1 ՅՈՎՀԱՆՆԷՍ. Chapter 3

1 Տեսէ՛ք ինչպիսի սէր շնորհեց մեզ Հայրը, որպէսզի մենք կոչուենք Աստծու որդիներ. աշխարհը մեզ չի ճանաչում նրա համար, որ նրան էլ չճանաչեց։
2 Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք. եւ դեռ յայտնի էլ չէ, թէ ինչ ենք լինելու։ Գիտենք, որ, երբ նա յայտնուի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպէս, ինչպէս նա կայ։
3 Եւ ամէն ոք, որ այս յոյսն ունի իր մէջ, մաքրում է ինքն իրեն, ինչպէս որ նա՛ է մաքուր։
4 Ամէն ոք, ով մեղք է գործում, նաեւ անօրէնութիւն է անում. եւ մեղքը ինքնին անօրէնութիւն է։
5 Եւ գիտենք, որ նա այն պատճառով յայտնուեց, որպէսզի վերացնի մեղքերը. բայց նրա մէջ մեղք չկայ։
6 Ամէն ոք, ով բնակւում է նրա մէջ, չի մեղանչում. եւ ամէն ոք, ով մեղանչում է, ո՛չ տեսել է նրան եւ ո՛չ էլ ճանաչել։
7 Որդեակնե՛ր, թող ոչ ոք ձեզ չխաբի. ով արդարութիւն է անում, արդար է, ինչպէս որ նա՛ է արդար։
8 Եւ ով մեղք է գործում, այդ՝ Սատանայից է, քանի որ Սատանան մեղանչող է ի սկզբանէ։ Աստծու Որդին հէնց նրա համար յայտնուեց, որ քանդի Սատանայի գործերը։
9 Ամէն ոք, ով Աստծուց է ծնուած, մեղք չի գործում, որովհետեւ Նրա սերմը մնում է նրա մէջ. չի էլ կարող մեղանչել, որովհետեւ Աստծուց է ծնուած։
10 Սրանո՛վ են տարբերւում միմեանցից Աստծու որդիները եւ Սատանայի որդիները։ Ամէն ոք, ով արդարութիւն չի գործում, Աստծուց չէ. նոյնպէս նա՝ ով չի սիրում իր եղբօրը։
11 Քանզի այս է այն պատուիրանը, որ լսեցիք ի սկզբանէ՝ որ սիրե՛նք միմեանց.
12 ոչ ինչպէս Կայէնը, որ չարից էր եւ սպանեց իր եղբօրը։ Եւ ինչո՞ւ սպանեց նրան. որովհետեւ իր գործերը չար էին, իսկ եղբօր գործերը՝ բարի։
13 Եւ մի՛ էլ զարմացէք, եղբայրնե՛ր, որ աշխարհը ատում է ձեզ։
14 Մենք գիտենք, որ մահուանից դէպի կեանք անցանք, քանզի սիրում ենք մեր եղբայրներին։ Իսկ ով չի սիրում եղբօրը, մնում է մահուան մէջ։
15 Ամէն ոք, ով ատում է եղբօրը, մարդասպան է. եւ գիտենք, որ ամէն մարդասպան իր մէջ յաւիտենական կեանք չունի։
16 Սէրը նրանո՛վ ճանաչեցինք, որ Յիսուս իր կեա՛նքը տուեց մեզ համար. մենք էլ պարտաւոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կեանքը։
17 Ով այս աշխարհի բարիքներից ունենայ եւ տեսնի իր եղբօրը մի բանի կարօտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծու սէրը ինչպէ՞ս կարող է բնակուել նրա մէջ։
18 Որդեակնե՛ր, խօսքերով եւ լեզուո՛վ չսիրենք, այլ՝ գործով եւ ճշմարտութեամբ։
19 Եւ հէնց դրանո՛վ ճանաչած կը լինենք, որ ճշմարտութիւնից ենք, եւ Նրա առաջ կանգնելու վստահութիւն կ՚ունենան մեր սրտերը։
20 Եթէ մեր սրտերը դատապարտեն մեզ, մենք գիտենք, թէ Աստուած աւելի մեծ է, քան մեր սրտերը. եւ նա գիտէ ամէն բան։
21 Սիրելինե՛ր, եթէ մեր սրտերը մեզ չդատապարտեն, համարձակութիւն կ՚ունենանք Աստծու առաջ.
22 եւ ինչ էլ որ հայցենք, կը ստանանք նրանից, որովհետեւ պահում ենք նրա պատուիրանները եւ կատարում նրան հաճելի բաները։
23 Եւ նրա պատուիրանը այս է. որ հաւատանք իր Որդու՝ Յիսուս Քրիստոսի անուանը եւ սիրենք միմեանց, ինչպէս որ նա՛ պատուիրեց մեզ։
24 Եւ ով պահում է նրա պատուիրանները, բնակւում է Աստծու մէջ, եւ Աստուած՝ նրա մէջ։ Եւ մեր մէջ Աստծու բնակուելը իմանում ենք Սուրբ Հոգու միջոցով, որը նա տուեց մեզ։