ԶԱՔԱՐԻԱ. Chapter 3

1 Տէրը ցոյց տուեց ինձ Յեսու մեծ քահանային, որ կանգնած էր Տիրոջ Հրեշտակի առաջ. եւ սատանան կանգնած էր նրա աջ կողմում՝ նրան հակառակուելու համար։
2 Տէրն ասաց սատանային. Տէրը կը սաստի քեզ, սատանա՛յ, Տէրը, որ ընտրեց Երուսաղէմը, կը սաստի քեզ. արդեօք նա կրակից փրկուած կիսախանձ մի փայտ չէ՞։
3 Եւ Յեսուն, որ կեղտոտ հագուստներ էր հագել, կանգնած էր Տիրոջ Հրեշտակի առաջ։
4 Հրեշտակը պատասխան տուեց եւ ասաց նրանց, որոնք կանգնած էին նրա առաջ. Հանեցէ՛ք կեղտոտ հագուստները նրա վրայից։
5 Եւ ասաց նրան. Ահա վերացրի քեզնից քո անօրէնութիւնները։ Պարեգօ՛տ հագցրէք նրան եւ սուրբ խո՛յր դրէք նրա գլխին։ Սուրբ խոյր դրեցին նրա գլխին եւ հագուստ հագցրին նրան։
6 Տիրոջ Հրեշտակը կանգնած էր։ Տիրոջ Հրեշտակը վկայութիւն տուեց Յեսուին եւ ասաց.
7 այսպէս ասաց Ամենակալ Տէրը. Եթէ իմ ճանապարհներով գնաս եւ պահես իմ հրամանները, դու կը լինես դատաւորը իմ Տան.եւ եթէ պահես իմ գաւիթները,քեզ կը դարձնեմ մէկը նրանցից, որոնք ահա շրջում են դրանց մէջ։
8 Բայց լսի՛ր, Յեսու մե՛ծ քահանայ, դո՛ւ եւ քո մերձաւորները, որ նստած են քո առաջ, քանզի նրանք գիտակ կանխատես մարդիկ են։
9 Ահա ես բերում եմ իմ ծառային՝ Շառաւիղին, քանի որ այն քարի վրայ, որ դրեցի Յեսուի դիմաց, եօթը աչքեր կան. ահա ես խորխորատ պիտի փորեմ, -- ասում է Ամենակալ Տէրը, - եւ պիտի շօշափեմ այդ երկրի ամբողջ անօրէնութիւնը մէկ օրում։
10 Այն օրը, - ասում է Ամենակալ Տէրը, - բոլորդ պիտի կանչէք, իւրաքանչիւրն իր ընկերոջը, որթատունկի եւ թզենու տակ։