ԺՈՂՈՎՈՂ. Chapter 9

1 Արդ, այս բոլորը ես դրի սրտիս մէջ, սիրտս էլ քննեց այս բոլորը. թէ՛ արդարներն ու իմաստունները եւ թէ՛ նրանց գործերը Աստծու ձեռքին են, քանզի մարդ սէրն ու ատելութիւնն էլ չգիտէ։
2 Ամէն ինչ մարդու առջեւ է, եւ ունայնութիւն կայ ամէն ինչի մէջ։ Նոյն դիպուածն է վերապահուած արդարի եւ ամբարշտի, բարու եւ չարի, մաքուրի եւ անմաքուրի, զոհ մատուցողի եւ չմատուցողի, ինչպէս բարեգործի, այնպէս էլ մեղսագործի, ինչպէս երդում տուողի, այնպէս էլ երդումից վախեցողի համար։
3 Բայց արեգակի տակ եղած բոլոր բաների մէջ ամենից վատթարը սա է, որ նոյն դիպուածն է վիճակուած բոլորին։Արդարեւ, մարդկանց որդիների սրտերը լի են չարութեամբ եւ իրենց կենդանութեան ժամանակ՝ հոգս կայ նրանց սրտերում, բայց յետոյ իրենք էլ պիտի մեռնեն։
4 Նրանցից ո՞վ կարող է հաւասարուել ողջերին. մարդ յոյս է տածում, թէ կենդանի շունը լաւ է, քան սատկած առիւծը։
5 Նրանք, որ կենդանի են, գիտեն, թէ իրենք մեռնելու են, իսկ մեռածները ոչինչ չգիտեն, եւ այլեւս վարձ չկայ նրանց համար, որովհետեւ մոռացուել է նրանց յիշատակը,
6 եւ կորել է, ահա, թէ՛ նրանց սէրն ու թշնամանքը եւ թէ՛ նախանձը, եւ նրանք յաւիտեան բաժին էլ չունեն այն բոլորի մէջ, ինչ ստեղծուած է արեգակի ներքոյ։
7 Արի ուրախութեամբ կե՛ր քո հացը եւ զուարթ սրտով խմի՛ր քո գինին, քանզի Աստուած արդէն իսկ հաւանել է քո արած գործերը։
8 Թող հագուստներդ միշտ սպիտակ լինեն, եւ օծման իւղը չպակասի քո գլխից։
9 Կեանքդ վայելի՛ր քո կնոջ հետ, որին սիրեցիր քո ունայն կեանքի այն բոլոր օրերին, որոնք արեգակի ներքոյ տրուած են քեզ մինչեւ քո օրերի վախճանը, որովհետեւ դա է քո բաժինը քո կեանքի եւ քո վաստակի մէջ, որ ձեռք ես բերել արեգակի ներքոյ։
10 Այն ամէնը, ինչ քո ձեռքից կը գայ անելու, արա՛ քո կարողութեան չափով, որովհետեւ գերեզմանի մէջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կայ, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտութիւն եւ ո՛չ էլ իմաստութիւն։
11 Դարձեալ տեսայ արեգակի ներքոյ, որ ասպարէզը վազողներինը չէ, ոչ էլ պատերազմը՝ քաջերինը, ոչ էլ հացը՝ իմաստուններինը, ոչ էլ հարստութիւնը՝ հանճարներինը եւ ոչ էլ շնորհը՝ գիտուններինը, որովհետեւ կը գայ ժամանակ, երբ բոլորին էլ կը պատահի նոյն դիպուածը։
12 Բայց մարդն իր ժամանակն անգամ չգիտէ եւ, ինչպէս ձկները, որ որսւում են նենգ ցանցերից, եւ թռչունները, որ բռնւում են ծուղակների մէջ, այնպէս էլ մարդկանց որդիներն են ընկնում չար ժամանակի որոգայթների մէջ, որ յանկարծակի բռնում է նրանց։
13 Այս մի իմաստութիւնն էլ տեսայ արեգակի ներքոյ, որ մեծ է թւում ինձ.
14 փոքրիկ մի քաղաք կար եւ նրա մէջ՝ սակաւաթիւ մարդիկ. մեծազօր մի թագաւոր յարձակուեց դրա վրայ, պաշարեց այն եւ մեծամեծ պատնէշներ շինեց նրա դէմ։
15 Իսկ այնտեղ աղքատ եւ իմաստուն մի մարդ կար, եւ նա իր իմաստութեամբ փրկեց քաղաքը, բայց յետոյ ոչ ոք չյիշեց այդ տնանկ մարդուն։
16 Եւ ես ասացի. Իմաստութիւնը լաւ է ուժից, մինչեւ իսկ եթէ աղքատի իմաստութիւնը արհամարհուած լինի, եւ չուզենան լսել նրա խօսքերը։
17 Իմաստունների մեղմ խօսքերն աւելի լաւ են լսւում, քան անզգամ իշխանների աղաղակը։
18 Իմաստութիւնը լաւ է պատերազմի գործիքներից, բայց մէ՛կ մեղաւորը շատ զօրութիւններ կարող է կորստեան մատնել։