ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Բ. Chapter 9

1 Դաւիթն ասաց. Սաւուղի տնից մնացած մարդ կա՞յ, որ Յովնաթանի սիրուն նրան բարերարութիւն անեմ։
2 Սաւուղի տնից Սիբա անունով մի ծառայ կար։ Կանչեցին նրան Դաւթի մօտ, եւ արքան հարցրեց նրան. Դո՞ւ ես Սիբան։
3 Սա պատասխանեց. Ես եմ, քո ծառան։ Արքան հարցրեց. Սաւուղի տնից մնացած մարդ կա՞յ, որ նրան Աստծու ողորմածութիւնը ցոյց տամ։
4 Սիբան ասաց արքային. Յովնաթանն ունի ոտքերից հաշմուած մի որդի։ Արքան ասաց. Ո՞ւր է նա։ Սիբան պատասխանեց արքային. Նա լադաբարացի Ամիէլի որդի Մաքիրի տանն է։
5 Դաւիթ արքան մարդ ուղարկելով՝ նրան վերցրեց լադաբարացի Ամիէլի որդու՝ Մաքիրի տնից։
6 Սաւուղի որդի Յովնաթանի որդի Մեմփիբոսթէն եկաւ Դաւիթ արքայի մօտ, ընկաւ երեսնիվայր եւ երկրպագութիւն արեց նրան։ Դաւիթն ասաց նրան. Մեմփիբոսթէ։
7 Նա ասաց. Ահաւասիկ ես քո ծառան եմ։ Դաւիթը նրան ասաց. Մի՛ վախեցիր, որովհետեւ քո հայր Յովնաթանի սիրուն քեզ ողորմութիւն պիտի անեմ. քո հօր հայր Սաւուղի բոլոր արտերը քեզ պիտի վերադարձնեմ, եւ դու միշտ իմ սեղանից հաց պիտի ուտես։
8 Մեմփիբոսթէն գետին խոնարհուեց եւ ասաց. Քո ծառան ո՞վ է, որ մի մեռեալ շան վրայ, ինչպիսին ես եմ, ուշադրութիւն ես դարձնում։
9 Արքան կանչելով Սաւուղի ծառայ Սիբային՝ ասաց. Այն ամէնը, ինչ պատկանում էր Սաւուղին ու նրա ամբողջ տանը, տալիս եմ քո տիրոջ որդուն։
10 Դու, քո որդիներն ու քո ծառաները կը մշակէք նրա հողը, հացը կը բերէք քո տիրոջ տունը, որ ուտեն։ Քո տիրոջ որդի Մեմփիբոսթէն միշտ իմ սեղանից պիտի հաց ուտի։
11 Սիբան ունէր տասնհինգ որդի եւ քսան ծառայ։ Սիբան ասաց արքային. Ըստ ամենայնի, ինչ որ իմ տէր արքան հրամայեց իր ծառային, այնպէս էլ կ՚անի քո ծառան։ Եւ Մեմփիբոսթէն Դաւթի սեղանից էր հաց ուտում, որպէս թէ արքայի որդիներից մէկը լինէր։
12 Մեմփիբոսթէն ունէր մի փոքրիկ որդի, որի անունը Միքա էր։ Սիբայի տան բոլոր բնակիչները Մեմփիբոսթէի ծառաներն էին։
13 Մեմփիբոսթէն բնակւում էր Երուսաղէմում, քանի որ միշտ արքայի սեղանից էր ուտում։ Նա երկու ոտքից կաղ էր։