Ա ԵԶՐԱՍ. Chapter 5

1 Այս բոլորից յետոյ նրանք ընտրեցին տոհմերի, ազգերի ու ցեղերի նահապետներ ու առաջնորդներ, որպէսզի իրենց կանանց, տղաների, աղջիկների ու ծառաների հետ եւ իրենց ամբողջ կայքով ու ունեցուածքով վերադառնան Երուսաղէմ։
2 Դարեհը նրանց հետ ուղարկեց հազար ձիաւոր, որպէսզի նրանք ապահով հասնեն Երուսաղէմ,
3 յետոյ թմբուկների, փողերի եւ այլ նուագարանների նուագով, պարով եւ մեծ ուրախութեամբ նրանց ճանապարհեց Երուսաղէմ։
4 Ըստ իրենց հայրերի անունների եւ ըստ իրենց ազգատոհմերի, ահա սրանք են անուններն այն մարդկանց, որ վերադարձան Երուսաղէմ.
5 Քահանաներից՝ Ահարոնի որդի Փենեէսի որդիները, Յոսեդեկի որդի Յեսուն, Յուդայի ցեղից, Փարէսի տոհմից, Դաւթի ազգից՝ Յովակիմը, որ Սաղաթիէլի որդի նոյն Զորոբաբէլն էր,
6 հէնց նա, որ Դարեհ արքայի առաջ իմաստուն խօսքեր ասաց Նիսան ամսին՝ նրա թագաւորութեան երկրորդ տարուայ առաջին ամսին։
7 Սրանք բոլորը հրեաներ էին, որոնց թոյլ տրուեց գերութիւնից վերադառնալ Երուսաղէմ. սրանց գերի էր տարել Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան։
8 Սրանք վերադարձան Երուսաղէմ եւ բնակութիւն հաստատեցին Հրէաստանում՝ իւրաքանչիւրն իր քաղաքում։ Նրանց առաջնորդներն էին Զորոբաբէլը եւ Յոսեդեկի որդի Յեսուն. քահանաների ազգատոհմից՝ Նէեմին, Զարեհը, Ռեսէն, Անանիան, Մուրդքէն, Բեելսարը, Ասփարասը, Բորսէլը, Ռուիբը եւ Բաանան։
9 Ահա եւ նրանց ազգերի տոհմապետների եւ իշխանների անուններն ու թիվը. Փորոսի որդիները՝ երկու հազար հարիւր եօթանասուներկու մարդ. Սափատիայի որդիները՝ չորս հարիւր եօթանասուներկու.
10 Արէսի որդիները՝ եօթը հարիւր եօթանասունվեց.
11 Նեփթաղիմ Մովաբացու որդիները, Յեսուի եւ Ռովաբի որդիները՝ երկու հազար ութ հարիւր տասներկու.
12 Ելամի որդիները՝ երկու հազար երկու հարիւր յիսունչորս. Զատոնայի որդիները՝ ինը հարիւր քառասունհինգ. Բորքիայի որդիները՝ եօթը հարիւր յիսուն.
13 Բանիայի որդիները՝ վեց հարիւր քառասունութ. Բերիայի որդիները՝ վեց հարիւր քսաներեք. Արդիայի որդիները՝ երեք հազար երեք հարիւր քսաներկու.
14 Ադոնիկամի որդիները՝ վեց հարիւր եօթանասունեօթը. Բոսորիայի որդիները՝ երկու հազար վեց հարիւր վեց. Ադինայի որդիները՝ չորս հարիւր յիսունչորս.
15 Ազերեղեկիայի որդիները՝ իննսուներկու. Իլանայի որդիները եւ Զետայի որդիները՝ վաթսունեօթը. Ազարիայի որդիները՝ չորս հարիւր երեսուներկու.
16 Գերդալի որդիները՝ վեց հարիւր երեսուներկու. Անանիայի որդիները՝ հարիւր քսան. Արոմի որդիները՝ երեք հարիւր քսաներեք.
17 Արսիփուրի որդիները՝ հարիւր տասներկու. Բետերի որդիները՝ երեք հազար իննսունհինգ. Բեթլոմի որդիները՝ հարիւր քսաներեք։
18 Նատոբի մարդիկ յիսունհինգ հոգի էին, Նատտայինը՝ հարիւր յիսունութ, Բեթսամոթինը՝ քառասուներկու,
19 Կարիաթարիմինը՝ քսանհինգ, Քափիրինը եւ Թերոնինը՝ եօթը հարիւր քառասունութ, Քադիասիայինը եւ Ամիդայինը՝ չորս հարիւր քսաներկու,
20 Կիմարինը եւ Կաբէսինը՝ վեց հարիւր քսանմէկ, Մակալոնինը՝ հարիւր քսաներկու,
21 Բետոլիամայինը՝ յիսուներկու։
22 Նեփիսայի որդիները՝ հարիւր յիսունվեց մարդ. Կալամոլի որդիները եւ Օնիայի որդիները՝ եօթը հարիւր քսանհինգ.
23 Երեքոյի որդիները՝ երեք հարիւր քառասունհինգ, Սանասսի որդիները՝ երեք հազար երեք հարիւր երեսունմէկ։
24 Քահանաների որդիները. Յեսուի որդի Յեդդուտի որդիները՝ ինը հարիւր երեսուներկու. Եմմերի որդիները՝ հազար յիսուներկու.
25 Փասորի որդիները՝ հազար երկու հարիւր քառասունհինգ. Քարմիայի որդիները՝ հազար տասնեօթը։
26 Իսկ ղեւտացիների որդիների թիւը այս էր. Յեսուինը՝ մէկ, Կոդոլիայինը՝ Բանիայինը եւ Սուդիայինը՝ եօթանասունչորս։
27 Քահանաների ազգատոհմից կային սաղմոս երգողներ. Ասափի որդիները՝ հարիւր քառասունութ մարդ։
28 Դռնապաններից՝ Սալոմիայի որդիները, Ատերի որդիները, Տոլմանիայի որդիները, Գակուբիայի որդիները, Ատերի որդիները, Սաբէի որդիները, բոլորը միասին՝ հարիւր երեսունինը մարդ։
29 Քահանաների ծառաները. Ասիփի որդիները, Տաբալի որդիները, Կերի որդիները, Սուի որդիները, Փալիայի որդիները, Լաբանիայի որդիները, Ադաբի որդիները,
30 Ակուդի որդիները, Ուտի որդիները, Կեդաբի որդիները, Ադաբի որդիները, Սուբայիմի որդիները, Աստանի որդիները, Կաթուի որդիները, Գելլուրի որդիները,
31 Յաբուի որդիները, Դեսանի որդիները, Նորի որդիները, Ասէբի որդիները, Գազերի որդիները, Օքոզիայի որդիները, Փանիայի որդիները, Ասարի որդիները, Բասիայի որդիները, Ասանի որդիները, Մաանի որդիները, Նափիսի որդիները, Ակումի որդիները, Աքիփի որդիները, Ասուրի որդիները, Փարակի որդիները,
32 Փասալոթի որդիները, Դեդանի որդիները, Կութի որդիները, Քարէսի որդիները, Բարքուսի որդիները, Սեսարի որդիները, Թումայի որդիները, Նասի որդիները, Ատեփի որդիները։
33 Սողոմոնի ծառաների որդիները. Սափփիոթի որդիները, Փարիդի որդիները, Յեելի որդիները, Լոզոնի որդիները, Սաելի որդիները, Սափիայի որդիները,
34 Ագիայի որդիները, Փաքարիայի որդիները, Սաբիայի որդիները, Սարոթի որդիները, Մասսիայի որդիները, Գասայի որդիները, Ադուսի որդիները, Սուբասի որդիները, Ափփերի որդիները, Բարոդիայի որդիները, Սափատի որդիները, Ալլոնիայի որդիները։
35 Քահանաների եւ Սողոմոնի բոլոր ծառաները միասին՝ երեք հարիւր եօթանասուներկու մարդ։
36 Բաբելոնից էին վերադարձել թէ՛ սրանք եւ թէ՛ սրանց իշխանները՝ Թերմալէթը, Թելեսիասը, Քարաթալան եւ Ալլաարը։
37 Կային նաեւ ուրիշներ, որ չկարողացան ցոյց տալ ո՛չ իրենց հայրերի տոհմը եւ ո՛չ էլ իրենց սերունդը, թէ իրենք իսրայէլացիներ են։ Դրանք էին՝ Դալանի որդիները, Տուբանի որդիները, Նեկոդանի որդիները՝ վեց հարիւր եօթանասուներկու մարդ։
38 Քահանաներից, որոնք քահանայական ծառայութեան մէջ էին, իրենց նախնիների տոհմերը չկարողացան ցոյց տալ նաեւ Նորդիայի որդիները, Ակբոսի որդիները, Յոգուսի որդիները, որոնք կին էին առել Բերզելիայի աղջիկներից եւ կոչւում էին նրանց անունով։
39 Նրանց անունները փնտռեցին մատեաններում՝ ըստ իրենց տոհմերի եւ ըստ իրենց բնակավայրերի, բայց չգտան. նրանց հեռացրին ծառայութիւնից եւ արգելեցին մօտենալ քահանայութեանը։
40 Նէմիան եւ Ատթարիան նրանց ասացին, որ նրանք սուրբ բաներին չմօտենան այնքան ժամանակ, քանի դեռ որեւէ քաանայապետ չի պարզաբանել ճշմարտութիւնը նրանց տոհմերի մասին։
41 Բոլոր իսրայէլացիները, ներառեալ տասներկու եւ աւելի բարձր տարիք ունեցողները, չհաշուած ծառաներին եւ աղախիններին, քառասուներեք հազար երեք հարիւր վաթսուն մարդ էին.
42 նրանց ծառաներն ու աղախինները՝ եօթը հազար երեք հարիւր երեսունեօթը մարդ. սաղմոս երգողներն ու պաշտամունքի սպասաւորները՝ երկու հարիւր քառասունհինգ մարդ։
43 Նրանց հետ կար չորս հարիւր երեսունհինգ ուղտ, եօթը հազար քառասունվեց ձի, երկու հարիւր քառասունհինգ ջորի եւ հինգ հազար հինգ հարիւր քսանհինգ էշ։
44 Նրանց իշխաններն ու տոհմապետները եկան, մտան Աստծու տաճարի տեղը, որ գտնւում է Երուսաղէմում, ուխտ արեցին, որ տաճարը նորից կը կանգնեցնեն իր տեղում, եւ
45 ի նպաստ գործի, իւրաքանչիւրն ըստ իր կարողութեան, տաճարի գանձանակին տալիս էր ոսկի՝ հազար մնաս, արծաթ՝ հինգ հազար մնաս եւ քահանայական հարիւր պատմուճան։
46 Քահանաները, ղեւտացիները եւ ժողովուրդը բնակուեցին Երուսաղէմում եւ մօտիկ վայրերում, իսկ սաղմոսասաց պաշտօնեաները, դռնապաններն եւ բոլոր իսրայէլացիները՝ իրենց գիւղերում եւ ագարակներում։
47 Եօթներորդ ամսին բոլոր իսրայէլացիները իրենց բնակավայրերից վեր կացան եւ միահամուռ հաւաքուեցին Երուսաղէմում, ընդարձակ մի տեղ, արեւելեան կողմի դռան առջեւ։
48 Յոսեդեկի որդի Յեսուն ու նրա եղբայրները, քահանաների ամբողջ բազմութիւնը, Սաղաթիէլի որդի Զորոբաբէլն ու նրա եղբայրները պատրաստեցին Իսրայէլի Տէր Աստծու զոհասեղանը
49 նրա վրայ ողջակէզներ մատուցելու համար ըստ այն կարգի, ինչպէս գրուած է Աստծու մարդու՝ Մովսէսի գրքում։
50 Հրեաները հաւաքուեցին, զատուեցին երկրի հեթանոս այլազգիներից, կանգնեցրին զոհասեղանն իր նախկին տեղում, ու թէեւ հեթանոսներն իրենց թշնամիներն էին, սակայն երկրի բոլոր այլազգիներն էլ օգնում էին իրենց։ Նրանք ժամանակ առ ժամանակ ընծաներ եւ զոհեր էին բերում, իսկ իրենք մատուցում էին Տիրոջ թէ՛ առաւօտեան եւ թէ՛ երեկոյեան ողջակէզները։
51 Նրանք կատարեցին Տաղաւարահարաց տօնն այն կարգով, ինչպէս գրուած էր Մովսէսի օրէնքներում եւ մատուցում էին ամենօրեայ զոհերը՝ ըստ ընդունուած կարգի։
52 Նրանք մատուցում էին նաեւ ըստ ժամանակների սահմանուած ողջակէզները՝ շաբաթ օրերի եւ ամէն ամսամտի ողջակէզները եւ, ըստ կարգի, կատարում էին բոլոր սուրբ տօները։
53 Եւ բոլոր նրանք, որ ուխտ էին արել Աստծուն, եօթներորդ ամսի ամսամտին սկսեցին ողջակէզներ մատուցել Տէր Աստծուն, մինչդեռ Տէր Աստծու տաճարը դեռեւս կառուցուած չէր։
54 Նրանք քարհատներին ու հիւսներին փող ու մթերք տուեցին,
55 սիդոնացիներին եւ տիւրոսացիներին՝ նոյնպէս, որպէսզի նրանք Լիբանանից մայրի շինափայտ բերեն, նաւերով հասցնեն Յոպպէ նաւահանգիստը, ինչպէս ժամանակին նրանց հրամայել եւ կարգադրել էր Պարսկաստանի Կիւրոս թագաւորը։
56 Սաղաթիէլի որդի Զորոբաբէլը, Յոսեդեկի որդի Յեսուն եւ նրանց եղբայրները, քահանաներն ու ղեւտացիները, նաեւ բոլոր նրանք, որ Երուսաղէմ էին վերադարձել գերութիւնից, Երուսաղէմ գալու իրենց երկրորդ տարուայ երկրորդ ամսին սկսեցին կառուցել տաճարը։
57 Նրանք Տէր Աստծու տան հիմքերը գցեցին գերութիւնից Հրէաստան եւ Երուսաղէմ վերադառնալու երկրորդ տարուայ երկրորդ ամսի ամսամտին։
58 Քսան տարեկանից բարձր ղեւտացիներին նրանք յանձնարարեցին Տիրոջը սպասաւորելու գործը, իսկ Յեսուն, նրա որդիներն ու եղբայրները, նրա եղբայր Կադմիէլը, Բաբունի որդի Յեբուհէմի որդիները, Ելիադիայի որդի Յովիդէի որդիները՝ իրենց եղբայրների հետ, եւ բոլոր ղեւտացիները միահամուռ աշխատում էին Տիրոջ տաճարի գործի վրայ, իսկ վարպետները կառուցում էին Տիրոջ տաճարը։
59 Քահանայապետները, երկար զգեստներ հագած, դասաւորուել էին նուագարաններ ու շեփորներ ձեռքերին, իսկ ղեւտացիները՝ Ասափի որդիները ծնծղաներ էին բռնել,
60 սաղմոսներ էին երգում եւ օրհնում Աստծուն՝ ըստ նուագարանների ու երգերի այն կարգի, որ սահմանել էր Իսրայէլի Դաւիթ թագաւորը։
61 Նրանք բարձրաձայն օրհնում եւ գոհութիւն էին մատուցում Տէր Աստծուն, որ նրա բարերարութիւնը եւ փառքը յաւիտենական է ամբողջ Իսրայէլի համար։
62 Եւ ամբողջ ժողովուրդը լիաշունչ շեփորներ էր փչում, բարձրաբարբառ գոչում եւ օրհնում էր Տիրոջը, որ նա կանգնեցնում է իր սուրբ տաճարը։
63 Եկան եւ շինարարութեան վայր մտան ղեւտացի այն քահանայապետները, որոնք, ըստ իրենց հայրերի նահապետութեան, գահերէցներ եւ առաջնորդներ էին եւ որոնք տեսել էին նախկին տաճարը, որը կառուցուած էր սրանից առաջ։
64 Ոմանք բարձրաձայն լալիս էին, ոմանք շեփորներ էին փչում, ոմանք արձակում ուրախութեան կանչեր, եւ այդ ձայները խառնուել էին այնպէս,
65 որ բազմութիւնը, ժողովրդի լացի ձայներից, չէր կարողանում լսել շեփորների ձայնը, թէեւ բազմաթիւ շեփորներ էին փչում, եւ նրանց ձայնը հասնում էր հեռու, հեռաւոր վայրեր։
66 Յուդայի ու Բենիամինի ազգի թշնամիները լսեցին, եկան տեսնելու եւ իմանալու, թէ ինչ էր նշանակում շեփորների այդ ձայնը,
67 եւ իմացան, որ Բաբելոնի գերութիւնից վերադարձած հրեաները կառուցում են Իսրայէլի Տէր Աստծու տաճարը։
68 Նրանք մօտեցան Զորոբաբէլին, Յոսեդեկի որդի Յեսուին եւ այլ իշխանների ու տոհմապետների եւ ասացին նրանց. Թողէ՛ք մենք էլ ձեզ հետ կառուցենք տաճարը,
69 որովհետեւ ինչպէս դուք, այնպէս էլ մենք ենք լսում ձեր Տէր Աստծուն, մենք էլ ենք նրան զոհեր մատուցում այստեղից ձեր գերեվարուելուց յետոյ, այն օրից ի վեր, երբ մեզ Ասորեստանի Սալմանասար թագաւորը գերի վերցրեց, բերեց եւ բնակեցրեց այստեղ։
70 Զորոբաբէլը, Յոսեդեկի որդի Յեսուն եւ Իսրայէլի միւս իշխաններն ու տոհմապետները նրանց ասացին. Մեզ վայել չէ, որ մենք ձեզ հետ կառուցենք մեր Տէր Աստծու տունը,
71 միայն մե՛նք պիտի կառուցենք մեր Աստծու տաճարը, ինչպէս որ հրամայել է մեզ Պարսկաստանի Կիւրոս թագաւորը։
72 Սրանք հէնց այն ազգերն էին, որ միացել էին Յուդայի երկրի թշնամիներին
73 եւ արգելք եղել Կիւրոս թագաւորի ժամանակ տաճարը կառուցելուն, քանի որ նա հրամայել էր տաճարը կառուցել իր կենդանութեան ժամանակ. իսկ նրա մահից յետոյ էլ արգելեցին տասներկու տարի՝ մինչեւ Դարեհ թագաւորի թագաւորութեան երկրորդ տարին։