ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Բ. Chapter 24

1 Տիրոջ բարկութիւնը դարձեալ բորբոքուեց Իսրայէլի վրայ։ Նա Դաւթին գրգռեց նրանց դէմ՝ ասելով. Գնա՛ հաշուառում կատարի՛ր Իսրայէլում եւ Յուդայի երկրում։
2 Արքան իր մօտ գտնուող զօրքի հրամանատար Յովաբին ասաց. Շրջի՛ր Իսրայէլի բոլոր ցեղերի մէջ՝ Դանից մինչեւ Բերսաբէէ, ժողովրդի հաշուառում կատարի՛ր, որ գիտենամ նրանց թիւը։
3 Յովաբն ասաց արքային. Տէրը թող ժողովրդին հարիւրապատիկ աւելացնի, ու դա թող տեսնեն իմ տէր արքայի աչքերը, բայց իմ տէր արքան ինչո՞ւ է այդ բանն ուզում։
4 Արքան իր ասածը պարտադրեց Յովաբին ու զօրքի հրամանատարներին։ Յովաբն ու զօրքի բոլոր հրամանատարները ելան արքայի մօտից, որ Իսրայէլի ժողովրդի հաշուառում անցկացնեն։
5 Նրանք անցան Յորդանան գետը եւ կանգ առան Արոյեր քաղաքի աջ կողմը, որը Գադի ու Եղիազարի ձորի միջեւ է։
6 Եկան Գաղաադ, Թաբասոն, Եսթոն ու Ադասէ, հասան Դան ու Սիդոնի շրջակայքը։
7 Նրանք անցան Տիւրոսի Մափսար բնակավայրը եւ քանանացիների ու խեւացիների բոլոր քաղաքները, հարաւի կողմից եկան Յուդայի երկիրը ու Բերսաբէէ։
8 Ամբողջ երկիրը շրջեցին եւ ինն ամիս քսան օր լրանալուց յետոյ եկան հասան Երուսաղէմ։
9 Յովաբը մարդահամարի տուեալները յանձնեց արքային. Իսրայէլն ունէր ութ հարիւր հազար սուսերակիր զինուոր, իսկ Յուդայի երկիրը՝ հինգ հարիւր հազար մարտիկ։
10 Դաւթի սիրտը ցաւեց մարդկանց հաշուառումից յետոյ։ Դաւիթն ասաց Տիրոջը. Մեծ մեղք գործեցի արուածի համար։ Արդ, ո՜վ Տէր, ների՛ր քո ծառայի մեղքը, քանզի մեծ յիմարութիւն արեցի։
11 Երբ Դաւիթն առաւօտեան զարթնեց, Տէրը Դաւթին ուղղուած խօսք ասաց տեսանող մարգարէ Գադի միջոցով։
12 Տէրն ասաց. Գնա խօսի՛ր Դաւթի հետ եւ նրան ասա՛. Այսպէս է ասում Տէրը. երեք բան եմ առաջարկում քեզ, ընտրի՛ր նրանցից մէկը, եւ դա էլ կը կատարեմ։
13 Գադը եկաւ Դաւթի մօտ, պատմեց ու ասաց. Ընտրի՛ր որն ուզում ես. կա՛մ քո երկրում երեք տարի սով պիտի լինի, կա՛մ երեք ամիս դու պիտի փախչես քո թշնամիների առաջից, ու քեզ պիտի հալածեն, կա՛մ էլ երեք օր մահ պիտի լինի քո երկրում։ Արդ, մտածի՛ր ու ասա՛, թէ ի՞նչ պատասխան տանեմ ինձ ուղարկողին։
14 Դաւիթն ասաց Գադին. Բոլոր կողմերից ես խիստ ծանր կացութեան մէջ եմ։ Քանի որ շատ ու շատ են Տիրոջ ողորմածութիւնները, աւելի լաւ է ընկնեմ Տիրոջ ձեռքը, քան մարդկանց ձեռքը։ Եւ Դաւիթն ընտրեց մահը։ Ցորենը հնձելու օրերն էին։
15 Եւ Տէրն Իսրայէլին մահ ուղարկեց առաւօտից մինչեւ ճաշի ժամ։ Մահ սկսուեց ժողովրդի մէջ. Դանից մինչեւ Բերսաբէէ եօթանասուն հազար մարդ մեռաւ։
16 Աստծու հրեշտակն իր ձեռքը
17 մեկնեց Երուսաղէմի վրայ, որ ոչնչացնի այն, սակայն Տէրը զղջաց այդ չար աղէտի համար եւ ասաց ժողովրդին ոչնչացնող հրեշտակին. Բաւական է, ձեռքդ յե՛տ քաշիր։
18 Տիրոջ հրեշտակը յեբուսացի Ոռնայի կալի մօտ էր։ Երբ Դաւիթը տեսաւ ժողովրդին կոտորող հրեշտակին, ասաց Տիրոջը. Ահաւասիկ ես. ես եմ մեղաւոր, ես՝ հովիւս եմ յանցաւոր, այս ոչխարներն ի՞նչ են արել։ Թող քո ձեռքը բարձրանայ իմ ու իմ հօր տան վրայ։
19 Այդ օրը Գադը Դաւթի մօտ գալով՝ ասաց նրան. Վե՛ր կաց ու յեբուսացի Ոռնայի կալում Տիրոջ համար զոհասեղան կանգնեցրո՛ւ։
20 Գադի խօսքերին անսալով՝ Դաւիթը գնաց, ինչպէս Տէրն էր պատուիրել։
21 Երբ Ոռնան տեսաւ իր մօտ եկող արքային ու նրա ծառաներին, ընդառաջ գնաց նրանց եւ երկրպագեց տիրոջը՝ երեսնիվայր գետին ընկնելով։
22 Ոռնան ասաց. Ինչո՞ւ է եկել իմ տէր արքան իր ծառայի մօտ։ Դաւիթն ասաց. Կալը քեզանից գնելու, որ Տիրոջ համար զոհասեղան շինեմ, եւ դադարի ժողովրդի կոտորածը։
23 Ոռնան ասաց Դաւթին. Թող իմ տէր արքան առնի ու Տիրոջը զոհ մատուցի այն, ինչ հաճելի է նրա աչքին։ Ահաւասիկ եզներ ողջակէզի համար եւ անիւներ ու եզների լծասարք՝ փայտի փոխարէն։
24 Ոռնան ամէն ինչ տալով արքային՝ ասաց նրան. Թող քո Տէր Աստուածը քեզ օրհնի։
25 Արքան ասաց Ոռնային. Ո՛չ, այդպէս չէ։ Պէտք է քեզանից փողով գնեմ, իմ Տէր Աստծուն ձրի ողջակէզ չեմ մատուցի։
26 Դաւիթը կալն ու եզները գնեց յիսուն սիկղ արծաթով։ Դաւիթն այնտեղ Տէր Աստծու համար զոհասեղան շինեց եւ նրա վրայ ողջակէզներ ու հաշտութեան զոհեր մատուցեց։ Յետագայում Սողոմոնը զոհասեղանն ընդարձակեց, որովհետեւ նախկինը փոքր էր։ Տէրը լսեց երկրի համար արուած աղօթքը, եւ Իսրայէլից կոտորածը դադարեց։