Ա ԵԶՐԱՍ. Chapter 2

1 Պարսկաստանի թագաւոր Կիւրոսի թագաւորութեան առաջին տարում կատարուեց Տիրոջ այն խօսքը, որ նա ասել էր Երեմիա մարգարէի բերանով։
2 Տէրն արթնացրեց Կիւրոս թագաւորի ոգին, եւ Կիւրոսը հրամայեց իր ամբողջ թագաւորութեան մէջ ազդարարել եւ ասել.
3 Այսպէս ասաց Պարսկաստանի Կիւրոս թագաւորը. ինձ յայտնեց Իսրայէլի Տէր Աստուածը, որ բովանդակ տիեզերքի թագաւորն է եւ բարձրեալ Տէրը,
4 կանխանշանով ցոյց տուեց ինձ, որ ես նրա համար տաճար կառուցեմ Հրէաստանի Երուսաղէմ քաղաքում։
5 Արդ, ով էլ որ լինի, ում մօտ էլ որ մարդ լինի հրեաների ցեղերից, - թող Տէր Աստուածը լինի նրա հետ, - նա կարող է ելնել եւ հրեաների հետ գնալ Երուսաղէմ, որպէսզի կառուցի Իսրայէլի Տէր Աստծու տաճարը։ Սա այն Տէրն է, որ բնակւում է Երուսաղէմում։
6 Եւ բոլոր նրանք, ովքեր կը մնան իրենց բնակավայրում, թող օգնեն նրանց ոսկով ու արծաթով, ձիերով ու այլ անասուններով
7 եւ թող իրենց ունեցուածքից նուէրներ տան Տիրոջ տաճարին, որը գտնւում է Երուսաղէմում։
8 Թող իշխաններ նշանակուեն ըստ ազգերի, ըստ Յուդայի ազգի եւ Բենիամինի ցեղի տոհմապետերի, քահանաների եւ ղեւտացիների ու բոլոր նրանց վրայ, ում ոգին արթնացրեց Տէրը՝ գնալու եւ կառուցելու Տիրոջ տունը Երուսաղէմում ու նրա շուրջը,
9 եւ թող բոլորն օգնեն արծաթով, ոսկով, ձիերով, անասուններով եւ նուիրեն Տիրոջը, ում սիրտն ինչքան կը կամենայ։
10 Եւ Կիւրոսը բերել տուեց Տիրոջ սուրբ սպասքը, որը Նաբուքոդոնոսորը բերել էր Երուսաղէմից եւ դրել էր իրենց կուռքերի տանը պահելու համար։
11 Պարսկաստանի Կիւրոս թագաւորը բերել տուեց այն եւ հրամայեց սպասքը տալ իր գանձապետ Միթրիդատին։
12 Միթրիդատը հաշուեց եւ տուեց Յուդայի հանդերձապետ Սամանասարին։
13 Ահա Տիրոջ սպասքի թիւը. ոսկեղէն սպասք՝ հազար, արծաթէ սպասք՝ նոյնպէս հազար, արծաթէ դանակներ՝ քսանինը, ոսկէ ափսէներ՝ երեսուն, արծաթէ ափսէներ՝ երկու հազար չորս հարիւր քսան, եւ այլ անօթներ՝ հազար։
14 Ոսկէ եւ արծաթէ այդ ամբողջ կայքն ու սպասքը, որ բերեցին, հինգ հազար չորս հարիւր վաթսունինն էր։
15 Այդ ամէնը տուեցին Սամանասարի ձեռքը, եւ նա բոլոր գերիների հետ դրանք վերցրեց եւ Բաբելոնից բերեց Երուսաղէմ։
16 Պարսկաստանի Արտաշէս արքայի թագաւորութեան ժամանակ Հրէաստանի եւ Երուսաղէմի շրջակայ բնակիչները ամբաստանութեան մի նամակ գրեցին նրան։ Այդ թուղթը գրել էին Բաաղսամոսը, Միթրիդատը, Բելլիոսը, Ռաթիմոսը, Բելտէթմոսը եւ գրագիր Սամելիոսը, նրանց հետ նաեւ շատ ուրիշներ, որոնք բնակւում էին ծովեզերքում՝ քանանացիներ, տիւրոսացիներ, ամոնացիներ, մովաբացիներ, սամարացիներ եւ այլ տեղերում ապրող բազմաթիւ ուրիշներ։
17 Նամակը գրուած էր այսպէս. Արտաշէ՛ս թագաւոր, տէ՛ր մեր, քո ծառաները՝ Ռաթիմոսը, որ երկրպագում է քեզ, Սամելիոս գրագիրը, մեր բոլոր խորհրդականները եւ Ասորիքի ու քանանացիների կողմերի դատաւորները ողջունում են քեզ։
18 Արդ, տէ՛ր մեր եւ թագաւո՛ր, թող քեզ յայտնի լինի հրեաների մասին, որ երբ նրանք քեզնից հեռացան եւ եկան մեզ մօտ, գնացին Երուսաղէմ՝ ապստամբող եւ խռովարար մի քաղաք։ Այնտեղ նրանք վերաշինում են նրա հրապարակները, ուզում են ամրացնել նրա պարիսպները, կամենում են կառուցել նրա բարձր տաճարը։
19 Արդ, եթէ նրանք շինեն այս քաղաքը եւ աւարտեն նրա պարիսպը, ապա նրանք ոչ միայն հարկ չեն տայ ոչ մէկին, այլեւ ոտքի կը կանգնեն թագաւորների դէմ,
20 որովհետեւ, պարծենալով, նրանք յոյսը կը դնեն իրենց տաճարի վրայ։
21 Այժմ մեզ թւում է լաւ կը լինի, որ դու նկատի ունենաս այս բաները, տէ՛ր մեր թագաւո՛ր, քննես եւ տեսնես, թէ ինչ են գրել քո հայրերն ու նախնիները,
22 գտնես նրանց յիշատակարանների մատեանը եւ իմանաս, որ այս քաղաքը ապստամբների քաղաք է,
23 որ սրա թագաւորներն ու հրեաներն ապստամբներ են, սրա բնակիչները միշտ սուտ են երդուել, եւ հէնց դրա համար էլ աւերուել ու անապատ է դարձել այս քաղաքը։
24 Արդ, ծանուցում ենք քեզ՝ մեր տիրոջն ու թագաւորիդ, որ եթէ այս քաղաքը վերաշինուի, եւ սրա պարիսպները վերականգնուեն, ապա դու այլեւս իշխանութիւն չես ունենայ սրանց վրայ եւ ոչ էլ ճանապարհ՝ դէպի Ասորիքի ու քանանացիների կողմերը։
25 Այն ժամանակ Արտաշէս թագաւորը գրեց Ռաթիմոսին, Բելտէթմոսին, գրագիր Սամելիոսին եւ բոլոր նրանց, որոնք բնակւում էին Սամարիայի, Ասորիքի ու քանանացիների կողմերում եւ որոնք թուղթ էին գրել իրեն։
26 Կարդացի, - ասում է, - ձեր թուղթը, որ գրեցիք ինձ։ Ես հրամայեցի, որ նայեն յիշատակարանների մատեանները, եւ իմացայ, որ այդ քաղաքը թէ՛ սկզբից իսկ եւ թէ՛ մշտապէս դէմ է կանգնել բոլոր թագաւորներին,
27 որ զօրաւոր պատերազմողներ են եղել, որոնք բնակուել են այդ բոլոր կողմերում եւ դրա մէջ, որ հզօր ու խիստ թագաւորներ են ապրել Երուսաղէմում, որոնք տիրել եւ հարկեր են գանձել Ասորիքի եւ քանանացիների կողմերից։
28 Այժմ, ահա, ես հրամայեցի, որ դուք այդ մարդկանց արգելէք վերաշինել այդ քաղաքը,
29 իսկ դուք յանձն առէք ջանք չխնայել, որպէսզի էլ աւելի չշատանայ դրանց չարութիւնը՝ մեզ ընդդիմանալու եւ մեր թագաւորութեանը նեղութիւն պատճառելու համար։
30 Երբ Արտաշէս թագաւորի թուղթը կարդացին Ռաթիմոսի, գրագիր Սամելիոսի եւ նրանց հետ ուրիշ շատերի համար, սրանք անմիջապէս յարձակուեցին Երուսաղէմի վրայ, ձիերով եւ զօրքով հանդերձ, եւ արգելեցին հրեաներին վերաշինել քաղաքը։
31 Եւ այսպէս խափանուեց Տիրոջ տաճարի շինարարութիւնը Երուսաղէմում՝ մինչեւ Պարսկաստանի Դարեհ արքայի թագաւորութեան երկրորդ տարին։