ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ. Chapter 7

1 Կամ թէ չգիտէ՞ք, եղբայրնե՛ր, - որովհետեւ օրէնքին գիտակ մարդկանց եմ ասում, - որ օրէնքը տիրում է մարդուն այնքան ժամանակ, քանի նա կենդանի է.
2 ինչպէս որ ամուսնացած կինը օրէնքով կապուած է իր մարդուն, քանի դեռ սա կենդանի է. իսկ եթէ մարդը մեռնի, իր մարդուն կապող օրէնքից արձակուած է։
3 Ապա ուրեմն, մինչ մարդը կենդանի է, շուն կը կոչուի, եթէ ուրիշ մարդու կին լինի. իսկ եթէ մարդը մեռնի, ազատ է այդ օրէնքից եւ շուն չի համարուի, եթէ ուրիշ մարդու կին լինի։
4 Այսպէս էլ դուք, եղբայրնե՛ր, օրէնքի հանդէպ մեռած էք Քրիստոսի մարմնով, որպէսզի լինէք ուրիշինը, նրանը, որ մեռելներից յարութիւն է առել, որպէսզի պտղաբեր լինենք Աստծու համար.
5 քանզի, մինչ մարմնական ցանկութիւնների համեմատ էինք ապրում, մեղքի կրքերը, որ օրէնքից մղում էին ստանում, զօրանում էին մեր մարմնի անդամների մէջ՝ մեզ առաջնորդելու համար մահուան։
6 Բայց այժմ բեռնաթափուեցինք օրէնքից, քանզի մեռա՛նք այն բանի նկատմամբ, որով բռնուած էինք, որպէսզի ծառայենք Հոգու նորոգութեամբ եւ ո՛չ գրուածքի հնութեամբ։
7 Իսկ արդ, ի՞նչ ասենք. օրէնքը մե՞ղք է։ Քա՛ւ լիցի. բայց մեղքը չէի ճանաչի այլ կերպ, քան օրէնքով. եւ ցանկութիւնը չէի ճանաչի, եթէ օրէնքը ասած չլինէր՝ մի՛ ցանկացիր։
8 Մեղքը պատուիրանով առիթ գտաւ եւ իմ մէջ առաջ բերեց ամենայն ցանկութիւն, որովհետեւ առանց օրէնքի մեղքը մեռած է։
9 Կար ժամանակ, որ ես էլ առանց օրէնքի կենդանի էի, բայց, երբ պատուիրանն ինձ հասաւ, մեղքը կենդանացաւ,
10 եւ ես մեռայ. եւ նոյն այն պատուիրանը, որ կեանքի համար էր, իմ մահուան պատճառ եղաւ.
11 որովհետեւ մեղքը պատուիրանով առիթ գտաւ, խաբեց ինձ, դրանով էլ սպանեց։
12 Այսպէս ուրեմն, օրէնքը սուրբ է, պատուիրանն էլ՝ սուրբ եւ արդար ու բարի։
13 Իսկ արդ, բարի՞ն մահ եղաւ ինձ համար. քա՛ւ լիցի. այլ մեղքը, օգտագործելով ինչ որ բարի է, ինձ մահ պատճառեց, որպէսզի պատուիրանի միջոցով մեղքը յայտնուի որպէս մեղք իր իսկական սաստկութեամբ։
14 Գիտենք, որ օրէնքը հոգեւոր է. իսկ ես մարմնաւոր եմ՝ մեղքին վաճառուած.
15 քանի որ չեմ իմանում, ինչ որ գործում եմ. ոչ թէ այն եմ անում, ինչ որ ուզում եմ, այլ գործում եմ այն, ինչ որ ատում եմ.
16 ապա եթէ անում եմ այն, ինչ որ չեմ կամենում, դրանով իսկ վկայում եմ, թէ օրէնքը բարի է։
17 Իսկ արդ, ե՛ս չէ, որ գործում եմ այն, այլ՝ իմ մէջ բնակուող մեղքը։
18 Գիտեմ, որ ոչ մի բարի բան չի բնակւում իմ մէջ, այսինքն՝ իմ մարմնի մէջ, որովհետեւ կամենալը կար իմ մէջ, իսկ բարին գործելը՝ ոչ.
19 որովհետեւ ոչ թէ անում եմ բարին, որ կամենում եմ, այլ գործում եմ չարը, որը չեմ կամենում։
20 Իսկ եթէ անում եմ այն, ինչ որ չեմ կամենում, այլեւս ե՛ս չէ, որ անում եմ այն, այլ՝ իմ մէջ բնակուող մեղքը։
21 Եւ արդ, գտնում եմ այն բանի օրէնքը, որ, երբ ես ուզում եմ բարին գործել, իմ դէմ չարն է ելնում.
22 հաճելի է ինձ Աստծու օրէնքը՝ ներքին մարդու տեսակէտից,
23 բայց իմ մարմնի անդամների մէջ տեսնում եմ այլ օրէնք, որ պայքարում է իմ մտքի օրէնքին հակառակ եւ ինձ գերի է դարձրել մեղքի օրէնքին, որ կայ իմ մարմնի անդամների մէջ։
24 Ի՜նչ խղճալի մարդ եմ ես։ Ո՞վ կը փրկի ինձ այս մարմնից, որ ինձ մահուան է տանում։
25 Բայց գոհութիւն Աստծու՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով։ Ապա ուրեմն ես ինքս իմ մտքով ծառայում եմ Աստծու օրէնքին, իսկ մարմնով՝ մեղքի օրէնքին։