2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ. Chapter 12

1 Արդ, ես պէ՛տք է պարծենամ, թէեւ ոչ մի օգուտ չունի պարծենալը։ Սակայն պիտի պատմեմ ձեզ Տիրոջ տեսիլքների եւ յայտնութիւնների մասին։
2 Գիտեմ մի մարդու ի Քրիստոս, որ տասնչորս տարի առաջ (թէ մարմնով էր՝ չգիտեմ, եւ թէ առանց մարմնի՝ չգիտեմ, Աստուա՛ծ գիտէ) յափշտակուեց մինչեւ երրորդ երկինք։
3 Եւ գիտեմ այդպիսի մարդու (թէ մարմնով էր կամ առանց մարմնի՝ չգիտեմ, Աստուա՛ծ գիտէ),
4 որ յափշտակուեց մինչեւ դրախտ եւ լսեց անպատում խօսքեր, որ մարդս արտօնուած չէ խօսել։
5 Այդպիսի մէկով պիտի պարծենամ. բայց ես ինձնո՛վ չպիտի պարծենամ, այլ միայն՝ իմ տկարութիւններով.
6 որովհետեւ, եթէ ուզենամ էլ պարծենալ, յիմարի մէկը չեմ լինի. քանզի ճշմարիտն եմ ասում. բայց հրաժարւում եմ ասելուց. գուցէ մէկը աւելի համարում ունենայ իմ մասին, քան ինչ որ տեսնում է իմ մէջ կամ լսում է ինձնից։
7 Եւ որպէսզի այդ յայտնութիւնների առատութեամբ չհպարտանամ, ինձ տրուեց մարմնի խայթ, Սատանայի մի պատգամաւոր, որ բռնցքահարի ինձ, որպէսզի չգոռոզամտանամ։
8 Եւ դրա համար երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ նրան ինձնից հեռացնի։
9 Բայց ասաց ինձ. Իմ շնորհը քեզ բաւ է, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է ամբողջական դառնում։ Եւ արդ, լաւ էլ է, որ ես պարծենամ իմ տկարութիւններով, որպէսզի իմ մէջ բնակուի Քրիստոսի զօրութիւնը։
10 Դրա համար գոհունակութեամբ համակերպւում եմ տկարութիւններին, նախատինքներին, վշտերին, հալածանքներին եւ նեղութիւններին՝ Քրիստոսի համար. որովհետեւ, երբ տկար եմ, այն ժամանակ եմ զօրաւոր։
11 Յիմար եղայ պարծենալով, քանզի դո՛ւք ստիպեցիք. որովհետեւ պէտք էր, որ ես ձեզնից վկայութիւն ստանայի, թէ ոչնչով պակաս չգտնուեցի, քան գերընտիր առաքեալները, թէպէտեւ ես ոչինչ եմ։
12 Սակայն ձեզանում առաքեալի նշաններ գործուեցին ամենայն համբերութեամբ՝ նշաններով, սքանչելիքներով եւ զօրութիւններով։
13 Եւ արդ, ինչո՞վ պակաս մնացիք այլ եկեղեցիներից, եթէ ոչ նրանով, որ ես ձեզ բեռ չեղայ։ Ներեցէ՛ք ինձ այդ յանցանքը։
14 Ահա՛ւասիկ այս երրորդ անգամ պատրաստւում եմ գալ ձեզ մօտ եւ ձեզ բեռ չեմ լինի. որովհետեւ ձեր ունեցածը չէ որ փնտռում եմ, այլ՝ ձեզ. քանի որ որդինե՛րը պարտաւոր չեն հայրերի համար գանձ դիզել, այլ՝ հայրե՛րը որդիների համար։
15 Բայց ես ինքնայօժար կերպով կը ծախսեմ եւ կը ծախսուեմ ձեզ համար, թեկուզ եւ, հակառակ ձեզ շատ սիրելուս, ձեզնից քիչ սիրուեմ։
16 Ասենք թէ՝ ես բեռ չեղայ ձեզ. որովհետեւ խորագէտ էի, խորամանկութեամբ բռնեցի ձեզ։
17 Միթէ ձեզնից օգո՞ւտ քաղեցի նրանցով, որոնց առաքեցի ձեզ մօտ։
18 Խնդրեցի Տիտոսին եւ նրա հետ այն եղբօրն էլ ուղարկեցի։ Միթէ Տիտոսը ձեր ունեցածին ա՞չք տնկեց։ Նոյն ոգով չընթացա՞նք, նոյն շաւիղներով չքայլեցի՞նք։
19 Դարձեալ՝ կարծում էք, թէ ձեր առջեւ մենք մե՞զ ենք պաշտպանում։ Աստծու առաջ Քրիստոսով ենք խօսում, որ ամէն ինչ ձեր շինութեան համար է, սիրելինե՛ր։
20 Սակայն վախենում եմ, որ, երբ գամ, գուցէ ձեզ չգտնեմ այնպէս, ինչպէս ես կամենում եմ, եւ ես էլ ձեզ համար լինեմ այնպէս, ինչպէս դուք չէիք կամենայ։ Գուցէ դարձեալ լինեն վէճեր, նախանձ, բարկութիւններ, գրգռութիւններ, չարախօսութիւններ, բամբասանքներ, գոռոզութիւններ, ամբարտաւանութիւններ, խռովութիւններ։
21 Երբ գամ, գուցէ դարձեալ իմ Աստուածն ինձ նկուն դարձնի ձեր առաջ, եւ սուգ անեմ նախապէս մեղանչած շատերի համար, որոնք չեն ապաշխարել իրենց գործած պղծութեան, պոռնկութեան եւ վաւաշոտութեան համար։