2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ. Chapter 2

1 Բայց այս բանը որոշեցի, որ ուրիշ անգամ տրտմութեամբ ձեզ մօտ չգամ.
2 որովհետեւ, եթէ ե՛ս տրտմեցնեմ ձեզ, էլ ո՞վ է, որ կ՚ուրախացնի ինձ, եթէ ոչ նրանք, որոնց տրտմութիւն պատճառեցի ես։
3 Եւ այն, ինչ գրեցի, գրեցի նրա համար, որ, երբ գամ, տրտմութիւն չկրեմ այնտեղից, որտեղ պէտք է, որ ես ուրախանայի. վստահ եմ ձեր բոլորի վրայ, որ իմ ուրախութիւնը ձեր բոլորինն է.
4 որովհետեւ բազում վշտերի եւ սրտի նեղութեան պատճառով ձեզ գրեցի առատ արտասուքներով, ոչ որպէսզի տրտմէք, այլ իմանաք իմ սէրը, որն ունեմ առաւել չափով ձեր հանդէպ։
5 Իսկ եթէ մէկը տրտմեցրեց, ոչ թէ միայն ինձ տրտմեցրեց, այլ, որպէսզի չչափազանցեմ, որոշ չափով նաեւ՝ ձեզ բոլորիդ։
6 Այնպիսի մէկի համար բաւական է այն պատիժը, որը տրուեց շատերից.
7 այնպէս որ, դրան հակառակ, դուք պէտք է ներէք նրան եւ մխիթարէք, որպէսզի չափազանց տրտմութիւնից չխորտակուի նա։
8 Ուստի, աղաչում եմ ձեզ նրա հանդէպ վերստին սէ՛ր ցոյց տալ։
9 Հէնց դրա համար էլ գրեցի, որպէսզի ձեզ փորձեմ, թէ ամէն ինչում հնազա՞նդ էք,
10 որովհետեւ, եթէ մէկին ներէք, ես էլ կը ներեմ, քանի որ, եթէ ներեմ, ինչ որ ներեմ, ձեզ համար է՝ ի դէմս Քրիստոսի,
11 որպէսզի չլինի, թէ Սատանան առաւելութիւն ունենայ մեր վրայ, քանզի անտեղեակ չենք նրա մտադրութիւններին։
12 Երբ ես հասայ Տրովադա Քրիստոսի Աւետարանի քարոզութեան համար, գտայ, որ ինձ համար դուռը բաց էր ի Տէր,
13 բայց իմ հոգում հանգիստ չունեցայ. եւ որովհետեւ ես այնտեղ չգտայ իմ եղբօրը՝ Տիտոսին, ուստի, հրաժեշտ տալով նրանց, գնացի Մակեդոնիա։
14 Արդ, գոհութիւն Աստծու, որ Քրիստոս Յիսուսով մեզ միշտ յաղթութեան է տանում եւ իր գիտութեան բուրմունքը մեզնով սփռում է ամէն տեղ,
15 քանի որ Քրիստոսի բուրմունքն ենք Աստծու առաջ՝ ե՛ւ փրկուածների մէջ, ե՛ւ կորստեան մատնուածների մէջ.
16 ոմանց՝ մահուան հոտ, որ տանում է դէպի մահ եւ ոմանց՝ կենդանութեան բոյր, որ տանում է դէպի կեանք։ Եւ ո՞վ է կարող այս բանն անել.
17 քանզի նման չենք ուրիշների, որ Աստծու խօսքի վաճառքով են զբաղւում, այլ, իբրեւ անկեղծ մարդիկ, իբրեւ Աստծու կողմից ուղարկուածներ, խօսում ենք Քրիստոսով Աստծու առաջ։