ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Գ. Chapter 8

1 Այն ժամանակ Սողոմոն արքան Իսրայէլի բոլոր ծերերին՝ ցեղերի բոլոր բարձրաստիճան գլխաւորներով եւ իսրայէլացիների նահապետներով հանդերձ կանչեց իր մօտ, Սիոն, որպէսզի Տիրոջ ուխտի տապանակը հանեն Դաւթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից։
2 Իսրայէլի բոլոր տղամարդիկ Սողոմոն արքայի մօտ հաւաքուեցին Անթանիամ ամսին, տօնին, այսինքն՝ եօթներորդ ամսին։
3 Եկան Իսրայէլի բոլոր ծերերը, եւ քահանաները վերցնելով դուրս բերեցին Տիրոջ տապանակը,
4 վկայութեան խորանն ու վկայութեան խորանի մէջ եղած ամբողջ սուրբ սպասքը։ Այն վերցրին քահանաներն ու ղեւտացիները։
5 Սողոմոն արքան ու նրա մօտ հաւաքուած Իսրայէլի ամբողջ ժողովուրդը նրա հետ տապանակի առջեւից գնալով՝ անթիւ ու անհամար արջառ ու ոչխար էին զոհաբերում։
6 Քահանաները Տիրոջ ուխտի տապանակը ներս տարան, իր տեղը՝ սրբութիւնների սրբութեան տան սրբարանը, եւ տեղադրեցին քերովբէների թեւերի ներքոյ։
7 Քերովբէները թեւերը տարածել էին տապանակի վրայ, եւ նրանք վերեւից ծածկում էին դրա սրբութիւնները։
8 Լծակներն այնպէս էին տեղաւորել, որ դրանց գլուխները սրբարանի դիմաց երեւում էին սրբութիւններից, բայց դրսից չէին երեւում։ Դրանք այնտեղ են մնում մինչեւ այսօր։
9 Տապանակի մէջ ոչինչ չկար, բացի քարէ երկու տախտակներից՝ ուխտի տախտակներից։ Դրանք այնտեղ դրել էր Մովսէսը Քորէբում, երբ Տէրն ուխտ էր արել իսրայէլացիների հետ Եգիպտոսից նրանց դուրս գալու ժամանակ։
10 Երբ քահանաները ելան սրբարանից, ամպ լցուեց Տիրոջ տունը,
11 եւ քահանաներն ամպի պատճառով չէին կարողանում սպասաւորութիւն անել, քանզի Տիրոջ փառքը լցրել էր տունը։
12 Այդ ժամանակ Սողոմոնն ասաց. Տէրն ասել է՝ Ես հովանի պիտի լինեմ մէգ ու մշուշով։
13 Ես քեզ համար բնակութեան տուն շինեցի, որ քո աթոռը հաստատ լինի յաւիտեան։
14 Արքան երեսը դարձրեց ու օրհնեց Իսրայէլի ամբողջ ժողովրդին. եւ Իսրայէլի ամբողջ ժողովուրդը կանգնած էր։
15 Նա ասաց. Օրհնեալ լինի Իսրայէլի Տէր Աստուածն այսօր, որն իր բերանով խօսեց իմ հայր Դաւթի մասին եւ իր ձեռքով կատարեց իր խոստումը՝
16 ասելով. Այն օրից, որ իմ ժողովրդին՝ Իսրայէլին Եգիպտոսից դուրս բերեցի, Իսրայէլի ցեղերին պատկանող ոչ մի վայր չընտրեցի տուն շինելու համար, որ իմ անուամբ լինի, այլ ընտրեցի Դաւթին, որ իսրայէլի իմ ժողովրդին ղեկավարի։
17 Իմ հայր Դաւթի մտքում եղել էր Իսրայէլի Տէր Աստծու անուանով տուն շինելու նպատակը,
18 եւ Տէրն ասել էր իմ հայր Դաւթին. Քանի որ մտքումդ դրել ես իմ անունով տուն շինել, լաւ ես արել, որ այն դրել ես մտքումդ,
19 բայց դո՛ւ չես շինելու տունը, այլ՝ քո որդին, որ սերուելու է քեզնից, նա է շինելու իմ անուանով տունը։
20 Եւ Տէրը կատարեց իր ասած խօսքը, ու ես փոխարինեցի իմ հօրը՝ Դաւթին, նստեցի Իսրայէլի աթոռին, ինչպէս ասել էր Տէրը, եւ Իսրայէլի Տէր Աստծու անունով տուն շինեցի,
21 այնտեղ տապանակի համար տեղ պատրաստեցի, ուր դրուած է Տիրոջ ուխտը, որ նա ուխտել էր մեր հայրերի հետ, երբ նրանց դուրս բերեց Եգիպտացիների երկրից։
22 Սողոմոնը ամբողջ Իսրայէլի ժողովրդի ներկայութեամբ կանգնեց Տիրոջ զոհասեղանի առջեւ, ձեռքերը երկինք տարածեց
23 եւ ասաց. Տէ՛ր Աստուած Իսրայէլի, չկայ քեզ նման Աստուած վերեւում՝ երկնքում, ու ներքեւում՝ երկրի վրայ. դու պահում ես ուխտը եւ ողորմածութիւն ցուցաբերում քո ծառայի նկատմամբ, որը սրտանց գնում է քո առջեւից։
24 Դու պահեցիր քո ծառային՝ իմ հայր Դաւթին տուած խոստումդ. ինչ որ քո բերանով ասել էիր, քո ձեռքով էլ կատարեցիր, ինչպէս այսօր։
25 Արդ, Տէ՛ր Աստուած Իսրայէլի, կատարի՛ր քո Դաւիթ ծառային՝ իմ հօրը տուած քո այն խոստումը, թէ՝ Մարդ չի պակասելու Իսրայէլի գահի վրայից, միայն թէ քո որդիները հաստատ հետեւեն իրենց ճանապարհին՝ ընթանալով իմ առջեւից, ինչպէս դու ես ընթանում իմ առջեւից։
26 Արդ, Տէ՛ր Աստուած Իսրայէլի, թող իրագործուեն քեզ ծառայ իմ հայր Դաւթին ասած քո խօսքերը։
27 Մի՞թէ Աստուած բնակուելու է մարդկանց հետ երկրի վրայ։ Եթէ երկինքն ու երկնքի անսահմանութիւնները քեզ բաւական չեն, ապա ինչպէ՞ս կարող է բաւականացնել իմ շինած այս տունը։
28 Արդ, լսի՛ր քո ծառայի աղօթքներն ու իմ խնդրանքները, Տէ՛ր Աստուած Իսրայէլի, լսի՛ր քո ծառայի պաղատագին աղօթքները, որ նա քո առջեւ մատուցում է քեզ։
29 Քո աչքերը գիշեր-ցերեկ թող բաց լինեն այն տեղի վրայ, որի համար ասացիր, թէ քո անունն այնտեղ պէտք է լինի. լսի՛ր այն աղերսանքը, որ քո ծառան գիշեր-ցերեկ առաքում է քեզ այստեղ։
30 Լսի՛ր քո ծառայի ու Իսրայէլի քո ժողովրդի ձայնը, որոնք աղօթքի են կանգնել այստեղ. լսի՛ր քո բնակութեան վայրում՝ երկնքում,
31 ու ների՛ր նրան, ով կը մեղանչի իր մերձաւորի դէմ։ Եթէ մէկը մի մարդու անիծելով մեղք գործելուց յետոյ գայ ու այս տանը, քո զոհասեղանի առաջ զղջայ,
32 ապա լսի՛ր նրան երկնքում ու քաւութի՛ւն արա նրան։ Դատի՛ր Իսրայէլի քո ժողովրդին, դատապարտի՛ր անօրէնին ու նրանից պահանջի՛ր նրա կատարած մեղքի հատուցումը, իսկ արդարին արդարացրո՛ւ՝ հատուցելով նրան ըստ իր արդարութեան։
33 Եթէ քո դէմ մեղանչելու պատճառով Իսրայէլի քո ժողովուրդը պարտուի թշնամիներից, բայց դառնայ դէպի քեզ, փառք տայ քո անուանը, աղօթի ու աղաչի քեզ այս տանը,
34 ապա լսի՛ր նրան երկնքում, ների՛ր Իսրայէլի քո ժողովրդի մեղքերը եւ վերադարձրո՛ւ նրանց այն երկիրը, որ տուել ես նրանց հայրերին։
35 Եթէ քո դէմ մեղանչելու պատճառով երկինքը փակուի, ու անձրեւ չլինի, իսկ նրանք աղօթք անեն այս վայրում, փառք տան քո անուանը եւ քեզնից ներում ստանալով՝ զղջան իրենց մեղքերի համար,
36 ապա լսի՛ր երկնքում եւ ների՛ր քո ծառաների ու Իսրայէլի քո ժողովրդի մեղքերը, որպէսզի ցոյց տաս նրանց բարի ճանապարհը, որով պէտք է ընթանան, եւ անձրեւ տաս քո երկրին, որը տուել ես քո ժողովրդին իբրեւ ժառանգութիւն։
37 Եթէ երկրի վրայ սով լինի, ժանտախտ, խորշակահարութիւն, դեղնախտ, մորեխ կամ թրթուր, եւ թշնամին նեղի նրան իր քաղաքներից մէկում, կամ ամէն տեսակ պատահար ու ցաւ լինի,
38 եւ եթէ Իսրայէլի քո ամբողջ ժողովրդից որեւէ մէկը մի աղօթք կամ մի աղերսանք անի, եւ մարդիկ, իրենց սրտի ցաւը գիտենալով, ձեռքները տարածեն դէպի այս տունը,
39 ապա լսի՛ր երկնքում՝ քո բնակութեան տեղում, ների՛ր նրանց, կատարի՛ր նրանց խնդրանքը, ամէն մէկի հոգին ճանաչելով՝ հատուցի՛ր ըստ նրանց ընթացած ճանապարհի, քանզի միայն դու ես ճանաչում բոլոր մարդկանց հոգիները։
40 Թող մարդիկ երկիւղ կրեն քեզնից իրենց կեանքի բոլոր օրերում, որչափ որ ապրեն մեր հայրերին տուած քո երկրի երեսին։
41 Եթէ Իսրայէլի քո ժողովրդին չպատկանող մի օտարական գայ հեռու երկրից,
42 ուր լսած լինի քո մեծ անուան, ամուր ձեռքի ու հզօր բազկի մասին, գայ եւ աղօթք անի այս տեղում,
43 ապա նրան եւս լսիր երկնքում՝ քո բնակութեան տեղում, եւ ըստ ամենայնի կատարի՛ր այդ օտարականի քեզնից խնդրածը, որպէսզի երկրի բոլոր ազգերը ճանաչեն քո անունը, երկիւղ կրեն քեզնից, ինչպէս Իսրայէլի քո ժողովուրդը, եւ իմանան, որ քո անուամբ է կոչուել իմ կառուցած այս տունը։
44 Եթէ քո ժողովուրդը պատերազմի ելնի իր թշնամիների դէմ այն ճանապարհով, որ դու կ՚ուղարկես նրանց, եւ եթէ նրանք աղօթքի կանգնեն Տիրոջ ընտրած քաղաքի ճանապարհին կամ քո անունով իմ կառուցած տանը,
45 ապա երկնքից լսի՛ր նրանց աղօթքն ու խնդրանքը, իրաւադա՛տ եղիր նրանց նկատմամբ։
46 Եթէ մեղանչեն քո դէմ (քանզի չկայ մարդ, որ չմեղանչի), եւ նրանց վրայ բարկանաս ու նրանց մատնես թշնամիների ձեռքը, եւ գերեվարողները նրանց գերեվարեն դէպի թշնամու հեռաւոր կամ մօտիկ երկիրը,
47 եւ եթէ գերի տարուած երկրում զղջան իրենց հոգում, դառնան դէպի քեզ, աղաչեն քեզ գերութան երկրում եւ ասեն՝ Մեղանչեցինք, անօրէնութիւն ու անիրաւութիւն գործեցինք,
48 եւ ապա իրենց թշնամիների երկրում, ուր տարել ես նրանց, քեզ դիմեն իրենց ամբողջ սրտով եւ ամբողջ հոգով, քեզ աղօթք անեն իրենց հայրերի տուած երկրի ճանապարհին, քո ընտրած քաղաքում եւ քո անունով իմ կառուցած տանը,
49 ապա լսի՛ր երկնքում՝ քո բնակութեան վայրում, նրանց աղօթքներն ու խնդրանքները, իրաւադա՛տ եղիր նրանց նկատմամբ,
50 ների՛ր քո դէմ գործած նրանց անիրաւութիւնները, քո հանդէպ թոյլ տուած բոլոր անարգանքները, գո՛ւթ տուր նրանց գերեվարողներին, գթա՛ նրանց,
51 քանզի նրանք քո ժողովուրդն են եւ քո ժառանգութիւնը, որոնց դուրս բերեցիր Եգիպտոսից՝ երկաթէ հնոցի միջից։
52 Թող քո աչքերն ու ականջները բաց լինեն քո ծառայի ու Իսրայէլի քո ժողովրդի աղերսանքների հանդէպ, որ լսես նրանց բոլոր աղաղակները, որ առաքում են քեզ,
53 քանզի, դու ես նրանց քեզ համար ժառանգորդ ընտրել բոլոր ազգերի միջից, ինչպէս ասել ես քո ծառայ Մովսէսի միջոցով, երբ մեր հայրերին դուրս էիր բերում Եգիպտոսից, Տէ՜ր, Տէ՜ր։Երբ Սողոմոնն աւարտեց տան կառուցումը, իր կառուցած տան մասին ասաց. Տէրն արեգակը ի ցոյց հանեց երկնքում. Տէրն ասաց, որ բնակւում է մէգ ու մշուշի մէջ։ Նա ասաց. Իմ նոր տունը ինձ արժանի ձեւով կառուցի՛ր, որ բնակուեմ այնտեղ։ Չէ՞ որ սա գրուած է Երգերի գրքում։
54 Երբ Տիրոջ զոհասեղանի առաջ ծնկաչոք ու ձեռքերը դէպի երկինք տարածած Սողոմոնն աւարտեց Տիրոջն ուղղուած այս բոլոր աղօթքներն ու աղերսանքները,
55 կանգնեց ու մեծաձայն օրհնեց Իսրայէլի ամբողջ ժողովրդին՝ ասելով.
56 Օրհնեալ է Տէրն այսօր, որ, ինչպէս խոստացել էր, հանգիստ է տուել Իսրայէլի իր ժողովրդին։ Իր ծառայի՝ Մովսէսի միջոցով խոստացած բոլոր բարի խօսքերից ոչ մի բան պակաս չի մնացել։
57 Մեր Տէր Աստուածը թող մեզ հետ լինի, ինչպէս մեր հայրերի հետ էր,
58 մեզ թող չլքի, այլ այնպէս առաջնորդի, որ մեր սրտերը նրանից չխոտորուեն, ընթանանք նրա նշած ճանապարհով, պահենք մեր հայրերին տուած նրա բոլոր պատուիրանները, նրա հրամանները, նրա կարգադրութիւնները։
59 Տէր Աստծու առջեւ մատուցած այս պաղատանքի խօսքերս ցերեկ ու գիշեր թող հասնեն մեր Տէր Աստծուն, որպէսզի իր ծառային ու Իսրայէլի իր ժողովրդին ամէն օր արդար դատի,
60 որ երկրի բոլոր ժողովուրդները ճանաչեն, թէ Տէրը Աստուած է, եւ ուրիշ աստուած չկայ։
61 Մեր սրտերը հաւատարիմ թող լինեն մեր Տէր Աստծու նկատմամբ, որպէսզի մենք մաքուր սրտով ընթանանք ըստ նրա հրամանների եւ պահենք նրա պատուիրանները, ինչպէս այսօր։
62 Արքան ու բոլոր իսրայէլացիները նրա հետ Տիրոջ առջեւ զոհեր մատուցեցին։
63 Սողոմոն արքան Տիրոջը քսաներկու հազար արջառ, հարիւր քսան հազար ոչխար մատուցեց իբրեւ խաղաղութեան զոհաբերում։ Արքան ու բոլոր իսրայէլացիները կատարեցին Տիրոջ տան նաւակատիքը։
64 Այդ օրը արքան սրբագործեց սրահի մէջտեղը, որը Տիրոջ տան դիմաց էր. այնտեղ արեց ողջակէզներ, ընծայաբերումներ, զոհաբերումներ ու խաղաղութեան զոհեր։ Տիրոջ առաջ գտնուող պղնձէ զոհասեղանը փոքր էր եւ չէր կարող տեղաւորել ողջակէզները, ընծայաբերումները եւ խաղաղութեան զոհերը։
65 Սողոմոնն ու նրա հետ նաեւ Իսրայէլի ամբողջ ժողովուրդը Եմաթի արեւմուտքից մինչեւ Եգիպտոսի հեղեղատը այդ օրը մեր Տէր Աստծու առաջ, նրա համար շինուած տանը եօթը օր ու դարձեալ եօթը օր, այսինքն՝ տասնչորս օր կերան, խմեցին եւ ուրախացան։
66 Ութերորդ օրը Սողոմոնն արձակեց ժողովրդին, նրանք օրհնեցին արքային, եւ ամէն մէկը ուրախ ու զուարթ գնաց իր բնակութեան վայրը, որովհետեւ Տէրը իր Դաւիթ ծառային եւ Իսրայէլի իր ժողովրդին բարիք էր պարգեւել։