ԺՈՂՈՎՈՂ. Chapter 7

1 Ի՞նչ է մարդու առաւելութիւնը, եւ ո՞վ գիտէ, թէ ինչն է լաւ նրա ունայն կեանքի սակաւաթիւ օրերին, որ անցնում են ստուերի նման, որովհետեւ ո՞վ պիտի պատմի մարդուն, թէ ինչ է լինելու նրանից յետոյ արեգակի ներքոյ։
2 Բարի անունը լաւ է հոտաւէտ իւղից, եւ մահուան օրը՝ ծննդեան օրից։
3 Խնջոյքի տուն գնալուց լաւ է սգոյ տուն գնալը, որովհետեւ դա է ամէն մարդու վախճանը, եւ դա կենդանի մարդու սրտին բարութիւն է տալիս։
4 Տխրութիւնը լաւ է ծիծաղից, որովհետեւ դէմքի վշտալի տեսքից զուարթանում է սիրտը։
5 Իմաստունի սիրտը սգոյ տանն է, իսկ յիմարի սիրտը՝ ուրախութեան տանը։
6 Աւելի լաւ է մարդ լսի իմաստունի յանդիմանութիւնը, քան թէ յիմարի երգը։
7 Արդարեւ, յիմարի ծիծաղը նման է կաթսայի տակ կրակի մէջ ճարճատող փշերի ձայնին։ Բայց սա եւս ունայնութիւն է։
8 Զրպարտութիւնը խռովում է իմաստունին եւ կործանում նրա ազնիւ սիրտը։
9 Գործի վախճանը լաւ է նրա սկզբից, համբերատար հոգին՝ գոռոզամիտ հոգուց։
10 Մի՛ շտապիր հոգուդ մէջ բարկանալ, որովհետեւ բարկութիւնը հանգչում է յիմարների ծոցում։
11 Մի՛ ասա, թէ ի՛նչ կատարուեց, թէ ինչո՛ւ առաջուայ օրերն այս օրերից լաւ էին, որովհետեւ իմաստութեամբ չէ, որ հարցնում ես այդ մասին։
12 Իմաստութիւնը ժառանգութեան պէս լաւ բան է եւ առաւելութիւն արեգակը տեսնողների համար։
13 Արեգակի հովանու ներքոյ իմաստութիւնը նման է արծաթի հովանու ներքոյ լինելուն, բայց գիտութեան օգուտն այն է, որ նա ապրեցնում է իմաստութիւն ստացողին։
14 Նայի՛ր Աստծու գործերին. ո՞վ կարող է ուղղել այն, ինչ խախտել է Աստուած։
15 Քո լաւ օրը բարիքների մէ՛ջ ապրիր, բայց յիշի՛ր, որ վատ օր էլ կայ։ Եւ տե՛ս, որ Աստուած դրանք միահիւսեց իրար, որպէսզի մարդ այնուհետեւ խօսելու բան չունենայ։
16 Ես իմ ունայնութեան օրերին տեսայ ամէն ինչ. արդար կայ, որ իր արդարութեան մէջ կորչում է, ամբարիշտ էլ կայ, որ ապրում է իր չարութեամբ։
17 Չափազանց արդար մի՛ լինիր եւ ոչ էլ շատ ճարտար, որ չլինի թէ սխալուես։
18 Շատ ամբարիշտ մի՛ լինիր եւ մի՛ լինիր խստաբարոյ, որ չլինի, թէ տարաժամ մեռնես։
19 Լաւ է, որ մէկը բռնես եւ միւսից էլ ձեռքդ չքաշես, որովհետեւ ով երկնչում է Աստծուց, նա կ՚ազատուի ամէն բանից։
20 Իմաստութիւնն աւելի շատ է օգնում իմաստունին, քան քաղաքում գտնուող տասը իշխան։
21 Երկրի վրայ չկայ արդար մի մարդ, որ բարի գործ անի եւ չմեղանչի։
22 Բայց դու ամբարիշտների ասած ամէն խօսք սրտիդ շատ մօտ մի՛ ընդունիր, որ ծառայիդ անէծքը չլսես, երբ նա քեզ անիծի։
23 Ծառան շատ անգամ քեզ կարող է վատութիւն անել եւ շատ անգամ սրտիդ տանջանք պատճառել, սակայն դու էլ ուրիշներին չանիծես։
24 Այս ամէնը փորձեցի իմաստութեամբ եւ ասացի. Ահա իմաստուն դարձայ. բայց իմաստութիւնը հեռու էր ինձնից։
25 Եւ ո՞վ կարող է իմանալ նրա խորութեան չափը։
26 Ես սրտով շրջեցի ամէն տեղ, որ իմանամ, քննեմ եւ որոնեմ իմաստութիւնն ու հանճարը, հասկանամ ամբարիշտների ուրախութիւնը, նրանց խռովքներն ու յուզմունքները։
27 Եւ ես գտայ ու պիտի ասեմ, որ մահից աւելի դառն է այն կինը, որի սրտում որոգայթ ու թակարդ կայ, իսկ ձեռքերի մէջ՝ կապանքներ։ Ով հաճելի է Աստծու առջեւ, նա պիտի ազատուի այդ կնոջից, իսկ ով մեղաւոր է, պիտի նրանից բռնուած լինի։
28 Ահա այս բոլորը գտայ, - ասում է Ժողովողը, - մէկ առ մէկ հաշուելով՝ գտնելու համար խորհուրդները. հոգիս փնտռեց, բայց չգտայ. հազարի մէջ մի տղամարդ գտայ, բայց կին ամենեւին չգտայ։
29 Բայց ահա գտայ այն, որ Աստուած մարդուն ուղղամիտ է ստեղծել, բայց մարդիկ չար խորհուրդներ փնտռեցին։ Ո՞վ է ճանաչում իմաստուններին, եւ ո՞վ կարող է այս հարցերի մեկնութիւնը տալ։