ԵՐԳ ԵՐԳՈՑ. Chapter 5

1 Թող իմ սիրեցեալն իջնի իր պարտէզը,եւ իր ծառերի պտուղներն ուտի։ Ես իմ պարտէզը մտայ, քո՛յր իմ հարս, զմուռս քաղեցի իմ խնկերի հետ, հացս կերայ իմ մեղրով, իմ կաթի հետ խմեցի գինիս։ Կերէ՛ք, ո՜վ իմ սիրելիներ, խմեցէ՛ք եւ հարբեցէ՛ք, ո՜վ իմ սիրելիներ։
2 Ես քնած եմ, բայց իմ սիրտն արթուն է։ Իմ սիրեցեալն է, նրա ձայնն է. դուռն է բախում։
3 Բա՛ց, քո՛յր իմ, ո՜վ իմ սիրելի, իմ աղաւնի՛, իմ կատարեա՛լ. գլուխս, ահա, թրջուել է ցօղով, մազերս՝ գիշերուայ շաղով։
4 Ես հանել եմ իմ պատմուճանը, ինչպէ՞ս հագնեմ այն.ես լուացել եմ իմ ոտքերը, ինչպէ՞ս կեղտոտեմ դրանք։
5 Իմ սիրեցեալը ձեռքը ձգեց պատուհանից, եւ որովայնս սարսռաց նրա համար։
6 Վեր կացայ դուռը բացելու իմ սիրեցեալի համար. իմ ձեռքերից զմուռս կաթեց, եւ իմ մատներից զմուռսը լցուեց փականի բռնակի վրայ։
7 Ես բացեցի դուռն իմ սիրեցեալի համար, բայց նա գնացել էր արդէն, եւ խելքս մաղուեց նրա խօսքի համար։ Փնտռեցի նրան, բայց չգտայ, կանչեցի նրան, բայց ձայն չտուեց ինձ։
8 Ինձ գտան քաղաքում շրջող պահապանները, խփեցին եւ վիրաւորեցին ինձ, իսկ պարիսպների պահակները քօղս հանեցին իմ վրայից։
9 Երդուեցէ՛ք, ո՛վ Երուսաղէմի դուստրեր, հողի ու հանդի զօրութեան վրայ, եթէ դուք գտնէք իմ սիրեցեալին, կը պատմէք նրան, որ ես այրւում եմ նրա սիրուց։
10 Ինչո՞վ է առաւել քո սիրելին միւս տղաներից, ո՜վ գեղեցիկդ կանանց մէջ, ինչո՞վ է նա առաւել, որ այդպէս երդուեցնում ես մեզ։
11 Իմ սիրեցեալը սպիտակ է եւ կարմիր, ընտրեալ է՝ տասը հազարից։
12 Նրա գլուխը ոսկի է ազնիւ, նրա մազերը գանգուր են, սեւ, ինչպէս ագռաւ։
13 Նրա աչքերը նման են աղաւնիների՝ հակուած առատ ջրերի վրայ,կաթով լուացուած եւ թառած՝ առատ ջրերի վրայ։
14 Նրա ծնօտները նման են խնկէ անօթների, որոնք, ինչպէս օծման իւղեր, անուշահոտութիւն են բուրում. նրա շուրթերը շուշաններ են, որոնցից առատ զմուռս է բխում։
15 Նրա ձեռքերը ճախարակուած ոսկի են՝ Թարսիսի ակնաքարերով պատուած։ Նրա որովայնը փղոսկրեայ տախտակ է՝ շափիւղայ քարերով ընդելուզուած։
16 Նրա սրունքները մարմարեայ սիւներ են՝ հաստատուած ոսկէ խարիսխների վրայ։ Նրա տեսքն ասես Լիբանանի ընտիր եղեւնափայտ լինի։
17 Նրա կոկորդը լի է քաղցրութեամբ, եւ ամբողջովին հաճելի է նա։ Այսպիսին է, ահա, իմ սիրեցեալը, ո՜վ Երուսաղէմի դուստրեր, այսպիսին է իմ հոգու սիրածը։
18 Ու՞ր գնաց քո սիրեցեալը, ո՜վ գեղեցիկդ կանանց մէջ,ո՞ր կողմը գնաց քո սիրեցեալը, որ մենք էլ քեզ հետ որոնենք նրան։