ԵՐԳ ԵՐԳՈՑ. Chapter 2

1 Ես դաշտերի ծաղիկ եմ, հովիտների շուշան։
2 Ինչպէս շուշանն է փշերի մէջ, այնպէս էլ իմ սիրելին է դուստրերի մէջ։
3 Ինչպէս խնձորենին է անտառի ծառերի մէջ,այնպես էլ իմ սիրեցեալն է տղաների մէջ։ Ցանկացայ նստել նրա հովանու տակ եւ նստեցի. եւ քաղցր է նրա պտուղն իմ կոկորդում։ Հարսն ասում է օրիորդներին.
4 Դուք ինձ խնջոյքի սենեա՛կը տարէք,եւ թողէ՛ք մնամ ես իմ սիրոյ հետ։
5 Զօրացրէ՛ք ինձ իւղերով եւ խնձո՛ր դիզեցէք վրաս, քանզի այրւում եմ խանդակաթ սիրով։
6 Թող նրա ձախը լինի գլխիս տակ, եւ աջը նրա թող գրկի ինձ։
7 Երդուեցէ՛ք, ո՜վ Երուսաղէմի դուստրեր, հողի եւ հանդի զօրութեան վրայ, որ երբ վեր կենաք, դուք իմ սիրածին չէք արթնացնի, մինչեւ որ ինքը չկամենայ։
8 Իմ սիրեցեալի ձայնն է. ահա գալիս է նա, վազքով անցնում է լեռների վրայով եւ ցատկոտում բլուրների վրայ։
9 Իմ սիրեցեալը նման է այծեամի կամ եղնիկի հորթերի, որ լինում են Բեթէլի լեռներում։Ահա նա կանգնած է մեր պատի յետեւում,եւ ձգուելով դէպի պատուհանները՝ նայում է ճաղերից։
10 Ինձ պատասխան է տալիս իմ սիրեցեալը եւ ասում՝ Վե՛ր կաց, իմ սիրելի, իմ գեղեցիկ, իմ աղաւնի։
11 Ահա ձմեռն անցաւ, անձրեւները անցան-գնացին, ծաղիկները երեւացին մեր երկրում,
12 էտելու ժամանակը հասաւ, տատրակի ձայնը լսուեց մեր երկրում։
13 Թզենին իր բողբոջն արձակեց, ծաղկած որթերը տարածեցին իրենց հոտը։
14 Վե՛ր կաց, իմ սիրելի, իմ գեղեցիկ, իմ աղաւնի։ Ո՛վ իմ աղաւնեակ, դու, որ պատսպարուել ես վէմի հովանու տակ, ցո՛յց տուր քո երեսն ինձ եւ լսելի՛ դարձրու ինձ քո ձայնը, քանզի քաղցր է քո ձայնը, եւ գեղեցիկ է երեսը քո։
15 Բռնեցէ՛ք փոքրիկ աղուէսներին, որ ապականում են այգիները, որպէսզի ծաղկեն մեր որթերը։
16 Իմ սիրեցեալն իմն է, իսկ ես՝ նրանը. նա, որ հովուում է հօտը շուշանների մէջ,
17 քանի դեռ ցերեկը կը լուսաւորի, եւ դեռ կը շարժուեն ստուերները։ Վերադարձի՛ր, ո՛վ իմ սիրեցեալ, այծեամի պէս կամ եղնիկների հորթերի նման, որ լինում են խնկաբեր լեռների վրայ։