ՍՈՓՈՆԻԱ. Chapter 2

1 Հաւաքուեցէ՛ք եւ քննեցէ՛ք ձեզ, ո՛վ անզգամ ազգեր,
2 քանի դեռ չէք դարձել ինչպէս անցաւոր ծաղիկ, քանի դեռ չի եկել Տիրոջ բարկութեան եւ սրտմտութեան օրը։
3 Փնտռեցէ՛ք Տիրոջը, երկրի բոլո՛ր խոնարհներ, իրաւո՛ւնք արէք, արդարութի՛ւն որոնեցէք եւ պատասխա՛ն տուէք նրանց, որովհետեւ Տիրոջ բարկութեան օրը պիտի թաքնուէք։
4 Գազան յափշտակուած կը լինի, Ասկաղոնը կ՚աւերուի, Ազոտոսը միջօրէին կը կործանուի, եւ Ակկարոնը արմատից կը խլուի։
5 Վա՜յ ձեզ, որ բնակւում էք ծովի եզերքում, Կրետէ կղզու բնակիչնե՛ր։Տիրոջ այս պատգամը քո դէմ է, Քանա՛ն՝ երկիրդ այլազգիների. Ես կը զրկեմ քեզ բնակութիւնից,
6 եւ Կրետէն հօտերի արօտավայր կը դառնայ եւ ոչխարների գոմ։
7 Ծովեզերքը Յուդայի տան մնացորդներինը կը լինի, հօտերը այնտեղ կը ճարակեն, եւ Յուդայի երկրի որդիների սիրոյն նրանք գիշերը կ՚իջեւանեն Ասկաղոնի տներում, քանի որ նրանց այցի է եկել իրենց Տէր Աստուածը, որ վերադարձրեց նրանց գերութիւնից։
8 Լսեցի Մովաբի նախատինքը եւ ամոնացիների թշնամանքը, որով նախատում էին իմ ժողովրդին եւ գոռոզաբանում էին իմ սահմանների վրայ։
9 Դրա համար եմ ես կենդանի, - ասում է Ամենակալ Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, - որ Մովաբը Սոդոմի պէս դառնայ, ամոնացիները՝ Գոմորի պէս, եւ Դամասկոսը՝ լքուած ինչպէս կալի շիւղը եւ ապականուած յաւիտեան։ Իմ ժողովրդի մնացորդները կը յափշտակեն նրանց, եւ իմ ժողովրդի մնացորդները կը ժառանգեն դրանք։
10 Եւ դա կը պատահի նրանց՝ իրենց հպարտութեան փոխարէն, քանի որ նախատեցին եւ վատաբանեցին Ամենակալ Տիրոջը։
11 Տէրը սարսափազդու տեսքով կ՚երեւայ նրանց, կը խորտակի ազգերի բոլոր աստուածներին, եւ ազգերը կ՚երկրպագեն նրան՝ իւրաքանչիւրն իր տեղից՝ ազգերի բոլոր կղզիներից։
12 Դուք էլ՝ եթովպացինե՛ր, իմ սրից էք հարուածուելու։
13 Իմ ձեռքը կ՚երկարեմ հիւսիսի վրայ եւ կը բնաջնջեմ ասորեստանցուն, Նինուէն ապականութեան կ՚ենթարկեմ՝ անապատի պէս անջրդի կը դարձնեմ,
14 կ՚արածեն նրա մէջ հօտերն ու երկրի բոլոր գազանները, գետնառիւծներն ու ոզնիները կ՚ապրեն նրա տներում, գազանները կ՚ոռնան նրա նկուղներում, եւ հաւալուսինները՝ նրա դռների մէջ, քանի որ նրա գոռոզութիւնը մայրի ծառի պէս բարձր է։
15 Այսպէս է լինելու վրիժագործ քաղաքը, որ ապրում էր յոյսով, որ ասում էր իր մտքում. Ես եմ, եւ ոչ ոք չի լինի ինձնից յետոյ։ Ինչո՞ւ գազանների ճարակ դարձաւ այն եւ ապականուեց։ Իւրաքանչիւր ոք, որ պիտի անցնի նրա միջով, պիտի սուլի եւ իր գլուխը շարժի։