ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ. Chapter 8

1 Եթէ այդպէս է, այլեւս ոչ մի դատապարտութիւն չկայ նրանց համար, որոնք Քրիստոս Յիսուսի մէջ են.
2 որովհետեւ Քրիստոս Յիսուսով կեանք տուող հոգու օրէնքը ինձ փրկեց մեղքի եւ մահուան օրէնքից.
3 քանզի, ինչ որ անհնար էր օրէնքի համար, որ տկարանում էր մարմնի պատճառով, Աստուած հնարաւոր դարձրեց. առաքեց իր Որդուն մեղանչական մարմնի նմանութեամբ եւ մեղքի համար ու մարմնի մէջ դատապարտեց մեղքը,
4 որպէսզի օրէնքի արդարութիւնը կատարուի մեր մէջ, մեր, որ ոչ թէ ըստ մարմնի ենք ընթանում, այլ՝ ըստ հոգու.
5 արդարեւ նրանք, որ ըստ մարմնի են, մարմնինն են խորհում, իսկ նրանք, որ ըստ հոգու են, հոգունը.
6 քանի որ մարմնաւոր խորհուրդը մահ է, իսկ հոգեւոր խորհուրդը կեանք եւ խաղաղութիւն.
7 քանզի մարմնաւոր խորհուրդը թշնամութիւն է առ Աստուած, որովհետեւ չի հնազանդւում Աստծու օրէնքին. եւ նա ոչ իսկ կարող է։
8 Նրանք, որ մարմնի իշխանութեան տակ են, չեն կարող հաճելի լինել Աստծուն։
9 Բայց դուք մարմնի իշխանութեան տակ չէք, այլ՝ հոգու, եթէ Աստծու Հոգին բնակուած է ձեր մէջ։ Ապա եթէ մէկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրան չի պատկանում։
10 Իսկ եթէ Քրիստոս ձեր մէջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, եւ հոգին կենդանի է արդարութեան համար։
11 Եթէ ձեր մէջ բնակւում է Նրա Հոգին, ով յարութիւն տուեց Յիսուսին մեռելներից, ապա եւ, ով յարութիւն տուեց Քրիստոսին մեռելներից, կը կենդանացնի ձեր մահկանացու մարմինները ձեր մէջ բնակուող իր Հոգով։
12 Այսպէս, ուրեմն, եղբայրնե՛ր, մարմնին չէ, որ պարտական ենք՝ ըստ մարմնի ապրելով.
13 որովհետեւ, եթէ ըստ մարմնի ապրէք, կը մեռնէք. իսկ եթէ Հոգով մարմնի գործերը սպանէք, կ՚ապրէք.
14 որովհետեւ նրանք, որ առաջնորդւում են Աստծու Հոգով, նրա՛նք են Աստծու որդիներ.
15 քանի որ չստացաք ծառայութեան հոգին վերստին երկիւղի մէջ ընկնելու համար, այլ ստացաք որդեգրութեան հոգին, որով աղաղակում ենք՝ Աբբա Հայր։
16 Նոյն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, թէ Աստծու որդիներ ենք.
17 եւ եթէ որդիներ ենք, ապա եւ՝ ժառանգներ. ժառանգներ Աստծու եւ ժառանգակիցներ Քրիստոսի. եթէ իր չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու եւ փառքին։
18 Ինձ այնպէս է թւում, թէ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու գալիք փառքի հետ, որ յայտնուելու է մեզ.
19 որովհետեւ ստեղծուածները մեծ ակնկալութեամբ սպասում են Աստծու որդիների յայտնութեանը,
20 քանի որ ստեղծուածները ունայնութեանը հնազանդուեցին (ոչ իրենց կամքով, այլ նրա համար, որ Աստուած հնազանդեցրեց նրանց)
21 այն յոյսով, որ ստեղծուածներն իրենք էլ ազատուեն ապականութեան ծառայութիւնից՝ Աստծու որդիների փառքի ազատութեան հասնելու համար.
22 քանզի գիտենք, որ բոլոր ստեղծուածները հեծեծում են եւ երկունքի ցաւի մէջ են մինչեւ այժմ.
23 եւ ոչ միայն այսչափ. այլ եւ մենք իսկ, որ Հոգու առաջին պտուղն ունենք, մենք եւս մեր մէջ հեծեծում ենք՝ սպասելով որդեգրութեանը՝ մեր մարմնի փրկութեանը.
24 որովհետեւ յոյսով փրկուեցինք. իսկ տեսանելի յոյսը յոյս չէ, քանի որ մի բան, որ մէկը տեսնում է, էլ ինչո՞ւ յուսայ.
25 իսկ եթէ յոյս ունենք մի բանի, որը չենք տեսնում, ուրեմն՝ համբերութեամբ սպասում ենք դրան։
26 Նոյնպէս եւ Հոգին օգնութեան է հասնում մեր տկարութիւններին. որովհետեւ մենք աղօթում ենք եւ չգիտենք, թէ ինչպէս արժան է աղօթել. բայց Հոգին ինքը բարեխօս է լինում մեզ անմռունչ հառաչանքով։
27 Իսկ նա, ով քննում է սրտերը, գիտէ, թէ ինչ խորհուրդ ունի Հոգին, քանի որ ըստ Աստծու կամքի է բարեխօսում սրբերի համար։
28 Բայց գիտենք, թէ ամէն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն, որոնք եւ կանչուեցին նրա նախասահմանումով.
29 որովհետեւ նրանց, որ առաջուց գիտէր, նախասահմանեց կերպարանակից լինելու իր Որդու պատկերին, որպէսզի նա լինի անդրանիկը բազում եղբայրների մէջ.
30 եւ որոնց որ նախասահմանել էր, նրանց էլ կանչեց. եւ որոնց որ կանչեց, նրանց էլ արդարացրեց. եւ որոնց որ արդարացրեց, նրանց էլ փառաւորեց։
31 Իսկ արդ, ի՞նչ ասենք այս մասին։ Եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ կը լինի մեզ հակառակ։
32 Նա, որ իր Որդուն իսկ չխնայեց, այլ մեր բոլորի համար մահուան մատնեց նրան, էլ ինչպէ՞ս մեզ չի շնորհելու ամենայն ինչ նրա հետ մէկտեղ։
33 Ո՞վ է, որ մեղադրելու է Աստծու ընտրեալներին. Աստուած է, որ արդարացնում է։
34 Իսկ արդ, ո՞վ է, որ դատապարտելու է։ Քրիստոս Յիսուս է, որ մեռաւ, մանաւանդ որ յարութիւն էլ առաւ. եւ Աստծու աջում է եւ բարեխօս է մեզ համար։
35 Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թէ՞ անձկութիւնը, թէ՞ հալածանքը, թէ՞ սովը, թէ՞ մերկութիւնը, թէ՞ վտանգները, թէ՞ սուրը,
36 ինչպէս գրուած էլ է.
37 Բայց այս բոլորից է՛լ աւելի յաղթական ենք դուրս գալիս նրա միջոցով, ով սիրեց մեզ.
38 որովհետեւ վստահ եմ, թէ ո՛չ մահը, ո՛չ կեանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանութիւնները, ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները եւ ո՛չ զօրութիւնները,
39 ո՛չ բարձրութիւն, ո՛չ խորութիւն եւ ո՛չ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կայ մեր Տէր Քրիստոս Յիսուսով։