ԺՈՂՈՎՈՂ. Chapter 2

1 Սրտիս մէջ ասացի. Արի՛ քեզ փորձեմ նաեւ վայելքի տալով, տեսնեմ՝ ինչ ես դու բարիքների մէջ. եւ ահա դա էլ ունայնութիւն է։
2 Տեսայ, որ ծիծաղը յիմար բան է, եւ ուրախութիւնը՝ անօգուտ։
3 Եւ ես խորհեցի, որ սիրտս զուարթացնեմ, ինչպէս գինին զուարթացնում է մարմինս. եւ ես ինձ հաճոյքի տուի. սիրտս, սակայն, իմաստութեամբ առաջնորդեց ինձ մինչեւ որ տեսնէի, թէ որն է բարին մարդու որդիների համար, որպէսզի նրանք այն անեն արեգակի ներքոյ՝ իրենց պարգեւուած կեանքի օրերին։
4 Ես շատ գործերի ձեռնամուխ եղայ, ինձ համար ապարանքներ շինեցի, ինձ համար այգիներ տնկեցի,
5 ինձ համար պարտէզներ եւ ծաղկանոցներ շինեցի եւ ամէն տեսակ պտղաբեր ծառեր տնկեցի նրանց մէջ։
6 Ջրաւազաններ շինեցի ինձ համար, որ ջրերը ոռոգեն մայրիների խիտ անտառները։
7 Ծառաներ եւ աղախիններ ունեցայ, եւ նրանք ընդոծիններ ունեցան ինձ համար, եւ աւելի շատ նախիրներ ու հօտեր ունեցայ, քան բոլոր նրանք, որ եղել են ինձնից առաջ Երուսաղէմում։
8 Ինձ համար արծաթ ու ոսկի կուտակեցի եւ թագաւորներից ու գաւառներից մեծ գանձեր դիզեցի։ Գուսաններ եւ երգիչներ ու երգչուհիներ ունեցայ եւ մարդու որդու համար՝ ամէն մեղկութիւն։ Տղամարդ եւ կին մատակարարներ բերեցի ինձ համար,
9 եւ ես աւելի մեծ եղայ, քան բոլոր նրանք, որ ինձնից առաջ եղել են Երուսաղէմում. եւ աւելացաւ նաեւ իմ իմաստութիւնը։
10 Ինչ որ աչքս ուզեց, ինձ չզրկեցի դրանից, եւ ոչ մի ուրախութեան համար սրտիս վրայ արգելք չդրի։ Իմ սիրտն ուրախ եղաւ, որովհետեւ վայելեց իմ աշխատանքի պտուղները, եւ դա էլ իմ բաժինը եղաւ իմ բոլոր վաստակներից։
11 Ես նայեցի իմ ձեռքերի արած բոլոր գործերին եւ դրանք անելու համար իմ քաշած չարչարանքներին, եւ, ահա՛ ամէն ինչ ունայնութիւն է եւ հոգու տանջանք, եւ ոչ մի օգուտ չկայ արեգակի ներքոյ։
12 Ես դարձայ տեսնելու իմաստութիւնը, նաեւ յիմարութիւնն ու անմտութիւնը, թէ այն ո՞ր մարդն է, որ իր գործն անելիս միշտ հետեւում է իմաստութեան։
13 Եւ տեսայ, որ իմաստութիւնն աւելի օգտակար է անմտութիւնից, ինչպէս լոյսը՝ խաւարից։
14 Իմաստունի աչքերն իր գլխի մէջ են, իսկ անմիտը գնում է խաւարի միջով. բայց ես հասկացայ, որ նրանց բոլորին միեւնոյն դիպուածն է սպասում։
15 Եւ սրտիս մէջ ասացի. Եթէ նոյն դիպուածն է պատահելու ինչպէս անզգամին, այնպէս էլ ինձ, էլ ինչո՞ւ ես աւելի իմաստուն դարձայ։ Եւ մէկ անգամ եւս ասացի սրտիս մէջ, թէ սա նոյնպէս ունայնութիւն է, քանի որ անմիտն է աւելորդ խօսում,
16 որովհետեւ թէ՛ յիմարի եւ թէ՛ իմաստունի համար յաւիտենական յիշատակ չկայ։ Արդարեւ, գալիք օրերին մոռացուելու է ամէն բան, եւ իմաստունը եւս պիտի մեռնի ինչպէս յիմարը։
17 Ես ատեցի իմ կեանքը, որովհետեւ ինձ համար չար էին այն գործերը, որ կատարուել են արեգակի ներքոյ, քանի որ ամէն ինչ ունայնութիւն է եւ հոգու տանջանք։
18 Ես ատեցի իմ ամբողջ վաստակը, որ արել էի արեգակի տակ, քանի որ ես այն թողնելու եմ մի մարդու, որ գալու է ինձնից յետոյ։
19 Եւ ո՞վ գիտէ, իմաստո՞ւն է լինելու նա, թէ՞ յիմար, կամ՝ տիրելո՞ւ է արդեօք իմ բոլոր վաստակին, որ ես վաստակեցի եւ որի շնորհիւ էլ իմաստուն դարձայ արեգակի ներքոյ. սակայն սա եւս ունայնութիւն է։
20 Ի սրտէ ես հրաժարուեցի իմ բոլոր վաստակներից, որ վաստակեցի արեգակի ներքոյ.
21 որովհետեւ մարդ կայ, որի վաստակը իմաստութեամբ, գիտութեամբ եւ առաքինութեամբ է լինում, մարդ էլ կայ, որ ոչինչ չի արել, բայց այդ վաստակը բաժին է ընկնում նրան։ Սակայն սա եւս ունայնութիւն է եւ մեծ չարիք։
22 Ուստի ի՞նչ է մնում մարդուս իր բոլոր չարչարանքից եւ սրտի տանջանքից, որ ջանք է թափել արեգակի ներքոյ,
23 որովհետեւ նրա բոլոր օրերը ցաւերով են լի եւ հաճոյքը՝ տրտմութեամբ, եւ գիշերն էլ նրա սիրտը չի ննջում։ Սակայն սա եւս ունայնութիւն է։
24 Մարդուս համար չկայ ուրիշ լաւ բան, բացի ուտելուց, խմելուց եւ իր վաստակով իր հոգուն հաճոյք պատճառելուց։ Բայց ես տեսայ, որ այդ եւս լինում է Աստծուց,
25 քանզի ո՞վ կարող է ուտել եւ խմել առանց Նրա։
26 Աստուած իմաստութիւնը, գիտութիւնը եւ ուրախութիւնը տալիս է այն մարդուն, որը հաճելի է իր առջեւ, իսկ մեղաւորին տալիս է հաւաքելու եւ դիզելու հոգս, որպէսզի նա ձեռք բերածը տայ այն մարդուն, որը հաճելի է Աստծու առջեւ։ Բայց սա եւս ունայնութիւն է եւ հոգու տանջանք։