ՆԱՒՈՒՄ. Chapter 3

1 Ո՛վ արեան քաղաք, բոլորովին սուտ, անիրաւութեամբ լի, ուր որսը պէտք է փնտռուի։
2 Հարուածների ձայն, անուի շարժման ձայն, կառքերի շաչիւն, հեծեալների դոփիւն,
3 զէնքի փայլ, սուսերի շող, վիրաւորների թաւալգլոր անկում, հաշիւ չկար նրա ժողովուրդներին։ Նրանք պիտի տկարանան իրենց մարմնով բազում պոռնկութեան պատճառով։
4 Գեղապանծ պոռնիկ, կախարդների գլխաւոր, որ վաճառում էր ազգը իր պոռնկութեամբ եւ տոհմերը՝ իր կախարդանքներով։
5 Ահա ես քեզ դէմ եմ, - ասում է Ամենակալ Տէր Աստուածը, - պիտի բացեմ քո յետնամասը, քօղ պիտի գցեմ քո դէմքին, ազգերին ցոյց պիտի տամ քո ամօթը եւ թագաւորութիւններին՝ քո անարգանքը։
6 Քեզ վրայ պիտի նետեմ քո պղծութիւններն ու աղտեղութիւնները եւ խայտառակ պիտի անեմ քեզ։
7 Եւ այնպէս պիտի լինի, որ ով տեսնի քեզ, պիտի իջնի եւ ասի. Խե՛ղճ Նինուէ, ո՞վ կը լինի, որ հեծեծի քեզ համար, որտեղի՞ց մխիթարութիւն փնտռենք քեզ համար։
8 Բաժի՛ն պատրաստիր, քնա՛ր լարիր, ո՛վ Ամոնի նահանգ, որ բնակւում ես գետերի միջեւ՝ ջրերով շրջապատուած, որի սկիզբը ծովն է, եւ ջրերը՝ նրա պարիսպը։
9 Եթովպացիներն ու Եգիպտոսը նրա զօրութիւնն են,եւ նա երբեք փախուստի չէր մատնուի. լիբիացիները նրան օգնական դարձան։
10 Սակայն նա էլ սասանուելով գերի կը գնայ, քարին կը խփեն նրա զաւակներին նրա ճանապարհների սկզբում, նրա բոլոր թանկարժէք իրերի վրայ վիճակ կը գցեն եւ նրա բոլոր մեծամեծները ձեռնակապերով կը կապուեն։
11 Եւ դու կը հարբես, կը յիմարանաս, թշնամիներից քեզ համար ոտքի տեղ կը խնդրես։
12 Քո բոլոր ամրոցները նման են ծառի վրայ երեւացող թզի, որ եթէ շարժուի, կ՚ընկնի ուտողների բերանը։
13 Ահա քո ժողովուրդը կանանց նման կը լինի քո մէջ, քո թշնամիների համար անպայման կը բացուեն քո երկրի դռները, եւ կրակը կը լափի քո նիգերը։
14 Պաշարման համար ջո՛ւր լցրու եւ ամրացրո՛ւ քո ամրոցները. մտի՛ր ցեխի մէջ, կոխոտի՛ր, շաղախի՛ր այն յարդի հետ եւ պնդացրո՛ւ աւելի քան աղիւսը։
15 Այնտեղ կրակը կը լափի քեզ, սուրը կը սպանի քեզ, կ՚ուտի քեզ ինչպէս մորեխը եւ կը ծանրանայ ինչպէս ջորեակը։
16 Շատացրիր քո վաճառելիքը երկնքի աստղերի չափ, եկաւ ջորեակը, թռաւ,
17 առաջ գնաց ինչպէս փոքրիկ մորեխը.եւ քո խառնամբոխը նման էր մորեխի, որ ցուրտ օրերին կպչում է ցանկապատին. ծագեց արեւը, գնաց եւ չիմացուեց նրա տեղը։
18 Վա՜յ նրանց. քո հովիւները ննջեցին, Ասորեստանի թագաւորը կոտորեց քո զօրքերը, քո ժողովուրդը չուեց լեռները, չկար մէկը, որ մնար։
19 Թարախակալուեցին քո վէրքերը, եւ քո անկումը բուժում չունի. բոլոր նրանք, ովքեր լսեցին քո գոյժը, ծափ կը զարնեն քեզ համար, քանի որ ո՞ւմ վրայ չեկաւ քո չարութիւնը մշտապէս։