ԺՈՂՈՎՈՂ. Chapter 5

1 Թող քո բերանը չշտապի, եւ ոչ էլ սիրտդ հապճեպ խօսք ասի Աստծու առջեւ, որովհետեւ Աստուած երկնքում է, իսկ դու՝ երկրի վրայ. դրա համար էլ թող քո խօսքերը սակաւ լինեն։
2 Երազը հոգսերի շատութիւնից է առաջ գալիս, իսկ յիմարի ձայնը՝ շատախօսութիւնից։
3 Եւ ինչ ուխտ որ արել ես Աստծուն՝ մի՛ դանդաղիր այն կատարել, քանի որ անզգամները հաճելի չեն նրան։
4 Որքան որ ուխտ անես՝ կատարի՛ր, քանի որ լաւ է ուխտ չանել, քան թէ ուխտ անել եւ չկատարել։
5 Մի՛ թոյլ տուր, որ բերանդ մարմնիդ դրդի մեղքեր գործելու, եւ Աստծու առջեւ մի՛ ասա, թէ անգիտութիւնից էր, որպէսզի խօսքիդ համար Աստուած չբարկանայ եւ չաւերի ձեռքիդ գործերը,
6 որովհետեւ, ինչպէս երազների առատութեան, այնպէս էլ խօսքերի շատութեան մէջ եւս ունայնութիւն կայ. եւ դու վախեցի՛ր Աստծուց։
7 Եթէ դու երկրի վրայ աղքատի զրկանք տեսնես եւ իրաւունքի ու արդարութեան յափշտակութիւն, մի՛ զարմացիր այդ բաների վրայ, որովհետեւ բարձր դիրքի մի պաշտօնեայ պաշտպանուած է մէկ այլ բարձր դիրքի պաշտօնեայի կողմից, իսկ դրանցից էլ աւելի բարձր մի երրորդ պաշտօնեայ կայ։
8 Բայց հողի բարիքը բոլորի համար է, եւ բոլորի վրայ թագաւորն է, որը օգտւում է մշակուած հողից։ Եւ դու հաւատարի՛մ եղիր այն ամենին, ինչ ծանր աշխատանքով վերցնում են հողից։
9 Արծաթ սիրողը չի կշտանայ արծաթից, ոչ էլ հարստութիւն սիրողը՝ իր եկամուտներից. ուստի դա եւս ունայնութիւն է։
10 Արդար բարիքները բազմանալու հետ շատանում են նաեւ ուտողները. եւ ի՞նչ օգուտ ունի տէրն իր ունեցուածքից, եթէ ոչ այն, որ իր աչքով է տեսնում իր ունեցուածքն սկզբից։
11 Քաղցր է աշխատաւորի քունը, քիչ ուտի նա, թէ շատ։ Բայց կուշտ լինելը չի թողնում, որ հարուստը հանգիստ քնի։
12 Մի բան էլ տեսայ արեգակի ներքոյ. դա այն հարստութիւնն է, որ մարդ պահում է իր սեւ օրուայ համար,
13 բայց մի չար դիպուածով կորչում է նրա հարստութիւնը. որդի է ծնուել նրան, բայց նրա ձեռքին ոչինչ, ոչ մի բան չկայ։
14 Ինչպէս որ իր մօր որովայնից նա մերկ է ելել, մերկ էլ ետ կը դառնայ. ինչպէս եկել է, այնպէս էլ կը գնայ, եւ երբ գնայ՝ ոչինչ չի վերցնելու իր վաստակից, որպէսզի տանի իր հետ։
15 Սա էլ մի ծանր ցաւ է, ինչպէս որ եկել է, այնպէս էլ կը գնայ. էլ ի՞նչ օգուտ ունի մարդն իր վաստակից, որ ջանք է թափում... քամու համար։
16 Եւ յետոյ նրա բոլոր օրերը խաւար են ու սուգ եւ անցնում են շատ հոգսերի, հիւանդութիւնների եւ բարկութեան մէջ։
17 Ահաւասիկ եւ այն լաւը, որ ես տեսայ. դա ուտելն ու խմելը եւ բարիք տեսնելն է իր ամբողջ վաստակից, որի համար նա ջանք է թափել արեգակի ներքոյ՝ Աստծու կողմից նրան տրուած իր կեանքի բոլոր օրերին, որովհետեւ դա է նրա բաժինը։
18 Աստուած ամէն մարդու հարստութիւն եւ ունեցուածք ու դրանից ուտելու, իր բաժինը վերցնելու եւ իր աշխատանքից ուրախ լինելու իշխանութիւն է տուել։ Դա եւս Աստծու պարգեւն է։
19 Նա իր կեանքի շատ օրերը չի յիշելու, որովհետեւ Աստուած նրա սրտի ուրախութեան համար հաճոյք է տուել նրան։