն, բարձրութիւնը՝ քսան կանգուն։
3 Տան առջեւի կամարակապ բակի երկարութիւնը քսան կանգուն էր՝ ինչքան տան բարձրութիւնն էր, իսկ տան ճակատի կողմի լայնութիւնը՝ տասը կանգուն։ Նա կառուցեց-ամբողջացրեց տունը։
4 Տունն ունէր գաղտնի դիտելու պատուհաններ։
5 Նա տան պատից դուրս, տան պատերի երկայնքով, տաճարի ու սրբարանի շուրջը պատուար շինեց, չորս կողմը սենեակներ կառուցեց։
6 Ներքին յարկը հինգ կանգուն լայնութիւն ունէր, միջինը՝ վեց կանգուն լայնութիւն, իսկ երրորդը՝ եօթը կանգուն լայնութիւն, որպէսզի տան շուրջը արտաքուստ ազատ տեղ ունենալով՝ տան պատերը չվնասուեն։
7 Տունը շինուեց ապառաժ ու անմշակ քարերով, եւ մուրճի կամ երկաթէ որեւէ գործիքի ձայն չլսուեց դրա շինութեան ժամանակ։
8 Ներքին յարկի գաւթի դուռը տան աջ կողմում էր. այստեղից ոլորապտոյտ սանդուղքներով ելնում էին միջին յարկը, իսկ միջինից՝ երրորդը։
9 Տունը կառուցեց-վերջացրեց, տունը երեսապատեց միմեանց շաղկապուած տախտակներով ու քանդակազարդ եղեւնափայտով։
10 Ամբողջ տան շուրջը վերնախարիսխ շինեց հինգ կանգուն բարձրութեամբ եւ վերնախարիսխը պատեց եղեւնափայտով։
11 Տէրը խօսքն ուղղելով Սողոմոնին՝ ասաց.
12 Ահա տուն ես շինում։ Եթէ ըստ իմ հրամանների ընթանաս, իմ օրէնքներն ի գործ դնես, պահես իմ բոլոր պատուիրաններն ու դրանցով առաջնորդուես, ապա կը կատարեմ քո նկատմամբ այն խոստումը, որ տուել էի քո հօրը՝ Դաւթին.
13 կը բնակուեմ Իսրայէլի ժողովրդի մէջ եւ չեմ լքի իմ իսրայէլացի ժողովրդին։
14 Սողոմոնը կառուցեց-աւարտեց տունը։
15 Տան պատերը ներսից երեսապատեց եղեւնափայտով. տան յատակից մինչեւ պատերն ու գերանները ներսից շուրջանակի փայտով երեսապատեց։ Տան ներքին մասը դրուագեց մայրի փայտով,
16 տան յետեւում քսան կանգուն երկարութեամբ մի պատ շինեց, ներսում յատակից մինչեւ գերանները երեսապատեց փայտով ու այն վերածեց սրբարանի, որպէսզի այնտեղ պահուի սրբութիւնների սրբութիւնը։
17 Տունը՝ ներքին տաճարը, քառասուն կանգուն էր։
18 Տան ներսից կամարները, վերնախարիսխները երեսապատեց քանդակազարդ եղեւնափայտով։ Ամէն ինչ եղեւնափայտով էր ծածկուած այնպէս, որ քար չէր երեւում։
19 Սրբարանը տան մէջ էր, ներսում։ Այն շինուել էր, որպէսզի այնտեղ դրուի Տիրոջ ուխտի տապանակը։
20 Սրբարանը քսան կանգուն երկարութիւն, քսան կանգուն լայնութիւն եւ քսան կանգուն բարձրութիւն ունէր։ Այն դրուագել տուեց մաքուր ոսկով։
21 Սողոմոնը եղեւնափայտէ զոհասեղան պատրաստեց։ Նա տունը ներքուստ մաքուր ոսկով պատեց եւ սրբարանի դիմացը վարագոյր քաշեց ոսկէ շղթաներով։
22 Նա ամբողջ տունը ոսկով պատեց։ Սրբարանի ամբողջ ներքնամասը երեսապատեց ոսկէ թիթեղներով։
23 Սրբարանի ներսում դրեց նոճու փայտից պատրաստուած երկու քերովբէներ։ Մէկի բարձրութիւնը տասը կանգուն էր։
24 Նրա մի թեւը հինգ կանգուն էր, միւսը թեւը՝ նոյնպէս հինգ կանգուն. մի թեւի ծայրից միւս թեւի ծայրը տասը կանգուն էր։
25 Երկրորդ քերովբէն նոյն չափն ու նոյն ձեւն ունէր։
26 Մի քերովբէի բարձրութիւնը տասը կանգուն էր, նոյնը եւ՝ երկրորդ քերովբէինը։
27 Երկու քերովբէները դրեց ներսի սենեակում եւ նրանց թեւերը տարածեց. մի քերովբէի մէկ թեւը հասնում էր մի պատին, իսկ երկրորդ քերովբէի մէկ թեւը՝ միւս պատին։ Նրանց միւս թեւերը սենեակում գալիս միանում էին իրար։
28 Նա քերովբէները ոսկով պատեց։
29 Տան բոլոր պատերի վրայ ներսից ու դրսից շուրջանակի քանդակեց, փորագրեց քերովբէներ, արմաւենիներ ու բարձրաքանդակներ։
30 Նա տան ներքին ու արտաքին յատակը ոսկով երեսապատեց։
31 Նա սրբարանի մուտքի դուռը շինեց գիհի փայտից։ Դուռը պատի մէկ հինգերորդ մասն էր կազմում։
32 Իւղաթաթախ փայտից շինուած երկու փեղկերի վրայ քերովբէներ, արմաւենիներ փորագրեց եւ դրանք ոսկով երեսապատեց. ոսկին ծածկում էր քերովբէներն ու արմաւենիները։
33 Տաճարի մուտքի դռան դրանդիկները նոյնպէս գիհիի քառակուսի փայտերից էին։
34 Երկու դռները մայրի փայտից էին, ամէն մի դուռը երկփեղկ էր, իսկ փեղկերը բացւում-փակւում էին ծխնիներով։
35 Երկրորդ դռան վրայ ոսկով դրուագուած էին քերովբէներ, արմաւենիներ, եւ այդ դրուագները պատուած էին ոսկով, որ իջնում էր յօրինուածքի վրայ։
36 Նա ներքին սրահը շինեց երեք շարք անտաշ քարով եւ պարիսպ կառուցեց եղեւնափայտով։
37 Տիրոջ տան հիմքը դրուեց Սողոմոնի թագաւորութեան չորրորդ տարուայ Զի ամսին,
38 եւ տասնմէկերորդ տարուայ Բուլ ամսին, այսինքն՝ ութերորդ ամսին տունն աւարտուեց իրեն անհրաժեշտ ամէն ինչով ու ամէն յօրինուածքով։ Սողոմոնը տաճարը կառուցեց եօթը տարում։