ԵՐԳ ԵՐԳՈՑ. Chapter 3

1 Գիշերն անկողնուս մէջ փնտռեցի իմ հոգու սիրածին, փնտռեցի նրան, բայց չգտայ, կանչեցի, բայց ինձ ձայն չտուեց։
2 Վեր կենամ, շրջեմ քաղաքում, անցնեմ փողոցներ ու հրապարակներ եւ փնտռեմ նրան՝ իմ հոգու սիրածին։ Փնտռեցի նրան, բայց չգտայ, կանչեցի նրան, բայց ինձ ձայն չտուեց։
3 Քաղաքում շրջող պահապանները հանդիպեցին ինձ։Արդեօք չէ՞ք տեսել իմ հոգու սիրածին։
4 Երբ նրանցից փոքր-ինչ անցայ, ես գտայ իմ հոգու սիրածին։ Բռնեցի նրան եւ բաց չթողեցի, մինչեւ որ նրան իմ մօր տունը չտարայ եւ այն սենեակը, ուր իմ մայրն յղիացել է ինձնով։
5 Երդուեցէ՛ք, ո՜վ Երուսաղէմի դուստրեր, հողի եւ հանդի զօրութեան վրայ, որ երբ վեր կենաք, դուք իմ սիրածին չէք արթնացնի, մինչեւ որ ինքը չկամենայ։
6 Ո՞վ է սա, որ ելել գալիս է անապատից, բարձրանալով, ինչպէս ծառացած ծուխ, ինչպէս զմուռսի եւ կնդրուկի եւ ամէն տեսակ իւղերի փոշու սիւն։
7 Ահա Սողոմոնի գահաւորակը. նրա շուրջը Իսրայէլի վաթսուն սպառազէն քաջեր են կանգնած,
8 բոլորն էլ սուսերաւորներ եւ հմուտ պատերազմողներ, եւ իւրաքանչիւրը սուր ունի ազդրին՝ գիշերուայ արհաւիրքների համար։
9 Սողոմոն արքան իր համար գահաւորակ պատրաստեց Լիբանանի մայրի փայտերից.
10 նրա սիւները շինեց արծաթից, նրա սնարները՝ ոսկուց, իսկ ձեղունը՝ ծիրանի կերպասից։ Նրա ներսը ակնազարդ է, Երուսաղէմի դուստրերի սէրն է սփռուած։
11 Ելէ՛ք, ո՜վ Սիոնի դուստրեր, եւ նայեցէ՛ք Սողոմոն արքային ու նրա պսակին, որով մայրը նրա հարսանիքի օրը՝ իր որդու սրտի ուրախութեան օրը պսակեց նրան։