ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Բ. Chapter 4

1 Երբ Սաւուղի որդի Յեբուսթէն լսեց, որ Աբենները մահացել է Քեբրոնում, նրա ձեռքերը թուլացան, իսկ բոլոր իսրայէլացիները վհատուեցին։
2 Սաւուղի որդի Յեբուսթէն ունէր գնդերի երկու զօրապետներ, որոնցից մէկի անունն էր Բաանա, իսկ միւսինը՝ Ռեքաբ։ Սրանք Բենիամինի ցեղից բերոթացի Ռեմոնի որդիներն էին։
3 Բերոթը Բենիամինի երկրի մասն էր կազմում։ Բերոթացիները Գեթթայի էին փախել եւ իբրեւ պանդուխտ այնտեղ են ապրում մինչեւ այսօր։
4 Սաւուղի որդի Յովնաթանն ունէր հինգ տարեկան մի կաղ որդի։ Սաւուղի եւ նրա որդի Յովնաթանի մահուան գոյժը Յեզրայէլից հասնելուց յետոյ մանկան դայեակը նրան վերցնելով փախել էր։ Եւ ահա երբ նրանք շտապ փախչում էին, մանուկն ընկել էր ու ոտքը վնասել։ Նրա անունը Մեմփիբոսթէ էր։
5 Բերոթացի Ռեմոնի որդիները՝ Ռեքաբն ու Բաանան, գնացին եւ օրուայ տօթ ժամին մտան Յեբուսթէի տունը։ Սա կէսօրին ննջում էր անկողնում։
6 Տան դռնապանը ցորեն մաքրելիս նիրհել էր ու քուն մտել։
7 Ռեքաբ եւ Բաանա եղբայրները գաղտագողի տուն մտան։ Յեբուսթէն սենեակում ննջում էր իր անկողնում։
8 Հարուածեցին նրան, սպանեցին, կտրեցին նրա գլուխը եւ այն վերցնելով՝ ամբողջ գիշերը գնացին արեւելեան ճանապարհով։ Յեբուսթէի գլուխը բերեցին Քեբրոն, Դաւթի մօտ, եւ ասացին արքային. Ահա քո թշնամու՝ Սաւուղի որդի Յեբուսթէի գլուխը, որը քո մահն էր նիւթում։ Տէրը մեր տէր արքայի համար վրէժխնդիր եղաւ նրա թշնամիներից, ինչպէս այսօր վրէժխնդիր եղաւ քո թշնամի Սաւուղից եւ նրա սերնդից։
9 Դաւիթը Բերոթացի Ռեմոնի որդիներ Ռեքաբին ու նրա եղբայր Բաանային պատասխանեց՝ ասելով. Վկայ է Տէրը, որ ինձ փրկեց ամէն նեղութիւնից։
10 Նա, ով պատմել էր ինձ, թէ մեռաւ Սաւուղը, նրան թւում էր, թէ ինձ աւետիս էր տալիս, իսկ ես բռնեցի նրան Սիկեղակում ու սպանեցի, մինչդեռ նա կարծում էր, թէ ես նրան պէտք է աչքալուսանք տամ։
11 Արդ, դուք՝ չա՛ր մարդիկ, իր տանը, անկողնում սպանել էք արդար մարդու։ Հիմա ես նրա արիւնը պէտք է պահանջեմ ձեզանից, ձեզ պիտի վերացնեմ երկրից։
12 Դաւիթը հրաման տուեց իր զինուորներին, որոնք սպանեցին նրանց, կտրեցին նրանց ձեռքերն ու ոտքերը եւ դրանք կախեցին Քեբրոնի աղբիւրի վրայ, իսկ Յեբուսթէի գլուխը թաղեցին Քեբրոնում, Ների որդի Աբենների գերեզմանում։