ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Բ. Chapter 17

1 Աքիտոփէլն ասաց Աբեսաղոմին. Թող տասներկու հազար մարդ ընտրեմ, այս գիշեր գնամ ու հետապնդեմ Դաւթին եւ գիշերով նրա դէմ ելնեմ։
2 Նա յոգնած է ու ձեռքերը թուլացած։ Նրան խուճապի կը մատնեմ, նրա հետ եղած զօրքը կը փախչի, ու կը սպանեմ միայն արքային։
3 Ամբողջ զօրքը քեզ մօտ կը բերեմ, ինչպէս հարսն է իր ամուսնու մօտ գալիս, եւ միայն մէկ մարդու կեանքին վերջ կը տամ, իսկ ամբողջ զօրքը խաղաղութեան մէջ կը լինի։
4 Այս խօսքը ճշմարիտ թուաց Աբեսաղոմին եւ Իսրայէլի բոլոր ծերերին։
5 Աբեսաղոմն ասաց. Կանչեցէ՛ք արաքացի Քուսիին, եւ լսենք, թէ նա ինչ կ՚ասի։
6 Քուսին եկաւ Աբեսաղոմի մօտ, եւ Աբեսաղոմը հաղորդեց նրան այն խօսքերը, որ ասել էր Աքիտոփէլը։ Նա աւելացրեց. Հետեւե՞նք նրա ասածին, ապա թէ ոչ, դու ի՛նքդ խորհուրդ տուր։
7 Քուսին ասաց Աբեսաղոմին. Աքիտոփէլի այս անգամ տուած խորհուրդը լաւ չէ։
8 Քուսին աւելացրեց. Դու ինքդ ճանաչում ես հօրդ եւ նրա մարդկանց, որ նրանք շատ զօրեղ են եւ դառնացած սրտով, որովհետեւ նրանք նման են դաշտում ձագերը կորցրած ու զայրացած արջի։ Քո հայրը պատերազմի մարդ է եւ զօրքին հանգիստ չի տայ։
9 Նա հիմա թաքնուած է բլուրներից մէկում կամ այլ տեղում, եւ եթէ յարձակուենք նրա վրայ, առաջինը ինքը կը գրոհի, եւ այն ժամանակ լսողները կ՚ասեն, թէ՝ Կոտորուել է Աբեսաղոմին հետեւող ժողովուրդը։
10 Նա հզօր մարդ է, եւ նոյնիսկ նա, ով առիւծի սիրտ ունի, նրա առաջ կը թուլանայ, որովհետեւ ամբողջ Իսրայէլը գիտի, թէ ուժեղ է քո հայրը, եւ նրա հետ եղողներն էլ ուժեղ են։
11 Ուստի ես քեզ այսպիսի խորհուրդ կը տամ. հաւաքի՛ր բոլոր իսրայէլացիներին՝ Դանից մինչեւ Բերսաբէէ, ծովեզրի աւազի չափ, եւ դու էլ անձամբ առաջնորդի՛ր նրանց։
12 Այն ժամանակ նրա վրայ կը հասնենք այն տեղերից մէկում, ուր նրան կը գտնենք. կը շրջապատենք նրան, ինչպէս ցօղն է իջնում երկրի վրայ, եւ նրա մարդկանցից ոչ ոքի կենդանի չենք թողնի։
13 Իսկ եթէ նա քաղաք մտնի, այն ժամանակ ամբողջ Իսրայէլն այդ քաղաքը պարաններ տանելով՝ նրա մարդկանց քարշ կը տայ մինչեւ հեղեղատը, այնպէս որ այնտեղ մի քար էլ չի մնայ։
14 Աբեսաղոմն ու բոլոր իսրայէլացիներն ասացին. Արաքացի Քուսիի խորհուրդն աւելի լաւ է, քան Աքիտոփէլի խորհուրդը։ Տէրը վճիռ էր տուել, որ Աքիտոփէլի լաւ խորհուրդը չկատարուի, որպէսզի Տէրը Աբեսաղոմի գլխին թափի բոլոր չարիքները։
15 Արաքացի Քուսին ասաց Սադոկ ու Աբիաթար քահանաներին. Աքիտոփէլը այսպէս եւ այսպէս խորհուրդ տուեց Աբեսաղոմին ու Իսրայէլի ծերերին, իսկ ես այսպիսի խորհուրդ տուեցի։
16 Արդ, շուտափոյթ կերպով մա՛րդ ուղարկեցէք ու իմա՛ց տուէք Դաւթին՝ ասելով. Այս գիշեր Ռաբոթ անապատում մի՛ մնա, այլ անցիր գնա՛, որ չլինի, թէ արքան եւ ամբողջ ժողովուրդը կորստեան մատնուեն։
17 Յովնաթանն ու Աքիմաասը Ռոգելի աղբիւրների մօտ էին, եւ մի աղախին գնաց ու նրանց պատմեց, որ գնան ու յայտնեն Դաւիթ արքային, որովհետեւ իրենք չէին կարող քաղաք մտնել ու երեւալ այնտեղ։
18 Մի պատանի, սակայն, տեսաւ նրանց ու յայտնեց Աբեսաղոմին։ Նրանք երկուսով գնացին Բաւուրիմ ու մտան մի մարդու տունը, ուր ջրհոր կար, եւ այնտեղ իջան։
19 Կինը խուփն առաւ ու փակեց ջրհորը, դրա վրայ թուզ փռեց իբր չորացնելու համար, ու ոչինչ չիմացուեց։
20 Աբեսաղոմի ծառաներն եկան այդ կնոջ մօտ, նրա տունը եւ հարցրին. Ո՞ւր են Աքիմաասն ու Յովնաթանը։ Կինը նրանց պատասխանեց. Գետից այն կողմ անցան։ Նրանք փնտռեցին նրանց եւ, չգտնելով, վերադարձան Երուսաղէմ։
21 Նրանց գնալուց յետոյ սրանք ջրհորից դուրս եկան եւ գնացին Դաւիթ արքայի մօտ ու պատմեցին՝ ասելով. Ելէ՛ք ու անցէ՛ք գետը, քանզի Աքիտոփէլն այսպէս ու այսպէս է խորհուրդ տուել ձեր դէմ։
22 Դաւիթն ու նրա հետ եղող ամբողջ ժողովուրդը առաւօտեան, նախքան լուսանալը ելան ու անցան Յորդանան գետը։ Ոչ ոք չմնաց, որ անցած չլինէր Յորդանան գետը։
23 Աքիտոփէլը երբ տեսաւ, որ իր խորհուրդը ի դերեւ ելաւ, համետեց իր էշը, ելաւ գնաց քաղաք, իր տունը, եւ իր տանը կարգադրութիւններ անելուց յետոյ կախուեց։ Նա մեռաւ եւ թաղուեց իր հօր գերեզմանում։
24 Դաւիթը հասաւ Բանակատեղիներ, իսկ Աբեսաղոմն ինքը եւ նրա հետ ամբողջ Իսրայէլը անցան Յորդանան գետը։
25 Աբեսաղոմը Յովաբի փոխարէն իր զօրքի հրամանատար կարգեց Ամեսայիին։ Ամեսային որդին էր յեզրայելացի մի մարդու, որի անունն էր Յոթոր։ Նա ամուսնացել էր Յովաբի մայր, Շարուհիի քոյր եւ Յեսսէի դուստր Աբիգեայի հետ։
26 Աբեսաղոմը եւ ամբողջ Իսրայէլը բանակատեղի դրեցին Գաղաադի երկրում։
27 Երբ Դաւիթը Բանակատեղիներ հասաւ, Նաասի որդի Վեսբին՝ Ամոնի որդիներից՝ Ռաբաթից, Ամիէլի որդի լադաբարցի Մաքիրը եւ գաղաադացի Բերզելին՝ Ռոգելիմից, բերեցին տասն անկողիններ,
28 ծածկոցներ, տասը կաթսաներ, բրուտի անօթներ,
29 ցորեն, գարի, ալիւր, փոխինդ, ոլոռ, ոսպ, մեղր, կարագ, ոչխարներ ու կաթնակեր հորթեր եւ մատուցեցին Դաւթին ու նրա հետ եղած զօրքին, որ ուտեն, քանզի զօրքը անապատում լինելով՝ քաղցած էր ու ծարաւ։