2 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ. Chapter 3

1 Վերջապէս, եղբայրնե՛ր, աղօթեցէ՛ք մեզ համար, որպէսզի Տիրոջ խօսքը առաջ գնայ եւ փառաւորուի ամէն տեղ, ինչպէս որ ձեզ մօտ է,
2 որպէսզի փրկուենք անօրէններից եւ անզգամ մարդկանցից, քանի որ բոլորը չէ, որ հաւատ ունեն։
3 Բայց հաւատարիմ է Տէրը. նա կը զօրացնի ձեզ ու կը պահի չարից։
4 Վստահ ենք Տիրոջով ձեր վրայ, թէ, ինչ որ պատուիրեցինք ձեզ, ե՛ւ անում էք, ե՛ւ կ՚անէք։
5 Եւ Տէրը թող ուղղի ձեր սրտերը դէպի Աստծու սէրը եւ դէպի Քրիստոսի համբերութիւնը։
6 Եղբայրնե՛ր, պատուիրում եմ ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով, որ դուք հեռու մնաք ամէն մի եղբօրից, որ ծոյլ կեանքով է ապրում եւ ոչ ըստ այն օրինակի, որն ընդունեցիք մեզնից.
7 որովհետեւ ինքներդ գիտէք, թէ որչա՜փ դուք պէտք է նմանուէք մեզ, քանի որ ձեզ մօտ երբեք չծուլացանք
8 եւ ոչ ոքի հացը ձրի չկերանք, այլ ջանքով եւ վաստակով զօր ու գիշեր աշխատում էինք՝ ձեզնից ոչ մէկի վրայ ծանրութիւն չլինելու համար.
9 ոչ թէ նրա համար, որ իշխանութիւն չունէինք, այլ որպէսզի մենք մեզ օրինակ դարձնենք ձեզ, որ մեզ նմանուէք.
10 քանի դեռ ձեզ մօտ էինք, այս բանն էինք պատուիրում ձեզ. թէ՝ ով չի ուզում աշխատել, թող հաց էլ չուտի։
11 Արդ, ձեզնից ոմանց մասին լսում ենք, թէ ծոյլ կեանքով են ապրում, որեւէ գործ չեն անում, այլ ծոյլ-ծոյլ շրջում են՝ դատարկ բաներով հետաքրքրուելով։
12 Այդպիսիներին պատուիրում ենք եւ յորդորում Տէր Յիսուս Քրիստոսով, որ աշխատեն հանդարտութեամբ եւ իրե՛նց հացն ուտեն։
13 Իսկ դուք, եղբայրնե՛ր, մի՛ յոգնէք բարիք անելուց։
14 Իսկ եթէ որեւէ մէկը չհնազանդուի այս թղթի մէջ մեր ասած խօսքին, նկատի՛ ունեցէք նրան եւ մի՛ յարաբերուէք նրա հետ, որպէսզի ամօթով մնայ։
15 Բայց նրան որպէս թշնամի մի՛ համարէք, այլ խրատեցէ՛ք որպէս եղբայր։
16 Եւ խաղաղութեան Տէրն ինքը թող միշտ խաղաղութիւն տայ ձեզ ամէն ինչում։ Տէրը ձեզ բոլորիդ հետ լինի։
17 Այս ողջոյնը իմ՝ Պօղոսիս ձեռքով է, որ, որպէս նշան, կայ իմ բոլոր թղթերում. այսպէս եմ գրում ես։
18 Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը ձեզ բոլորիդ հետ լինի։