ՍՈՓՈՆԻԱ. Chapter 3

1 Ո՛վ երեւելիդ՝ փրկեա՛լ քաղաք, աղաւնի, որ ո՛չ ականջ դրեց Տիրոջ ձայնին եւ ո՛չ խրատն ընդունեց։
2 Յոյսը չդրեց Տիրոջ վրայ եւ Աստծուն չմօտեցաւ։
3 Նրա իշխանները առիւծի պէս պիտի մռնչեն, եւ նրա դատաւորները՝ արաբական գայլերի պէս, որոնք մինչեւ առաւօտ ոչինչ չեն թողնում։
4 Նրա մարգարէները այսահար են, արհամարհող։ Նրա քահանաները պղծում են սրբութիւնները եւ ամբարշտանում օրէնքը խախտելով։
5 Սակայն արդար Տէրը նրա մէջ է եւ անիրաւութիւն չի անի. ամէն առաւօտ կանուխ իմ դատաստանը ի յայտ կը բերի եւ չի թաքցնի,
6 պահանջելիս չի ճանաչում անիրաւութիւն, երբեք անիրաւութիւն չի անի եւ ապականութեամբ կը կործանի ամբարտաւաններին։ Քանդուեցին նրանց աշտարակները։ Կ՚աւերեմ նրանց ճանապարհները, որպէսզի ոչ ոք այլեւս երբեք դրանցով չգնայ։ Կը պակասեն նրանց քաղաքները բնակիչներ չլինելու պատճառով։
7 Ասացի, թէ՝ Վախեցէ՛ք ինձնից, խրա՛տ լսեցէք եւ չէք մեռնի երկրի երեսից ամբողջովին, քանի դեռ կը պատժեմ նրանց։ Պատրաստուի՛ր, առաւօտեան վա՛ղ արթնացիր. ապականուեցին նրա բոլոր արդիւնքները։
8 Դրա համար սպասի՛ր ինձ, - ասում է Տէրը, - այն օրը, երբ ոտքի կանգնեմ վկայելու։ Ազգերի դէմ իմ դատաստանը կը լինի՝ բռնել թագաւորներին, նրանց վրայ թափել իմ բարկութիւնը, իմ ամբողջ բարկութիւնն ու սրտմտութիւնը, քանի որ իմ վրէժխնդրութեան կրակով պիտի մաշուի ամբողջ երկիրը։
9 Այն ժամանակ ժողովուրդներին կը վերադարձնեմ իրենց լեզուն ըստ ազգի, որպէսզի բոլորը Տիրոջ անունը կանչեն, որպէսզի նրանք ծառայեն նրան մէկ լծի տակ։
10 Եթովպացիների գետերից այն կողմ իմ ցրուածներին կ՚ընդունեմ, եւ նրանք զոհ կը մատուցեն ինձ։
11 Այն օրը չես ամաչի քո բոլոր գործերից, որով ամբարշտացար իմ դէմ, որովհետեւ այն ժամանակ քո միջից պիտի հանեմ քո ամբարտաւան չարութիւնը, եւ այլեւս չես շարունակելու գոռոզանալ իմ սուրբ լերան վրայ։
12 Քեզ կը թողնեմ հեզ եւ խոնարհ ժողովուրդ։
13 Իսրայէլի մնացորդները կը վախենան Տիրոջ անունից, անիրաւութիւն չեն անի, սնոտի բաներ չեն խօսի, եւ նրանց բերանում նենգ լեզու չի գտնուի, որովհետեւ նրանք կ՚արածեն եւ կը մակաղեն, եւ ոչ մէկը չի լինի, որ վախեցնի նրանց։
14 Հրճուի՛ր, դո՛ւստր Սիոնի, բարձրաձայն աղաղակի՛ր, Երուսաղէ՛մ, ուրախացի՛ր եւ զուարճացի՛ր քո ամբողջ սրտով, դո՛ւստր Երուսաղէմի,
15 որովհետեւ Տէրը վերացրեց քեզնից քո անիրաւութիւնները, Տէրը քեզ փրկեց քո թշնամիների ձեռքից. Իսրայէլի թագաւորը՝ Տէրը, քո մէջ է, եւ դու այլեւս չարիք չես տեսնի։
16 Այն ժամանակ Տէրը կ՚ասի Երուսաղէմին. Քաջալերուի՛ր, Սիո՛ն, թող չթուլանան քո ձեռքերը։
17 Հզօրը՝ Տէր Աստուած, քո մէջ է եւ կը փրկի քեզ, ուրախութիւն կը բերի քեզ, կը նորոգի քեզ իր սիրով եւ ուրախ կը լինի քո մէջ զուարճութեամբ, ինչպէս տօնի օրը։ Ես կը հաւաքեմ քո ցրուածներին։
18 Վա՜յ ով կը նախատի նրան։
19 Ահա թէ ինչ կ՚անեմ քեզ համար այն ժամանակ. կը փրկեմ ճնշուածին, մերժուածին կ՚ընդունեմ եւ նրանց պանծալի ու հռչակաւոր կը դարձնեմ ամբողջ աշխարհում։
20 Նրանք կ՚ամաչեն ե՛ւ այն ժամանակ, երբ բարիք կ՚անեմ ձեզ, ե՛ւ այն ժամանակ, երբ կ՚ընդունեմ ձեզ, որովհետեւ անուանի եւ պանծալի կը դարձնեմ ձեզ երկրի բոլոր ազգերի մէջ՝ ձեր աչքերի առաջ փոխելով ձեր գերութեան վիճակը, - ասում է Տէրը։