ՆԱՒՈՒՄ. Chapter 1

1 Պատգամ Նինուէին։ Նաւում Ելկեսացու տեսիլքի գիրքը։
2 Տէր Աստուած նախանձոտ է եւ վրէժխնդիր, Տէրը վրէժխնդիր է բարկութեամբ, Տէրը վրէժ է լուծում իր հակառակորդներից, եւ ինքն է վերացնում իր թշնամիներին։
3 Համբերատար է Տէրը, մեծ է նրա զօրութիւնը,Տէրը ամենեւին չի արդարացնում մեղապարտին։ Նրա ճանապարհը հողմապտոյտով է եւ կործանումով. քամին նրա ձին է, ամպերը՝ նրա ոտքերի փոշին։
4 Սաստում է ծովը, ցամաքեցնում այն, չորացնում բոլոր գետերը։ Չորացան Բասանն ու Կարմելոսը, Լիբանանի բոլոր ծաղիկները թառամեցին։
5 Լեռները դողացին նրանից, բլուրները սասանուեցին, խախտուեց երկիրը նրա առաջ, ինչպէս նաեւ նրա բոլոր բնակիչները։
6 Նրա բարկութեանն ո՞վ կը դիմանայ, ո՞վ կը կանգնի նրա զայրոյթի եւ սրտմտութեան դէմ։ Նրա զայրոյթը հալեցնում է իշխանութիւնները, ժայռերը խորտակւում են նրա առաջ։
7 Բարեհաճ է Տէրը նրանց նկատմամբ, ովքեր ապաւինում են նրան նեղ օրերին. Նա ճանաչում է իրենից երկիւղ կրողներին։
8 Հեղեղով վերջ կը տայ իր դէմ ըմբոստացածներին,եւ խաւարը կը հալածի նրա թշնամիներին։
9 Ի՞նչ էք խորհում Տիրոջ դէմ. ինքն է վերջ տալու եւ կրկին անգամ վրէժ չի լուծի նեղութեան մէջ։
10 Մինչեւ իրենց հիմքերը նրանք խոպան պիտի դառնան. բաղեղով պատուածի պէս պիտի սպառուեն եւ լինեն ինչպէս չորացած եղէգ։
11 Քեզնի՛ց պիտի դուրս գայ Տիրոջ դէմ չար խորհուրդը՝ հակառակութեամբ չարիք խորհելու միտքը։
12 Այսպէս ասաց Տէրը բազում ջրերի իշխանների մասին. Այսպէս պիտի բաժանուեն նրանք, եւ քո մասին այլեւս լուր չի լսուելու։
13 Հիմա պիտի խորտակեմ քո գլխին կախուած նրա գաւազանը եւ քո կապանքները պիտի խզեմ։
14 Տէրը կը հրամայի քեզ համար, եւ այլեւս չի հռչակուի քո անունը. Պիտի ջնջեմ քանդակուած եւ ձուլածոյ կուռքերը քո աստծու տնից եւ այն գերեզման պիտի դարձնեմ քեզ համար։
15 Ահա արագընթաց են աւետաբերի ոտքերը լեռների վրայ, որ խաղաղութիւն է աւետում։ Տօնի՛ր քո տօնը, Յուդայի՛ երկիր, կատարի՛ր քո ուխտը, քանի որ այլեւս քո միջով չի անցնելու անօրէնը քեզ հիւծելու համար։ Նա վախճանուեց, մաշուեց ու վերացաւ։